«Հրապարակ». Այս նախագծով դատական համակարգը տոտալ կերպով զրկվելու է անկախությունից

«Հրապարակ». Այս նախագծով դատական համակարգը տոտալ կերպով զրկվելու է անկախությունից

Tue, 24 Nov 2026 10:45:08 +0400


Նոր սահմանադրության նախագծում փոփոխություններ են կատարվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի հետ կապված հարցերում։ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» վերնագրով 20-րդ հոդվածով սահմանված է․ «Ընտրելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների պարագայում՝ նաեւ 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում»։

Մինչդեռ գործող սահմանադրության մեջ գրված է. «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք»։ Գործող սահմանադրության մեջ նաեւ ընտրվելու իրավունքին առնչվող դրույթներ կան` ով կարող է ընտրվել, իսկ նոր նախագծում որոշել են այդ հարցին չանդրադառնալ, որ բոլոր «գրատախտակին գնացածներին» երբ ուզենան, պատգամավոր կարգեն:
Նոր սահմանադրության նախագծում մի նորամուծություն էլ կա` 24-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիությունից զրկելու կարգը․ «Քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ դատարանի որոշմամբ»: Իսկ գործող սահմանադրությամբ նման դրույթ չկա, հակառակը՝ սահմանված է, որ «ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»։

Սահմանադրության նոր նախագծով՝ «Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է», իսկ գործող սահմանադրությամբ. «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։ Այսինքն՝ իր լիազորությունները կրճատելու փոխարեն ընդլայնում է: Նոր սահմանադրության նախագծով սահմանված է դատավորների վեթինգ` վերագնահատում։ 85-րդ հոդվածն ասում է․ «Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում իրականացվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում»։ «Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչեւ օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը»։

Նոր սահմանադրության տեքստի համաձայն` ԲԴԽ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը, դատավորների ընդհանուր ժողովը զրկվում է 3 անդամ ընտրելու իրավունքից:

Սահմանադրության նախագծի մեջ կա՞ որեւէ կետ, որն ընդդիմության շահերից է բխում, ՔՊ-ականները մեզ հետ զրույցներում պնդում էին, որ կան այդպիսի դրույթներ՝ հարցրինք փաստաբան Տաթեւիկ Սողոյանին: «Ընդդիմության համար որեւէ նպաստավոր կետ չկա այդ տեքստում, բացարձակապես չկա: Եթե նույնիսկ լիներ էլ, եթե անգամ ընդդիմությանն ինչ-ինչ գրավիչ առաջարկություններ արվեին, սակայն այդ ամենի հիմքում լիներ ազգային ինքնությունից, Արցախից ու մեր ինքնությունից հրաժարվելը, ապա, միեւնույն է, այդ դրական փոփոխություններն ընդունելի չէին կարող լինել, քանի որ այն իրավաքաղաքական փաստաթուղթ է, եւ քաղաքական կոմպոնենտը գերակա է այս տեքստում, սակայն դա չի նշանակում, որ իրավական կոմպոնենտը պակաս հարվածի տակ է: Ինքնավար մարմիններում ընդդիմությանը որոշակի տեղեր են որոշել այս տեքստով հատկացնել, բայց այն ոչինչ է` զրո, այն ամբողջ բռնապետական սիստեմի հետ, որն առաջարկում է կառուցել Նիկոլ Փաշինյանը: Շատ կարեւոր է, որ ընդդիմությունը պահպանի այն դիրքորոշումը, որ չի ցանկանում առհասարակ դիսկուրս ծավալել այս սահմանադրության մասին: Քաղաքական կոմպոնենտն այնքան էական է, որ ուղղակի կարիք չկա քննարկելու այս թեման: Սահմանադրության նոր տեքստի մեջ ասվում է, որ անկախ մարմին են համարվում ԿԸՀ-ն, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների հանձնակատարը: Ասվում է, որ անկախ մարմիններից մեկն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ: Նշվում է, որ ԿԸՀ-ն, Կենտրոնական բանկն ու Հաշվեքննիչ պալատը կազմված են նախագահից եւ վեց անդամից, եւ ձայներն ընտրվելու են երեք հինգերորդով, որից մեկը լինելու է ընդդիմադիր: Բայց եթե հստակ հաշվարկ ենք կատարում, ապա այդ մեկ ընդդիմադիրի ձայնը ոչինչ չի փոխելու, եթե 7 անդամից հինգը քվեարկում է, ապա այդ մեկի քվեարկությունը բացարձակ որեւէ ազդեցություն չի ունենում: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ասում է, որ ԲԴԽ հինգ անդամին կարող է ընտրել ԱԺ-ն, սակայն սահմանադրության տեքստում գրված է 10 անդամի մասին: Նախորդ մոդելը տարբեր լիազորություններ ունեցող մարմիններին էր առաջարկում մասնակցել այս գործընթացին, նոր մոդելով այն իրականացվելու է բացառապես ԱԺ-ի կողմից: Այսինքն` եթե ՔՊ-ն ունենա մեծամասնություն, ամբողջ դատական համակարգը բացահայտ կերպով կախված է լինելու իշխանությունից: Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ նրանք ունեին մեկ հինգերորդը, խեղկատակություն էր տեղի ունենում անգամ այդ պարագայում: Անվանի մարդկանց հեռացնում էին, եւ նրանց փոխարինում էին չգիտես էլ թե ինչ կադրերով: Այս ամենն աննորմալ է, այն տոտալ կերպով դատական համակարգը զրկելու է անկախությունից: Դատական իշխանությունը պետք է լինի բացարձակ անկախ, առավել եւս` խորհրդարանական մոդելի երկրում, դատական իշխանությունը շատ ավելի կայուն երաշխիքներ պետք է ունենա` անկախ լինելու հարցում: Եթե ոչ մի անկախություն չեն թողնում, եթե ասում են, որ մինչեւ ԱԺ-ն չհաստատի, այդ մարդիկ ԲԴԽ անդամ չեն կարող լինել, եւ նրանք էլ որոշելու են, թե ովքեր են լինելու դատավորները, պարզ է, որ ամբողջատիրական համակարգի մասին է խոսքը: Ես չեմ կարող ընկալել, թե ինչպես կարող են այս ամենը ներկայացնել որպես ավելի ժողովրդավար: Ես որպես ուղենիշ ի մի եմ բերում Նիկոլ Փաշինյանի այն կրքոտ ելույթը, որի ժամանակ նա ասում էր` գործող սահմանադրությունը թալանի սահմանադրություն է, վատ սահմանադրություն է, իսկ, այ, նոր սահմանադրությունը լավն է լինելու: Ո՞ր հատվածում է լինելու ավելի լավը, այ, սա է հարցը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերականգվեց պաշտոնում և մեկ օր անց հարստացավ 34 մլրդ դոլարով

Վերականգվեց պաշտոնում և մեկ օր անց հարստացավ 34 մլրդ դոլարով Tue, 24 Nov 2026 11:00:20…

4 րոպե ago

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը

Եկե՛լ է ժամանակը քաղաքի կառավարումը տապալածների ձեռքից վերցնել էդ գրիչը Tue, 24 Nov 2026 10:45:10…

20 րոպե ago

Հայտնի երգչուհին մտրակի 74 հարված է ստացել առանց հիջաբի ելույթի համար

Հայտնի երգչուհին մտրակի 74 հարված է ստացել առանց հիջաբի ելույթի համար Tue, 24 Nov 2026…

34 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին եւ «չափալա՞խ կերել»

«Հրապարակ»․ ՔՊ-ի թեկնածուի հայրը հայհոյել է շինարարներին եւ «չափալա՞խ կերել» Tue, 24 Nov 2026 10:15:57…

49 րոպե ago

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները

ԱՄՆ-ն կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հարվածները Tue, 24 Nov 2026 10:00:45 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ

«Հրապարակ»․ Քարոզարշավ՝ ճամբարափոխ պատգամավորի եւ «արու» համայնքապետի մասնակցությամբ Tue, 24 Nov 2026 09:45:38 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago