«Հրապարակ». Գերմանիան պետք է առավել զգայուն լիներ ցեղասպանության հարցում

«Հրապարակ». Գերմանիան պետք է առավել զգայուն լիներ ցեղասպանության հարցում

Tue, 24 Nov 2026 11:45:58 +0400


Հարցազրույց Ցեղասպանության զոհերի եւ նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանության միության փոխնախագահ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանի հետ (Գերմանիա)

– Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, չգիտես ինչու, որոշել է խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ կոչ անելով փոխել ՀՀ սահմանադրությունը։ Նրա խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել։ Ինչո՞ւ է Բեռլինը դառնում այս միակողմանի եւ հակահայ խաղի մասնակիցը։

– Ինձ համար Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը բավականին մտահոգիչ է։ Խնդիրն այն չէ, որ Գերմանիան ցանկանում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ դա, անշուշտ, ողջունելի նպատակ է։ Խնդիրն այն է, թե ինչ պայմաններով եւ ում քաղաքական օրակարգի շրջանակներում է Գերմանիան պատկերացնում այդ գործընթացը։ Վադեֆուլը, ըստ էության, կրկնում է Ադրբեջանի նախագահի պահանջը՝ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը ներկայացնելով որպես խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտ նախապայման։ Սա արդեն պարզապես դիվանագիտական մեկնաբանություն չէ։ Երբ նման դիրքորոշում է արտահայտում եվրոպական խոշոր պետության արտգործնախարարը, այն վերածվում է Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման գործիքի։ Տպավորություն է ստեղծվում, որ բախվում են 2 տարբեր շահեր։ Մի կողմից՝ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, մյուս կողմից՝ Գերմանիայի եւ Եվրոպայի տնտեսական ու էներգետիկ շահերը։ Չմոռանանք, որ Ադրբեջանը Եվրոպայի էներգակիրների կարեւոր մատակարարն է, ցավոք, երբեմն տնտեսական շահերը գերակայում են ժողովրդավարական արժեքներին ու քաղաքական սկզբունքներին։ Կա եւս մեկ սկզբունքային հանգամանք․ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել։ Արցախյան հակամարտության անմիջական կողմերն էին Արցախի Հանրապետությունը եւ Ադրբեջանը։ Հայաստանն աջակցում էր Արցախին, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին։ 1994 թ․ մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ 2020 թ․ պատերազմի անմիջական կողմերն էին Արցախը եւ Ադրբեջանը։ Հայաստանն աջակցում էր Արցախին, իսկ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում էր լայնածավալ ռազմաքաղաքական աջակցություն։ Հետեւաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր քննարկվող խաղաղության պայմանագիրը չի կարելի ներկայացնել որպես Արցախյան պատերազմի ավարտի փաստաթուղթ կամ Հայաստանի կողմից պատերազմի համար պատասխանատվություն ստանձնելու ձեւ։ Եթե խոսքը 2 ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին է, ապա դա բոլորովին այլ գործընթաց է, որը պետք է հիմնված լինի փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման վրա։ Ավելին՝ եթե երրորդ պետության աջակցությունը հակամարտության կողմերից մեկին հիմք է դառնում նրա հետ առանձին խաղաղության պայմանագիր կնքելու համար, ապա նույն տրամաբանությամբ կարելի է հարց բարձրացնել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նման պայմանագրի անհրաժեշտության մասին։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Գերմանիան Հայաստանից պահանջում բավարարել Ադրբեջանի քաղաքական հավակնությունները, այլ ոչ թե Ադրբեջանից՝ հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի ժողովրդի եւ ՀՀ ինքնիշխանության հարցն է։ Ո՛չ Բեռլինը, ո՛չ Բաքուն եւ ո՛չ էլ որեւէ այլ մայրաքաղաք իրավունք չունեն թելադրելու Հայաստանի ժողովրդին, թե ինչ սահմանադրություն պետք է ունենա մեր պետությունը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի պետության ինքնիշխան որոշումների իրավունքը սահմանափակելու եւ մյուս պետության պահանջները բավարարելու հաշվին։

– Դիվանագիտական էթիկայի խախտումից զատ, մարդկայնորեն եւս տարակուսելի է եվրոպական երկրի ներկայացուցչից նման խոսքեր լսելը։ Անհերքելի փաստ է՝ Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ, ցեղասպան քաղաքականություն է վարում, բռնի տեղահանեց ԼՂ հայերին, օկուպացված պահում ՀՀ որոշ տարածքներ։

– Ամենացավալին ոչ միայն դիվանագիտական էթիկայի խնդիրն է, այլեւ՝ եվրոպական արժեքների նկատմամբ վերաբերմունքը։ Գերմանիան այն երկիրն է, որն իր պատմական փորձի արդյունքում պետք է առանձնահատուկ զգայունություն ունենա ցեղասպանությունների, ազգային փոքրամասնությունների իրավունքների, բռնի տեղահանությունների եւ պատմական արդարության հարցերի նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը նման հայտարարություններ անել՝ առանց համարժեք անդրադառնալու Ադրբեջանի գործողություններին։ Ո՞վ է իրականում տարածքային պահանջներ ներկայացնում։ Ադրբեջանից պետական մակարդակով հնչել են Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնություններ պարունակող հայտարարություններ։ Շրջանառվում է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի միջոցով Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական պատմական տարածք։ Ո՞վ է բռնի ուժով հայաթափել Արցախը, 2023 թ․ ցեղասպանություն իրականացրել։ Ավելի քան 120 հազար արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Դա ոչ միայն հումանիտար աղետ էր, այլեւ հայկական բազմադարյա ներկայության վերացման հանգեցրած ողբերգություն։ Ավելին՝ Հայաստանի տարածքի որոշ հատվածներ շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Այս պայմաններում, երբ խոսվում է խաղաղության մասին, արդարացի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հիմնական շեշտը դրվում Հայաստանի սահմանադրության փոփոխության վրա, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի պահպանման, ՀՀ օկուպացված տարածքների ազատման, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի եւ նրանց անվտանգության երաշխիքների վրա։ Համոզված եմ՝ խաղաղությունը չի կարող նշանակել միայն այն, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջները։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ պարտավորությունների, իրավահավասարության եւ արդարության վրա։ Եվրոպական արժեքները չեն կարող ընտրովի լինել։ Դրանք պետք է գործեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի եւ ցանկացած այլ երկրի նկատմամբ։

– Գերմանիայի հայ համայնքն ինչպե՞ս է արձագանքել Վադեֆուլի հայտարարությանը։ Որեւէ հայտարարություն կամ ակցիա ծրագրո՞ւմ են անել մեր հայրենակիցներ։

– Գերմանիայի հայ համայնքը բավականին ակտիվ է հասարակական, քաղաքական կյանքում։ Վերջին տարիներին մենք բազմիցս բարձրաձայնել ենք Արցախի հայաթափման, Հայաստանի ինքնիշխանության, հայ ռազմագերիների, քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դրա հետեւանքների վերացման հարցերը։ Կարծում եմ՝ Վադեֆուլի հայտարարությունը պետք է դառնա ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլեւ Գերմանիայի ողջ հայկական համայնքի քննարկման առարկան։ Մեր խնդիրն է՝ Գերմանիայի քաղաքական շրջանակներին հստակ բացատրել, որ Հայաստանի նկատմամբ ճնշումները խաղաղության հաստատման ճանապարհ չեն։ Հակառակը՝ կարող են խորացնել անվստահությունը եւ խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Ես կարեւոր եմ համարում մի քանի ուղղությամբ աշխատանքը։ Առաջին․ հայկական հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ պետք է դիմեն Գերմանիայի կառավարությանը, արտգործնախարարությանը եւ Բունդեսթագի պատգամավորներին։ Երկրորդ․ կազմակերպեն հանդիպումներ գերմանացի քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների հետ՝ ներկայացնելով Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ փաստեր եւ մեր մտահոգությունները Գերմանիայի միակողմանի քաղաքական դիրքորոշման վերաբերյալ։ Երրորդ․ անհրաժեշտության դեպքում կազմակերպել խաղաղ հանրային ակցիաներ Բեռլինում՝ պահանջելով, որ Գերմանիան հարգի Հայաստանի ինքնիշխանությունը եւ չաջակցի Ադրբեջանի միակողմանի պահանջներին։ Նաեւ անհրաժեշտ է համագործակցել գերմանական իրավապաշտպան, գիտական եւ հասարակական շրջանակների հետ։ Սա միայն հայկական հարց չէ՝ սա միջազգային իրավունքի, ժողովրդավարության եւ եվրոպական քաղաքական պատասխանատվության հարց է։ Ընդգծեմ նաեւ. մենք՝ Գերմանիայում ապրող հայերս, այս երկրի բարեկամներն ենք, գնահատում ենք գերմանական ժողովրդավարությունը, իրավական պետությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության ավանդույթները, ուստի իրավունք ունենք ակնկալելու, որ Գերմանիան նույն սկզբունքներով առաջնորդվի նաեւ Հայաստանի նկատմամբ։ Մենք չենք պահանջում, որ Գերմանիան ընտրություն կատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պահանջում ենք, որ Գերմանիան ընտրություն կատարի միջազգային իրավունքի եւ ուժի իրավունքի միջեւ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով Tue, 24 Nov 2026 12:30:03 +0400 ԱՄՆ-ն ընդլայնել…

10 րոպե ago

«Հրապարակ». Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նկարիչն իր միությունից

«Հրապարակ». Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ նկարիչն իր միությունից Tue, 24 Nov 2026 12:15:47 +0400…

24 րոպե ago

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան Tue, 24 Nov 2026 12:00:32 +0400 Գեղարքունիքի մարզում…

40 րոպե ago

Պատրաստվեք մեծ պատերազմի․ ՆԱՏՕ-ն խուճա՞պ է տարածում

Պատրաստվեք մեծ պատերազմի․ ՆԱՏՕ-ն խուճա՞պ է տարածում Tue, 24 Nov 2026 12:00:31 +0400 ՆԱՏՕ-ի գլխավոր…

40 րոպե ago

Աննա Հակոբյանն է նախագծի հեղինակը, հանեք շրջանառությունից, ակտուալությունը կորցրել է

Աննա Հակոբյանն է նախագծի հեղինակը, հանեք շրջանառությունից, ակտուալությունը կորցրել է Tue, 24 Nov 2026 11:47:38…

53 րոպե ago

Վատ եմ վերաբերվում բռնությանը` ում կողմից ուզում է լինի. Բաթոյանը` Փաշինյանի խոսույթի մասին

Վատ եմ վերաբերվում բռնությանը` ում կողմից ուզում է լինի. Բաթոյանը` Փաշինյանի խոսույթի մասին Tue, 24…

57 րոպե ago