«Հրապարակ». Մի տեղ խոնարհվում ենք մեզ պաշտոն ու փող բաշխողի առջեւ, մի տեղ մոմ վառում, որ ներվի գողոնը
Wed, 25 Nov 2026 12:45:11 +0400
Հարցազրույց արձակագիր, թարգմանիչ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ
– Ձեր նոր վեպն է պատրաստվում տպագրության: Ի՞նչ թեմա է շոշափում եւ ինչո՞ւ գրվեց: Մի քիչ բացենք «խոհանոցը», մինչեւ «ուտեստը» կմատուցվի ընթերցողին:
– Այս վեպը վերջին 15 տարիներին իմ գրած վեցերորդ վեպն է, որը միանգամայն տարբեր է իմ բոլոր նախորդ վեպերից թե՛ թեմայի, սյուժեի, ասելիքի, թե՛ կառուցվածքի, լեզվի, ոճի, խոսքի, պատկերի, պատմողության եւ նկարագրության, կերպարաստեղծման միջոցների ընտրության տեսանկյունից։ Մի խոսքով` «Լարախաղաց» վեպը սոցիալ-քաղաքական սատիրա է, որի թիրախում իմ «ես»-ն է ու մեր «մենքը», որտեղ մեկտեղվում է իմ ու երկրի սրտի տրոփյունը, որտեղ վիրահատողի նշտարը գործածել եմ արհեստավարժի հոգածությամբ, հարազատի խնամքով եւ փտախտի պալարներն արմատախիլ անելու վճռական մտադրությամբ, որտեղ ինքնահեգնանքը տարածվում է մեզ` բոլորիս վրա, որտեղ ամեն մարդ լարախաղաց է, իսկ սրտացավ երգիծանքը մեզ մեզնից փրկելու այն փրփուրն է, որին ձեռքս մեկնել եմ խեղդվողի բնազդով, համարձակությամբ եւ հավատով։ Մնացյալը եւ գլխավորը` գրքում։
– Ձեր նախորդ` «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը պատմություն է, որի առանցքում Արցախն է: Պատերազմից, կորստից հետո եք գրել: Այդտեղ ո՞րն է մեղրը, եւ ո՞րն է լեղին:
– Այդ վեպը մի գերդաստանի չորս սերնդի պատմությունն է. իմ տատի ու պապի, իմ ծնողների, իմ եւ զավակներիս սերնդի պատմությունն է, որը բավ էր` մեր աշխարհի մեղրն ու լեղին ցուցանելու համար։ Ժամանակներ, որոնք լի էին պատերազմի, սովի, ավերածությունների, ողբերգությունների հետեւանք ցավով, վշտով, կորստով, որ լեղի ու դառնահամ է դարձնում մեր հանապազօր հացը, ինչպես նաեւ՝ սիրո խելահեղության, նվիրումի, զոհաբերության ու երջանկության ակնթարթների քաղցրահամով լեցուն ժամանակներ, որ մեղրահացի նման գայթակղում ու կանչում է մեղուներին` աշխարհը կանգուն պահելու մշտահոլով ջանքով։ Իսկ Արցախը, մեր վերջին, հուսով եմ` իրապես վերջին տանուլ տված պատերազմն ու կորստի կսկիծը չէին կարող այդ մեծ կտավի մի հանգույցը, մեր մեծ նախշազարդի բոլոր հանգույցները հանգուցող ամրակապը չլինել ու եղան։ Գրելիս ես տկարացա մարմնով, բայց հոգիս դեռ դիմանում էր, ու հիմա հետադարձ հայացք նետելով այդ օրերին՝ արցունքս ներս հրելով եմ ասում, որ զորեցի ավարտին հասցնել մի գործ, որն ինձ փաստացիորեն ապացուցեց. գրի արվեստն ունի հոգեթերապիայի ազդեցություն, այլապես խելագարվելն անխուսափելի է։
– Կարեւո՞ր են ազգային խորհրդանիշները, պատմականությունը, անցյալի ողբերգությունների հիշատակումը գրողի համար, ուղիղ ասած` Արարատը, պատմական հայրենիքը, ցեղասպանությո՞ւնը, թե՞ առանց այդ հիշողության էլ կարելի է գրող եւ մարդ մնալ:
– Իմ կարծիքով` ոչինչ հարկավոր չէ ձեւականորեն ֆետիշացնել, հարկավոր է իրապես, գործով սիրել հայրենիքը, լինել օրինապահ քաղաքացի, ծառայել երկրի շահերին եւ ոչ թե երկիրը հարմարեցնել սեփական շահերին, ազգային պատմությունն ու մշակույթը ցուցքի համար չեն, որ մանրադրամ դարձնես ու ամբիոններից վեհ ճառեր ասես, իսկ երբ հնար լինի, երկիրն ու պետությունը այսուայնի տակ պառկեցնես, որ անձնական խրախճանքդ երկարի, իսկ ոմանց համար` գուցե նույնիսկ հարատեւի։ Զոհի կեցվածքն ինձ համար ոչ միայն ատելի է, այլեւ` այպանելի, դրա համար էլ գրականության մեջ իմ որոնածը ոչ թե Հայոց ցեղասպանության լալահառաչ եւ սրտաճմլիկ տեսարանների վերարտադրությունն է, այլ Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպի սահմռկեցուցիչ վավերագրումը` սեւ հումորի բարձր չափաբաժնով, որ աշխարհին ձայն է տալիս Արշիլ Գորկի հանճարի ողբերգությունը նախատիպ դարձրած Ռաբո Կարաբեկյանի ինքնակենսագրությամբ` էքսպրեսիոնիստ նկարչական դպրոցի համաշխարհային հնչեղությամբ կարեւորվող պատմության գեղարվեստական բարձրարժեք հորինվածքով։ Հարկ չկա նոր հեծանիվ հորինել, քանի որ ասված է՝ դեռ անցյալ դարի սկզբին ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանան մեզ լուսավորել է. «Նրանք, ովքեր չեն կարող հիշել անցյալը, դատապարտված են կրկնելու այն»։
Իսկ Արարատի անհասանելի հեռու, օտարի հողում վեր խոյացող, թող որ վեհաշուք տեսքը` համատարած աղքատության ու ընչազրկության մեր օրերում, Երեւանի սրտում կես միլիոն դոլար արժողությամբ բնակարանի վաճառքը գովազդող հոլովակում շահարկելու մարմաջը ոչ միայն անբարո է հարյուր հազարավոր անտուն արցախցիների ներկայությամբ, այլեւ, մեղմ ասած, ազգային ու մարդկային արժանապատվության ոտնահարում է, մինչդեռ մեծամասնության համար հենց այդ տեսարանով տունը նախընտրած գնորդն ամենահայրենասեր հայն է։ Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր։
– Մեր այս խառնիխուռն իրականության մեջ գրողն ի՞նչ կարող է գրել եւ ինչպե՞ս գրի, կա՞ կենսական, էքզիստենցիալ թեմա: Գրակա՞ն ժամանակներ են, թե՞ մուսաները ճապաղված են:
– Իմ ապրած կյանքի բոլոր ժամանակներն էլ կարելի է խառնիխուռն բնորոշել, քանի որ, երբ ծնվեցի, հենց այդ տարվա մեջ ծնվեց Հրանտ Մաթեւոսյանի «Ահնիձոր» ակնարկը, որն իր ապրած ու ճանաչած իրականության գոյաբանական խնդրի` մարդու, հատկապես գյուղի մարդու դառնաղի կյանքի իսկությունը որպես ահազանգ է հնչեցրել ու դատափետվել։ Երեք տասնամյակ անց, երբ իմ սերունդը հազիվհազ իր անելիքն ու տեղն էր որոշում գրական կյանքում, խորհրդային կայսրության եւ 88-ի ավերիչ երկրաշարժի փլատակների տակ մնացին մեր փայած-փայփայած երազանքներն ու նպատակները։ Լեւոն Խեչոյանին վիճակված էր Արցախի անկախության համար մղվող պատերազմի մասնակիցն ու ականատեսը դառնալ, ու գրվելու էր «Հողի դողը», երբ «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպից պոկված էջերն օրագրեցին զինվոր գրողի ապրած «խառնիխուռն» ժամանակը։ Կանցնի եւս երեք տասնամյակ, ու 2021-ին մեռնել հառնելով` մեղավորս կգրի «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը, եւ սա ոչ թե ասում եմ մեծամտանալով, այլ՝ որովհետեւ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո գրված այդ վեպից մինչեւ արցախյան երկրորդ պատերազմից հետո գրված իմ վեպը շուրջ 3 տասնամյակ տեւած «խառնիխուռն» ժամանակներ էին, եւ ցավալիորեն շրջանը բոլորվեց։ Եվ, ուրեմն, գրելու ժամանակը մշտակա է, այլ բան է, որ գրականության ընթերցման, գնահատման ու կարեւորման ժամանակն է ուշ-ուշ գալիս։
– Մեր հասարակությանը պե՞տք են մշակույթ, արվեստ, գրական ստեղծագործություն: Սպառող հասարակարգում հոգեւոր արժեքներ մատուցողը նման չէ՞ «անապատում կանչողի ձայնին»:
– Իմ կարծիքով` բարձր արվեստն ու բարձր գրականությունը միշտ էլ հատուկենտների ստեղծածն են եւ հատուկենտների վայելածն ու գնահատածը։ Մնացյալը «ֆաստֆուդ» է, կամ, ինչպես Վոնեգուտն է հեգնանքով բնորոշում, «կարող ենք ուղարկել` պիցցա բերեն». առաջարկվածը պիցցա է, խփշտոցով վայելածը` նույնպես։ Իմ հույսը հատուկենտ խիզախողներն են, որ ժամանակ առ ժամանակ կարող են գրգռել ամբոխի ախորժակը, եթե ճիշտ ժամին հայտնվեն ճիշտ տեղում։ Իսկ մերօրյա հայ հասարակությունը, եթե մի պահ երեւակայենք, որ բոլոր պարերը պարել ենք, մնում է ընթերցանության բոլորապտույտի մասնակիցը լինենք, մենք մի տեղ ծափ ենք զարկում, խոնարհվում ու հնազանդ երկտակվում մեզ շնորհ անողի, պաշտոն, փող ու դիրք բաշխողի առջեւ, մի թաքուն տեղ մոմ ենք վառում, աղոթում ենք հավատով, որ մեզ, հենց ինձ ու քեզ ներվելու են գողոնը, սուտ վկայությունն ու ուրացումը։ Չեն ներվում։
– Գրքով «աշխարհը փոխելու» ժամանակներն անցե՞լ են, թե՞ այսօր էլ գիրքը կարող է հայացք ձեւավորել, ներաշխարհ կերտել, ինչպես «Վարդանանքը», «Անլռելի զանգակատունը» կամ «Մենք ենք, մեր սարերը»` իրենց ժամանակի մեջ: Այսօր ունե՞նք այդպիսի գրքեր:
– Որ անկեղծ լինեմ` ես միշտ հավատացել եմ, որ բառը, խոսքը, միտքն ու գիրքը կարո՛ղ են փոխել աշխարհը, եւ փոխել են։ Այլապես ինչո՞վ բացատրել հազարավոր այրվող գրքերի՝ երկինք հասնող ճարճատյունի ձայնը, արգելված գրքերի տպավորիչ ցանկը, եւ, ի վերջո, եթե խոսքն այդքան կարեւոր չլիներ, ինչո՞ւ են մարդուն մեկուսացնում հասարակությունից, անգամ մահվան դատապարտում` սոսկ հնչեցրած կարծիքի, քննադատական մտքի կամ գրած տողի ու գրքի համար։ Մեզանում այսօր, բարեբախտաբար, արգելված գիրք ու գրող չկան, բայց դա նրանից չէ, որ ժամանակակից հայ գրականության տպագրության եւ վաճառքի ասպարեզում գրաքննություն չկա, այլ նրանից է, որ արգելված, տաբու թեմաներ շոշափող, արգելված մտքեր, գաղափարներ արծարծող, արգելված լեզու եւ խոսք գործածող գրողներ չկան, գոնե այնպիսիք չկան, որոնց համար արդարության ձայնն ավելի կարեւոր է, քան այս ու այն մրցանակը, մեդալն ու պարգեւը, էլ չասեմ` պաշտոնն ու չաղ, ուրախ, բախտավոր կյանքը։ Կեցցե՜ Առաջնորդը։
– Դուք նաեւ թարգմանիչ եք, լավատեղյակ եք հատկապես անգլալեզու գրականությանը` բնագրով: Այսօր մեր ստեղծածը մրցունա՞կ է, կարո՞ղ ենք համաշխարհային գրական համայնքի մեջ մեր տեղն ու դերն ունենալ:
– Կարող ենք, եթե հաշվի առնենք ասպարեզը չլքած, դժվար, բայց արժանավոր ճանապարհ անցած այն հատուկենտ տաղանդավոր գրողներին, ինչպես նաեւ այդ ճանապարհը հաղթահարող հատուկենտ նորերին, որոնք դեռ հավատում են, որ աշխարհին հետաքրքրում են մեր` հայերիս հայացքը, խոսքն ու միտքն այնպես, ինչպես հետաքրքրում են Հայաստանի կռիվն ու խաղաղությունը, այս ու այն քաղաքական ճամբարին պատկանելությունն ու դիմակայելու կամքը։ Չենք կարող, քանի որ գրական սայլին լծվածներն այսօր, չնչին բացառությամբ, միջակությունների գովքն անող սազանդարներ են ու թայֆայապաշտ սեղանակիցներ։ Իսկ գրականությունը Լեւոն Խեչոյան մենակին տեր կանգնելիս է գնահատվում միայն։
– Դուք դասավանդում եք Բրյուսովի անվան համալսարանում: Հակասական կարծիքներ են հնչում երիտասարդների կրթական մակարդակի, գիտելիքների եւ նախասիրությունների վերաբերյալ: Ինչպե՞ս կբնութագրեք մեր երիտասարդությանը:
– Երիտասարդությունն էլ իր երկրի նման է։ Շատերից եմ լսում. «Էսօր ժամանակավրեպ է գիտելիքահեն կրթությունը։ Էս` գիտելիք, էս` կրթություն, բա եթե փող աշխատելու, պաշտոն ստանձնելու համար ո՛չ գիտելիք է հարկավոր, ո՛չ էլ կրթություն, ինչի՞ս է պետք էդ գրոշի արժեք ունեցող ճոխությունը, ավելի լավ չէ՞ կուսակցական դառնամ, նախընտրելի է` իշխող կուսակցությանն անդամագրվեմ, մի յուղոտ պատառ կպոկեմ ու ականջս դինջ, ինձ համար մի անկյուն քաշված` կյանքս կվայելեմ, ամեն եկող իշխանություն էլ գլխիս վրա տեղ ունի։ Հայրենիքն ի՞նչ եմ անում։ Հրե՜ ն, 10 միլիոն հայեր լա՜վ էլ ապրում են ամերիկաներում ու եվրոպաներում, ես ինչո՞վ եմ պակաս նրանցից, որ անշառ գլուխս դնեմ շառի տակ ու երկիր պահեմ»։ Բայց, իհարկե, երիտասարդների փնտրված տեսակ կա, որ ոչ միայն գիտելիքն ու կրթությունն է կարեւորում, այլեւ երկիրն ու հայրենիքը հենց իր գոյությամբ եւ կարողություններով շենացնելու, պահպանելու, պաշտպանելու կամք ու պատրաստակամություն ունի։ Իմ հույսը մեր երկրի այսօրն ու վաղը կերտող այդ երիտասարդներն են, թող որ դեռ փոքրաթիվ, բայց արդեն վճռորոշ ձայնով։ Ոչ մի լավ բան բազմաքանակ չի լինում։ Որակը հուսադրող է։