Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է․․․
Wed, 25 Nov 2026 13:45:49 +0400
Պարզվում է՝ Զելենսկուն ոչ պատերազմն է նյարդայնացնում, ոչ էլ զոհերի թիվը, իսկ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններին էլ առանձնապես ընդառաջ գնալու ցանկություն չունի։ Այս առումով նա շատ նման է Նիկոլ Փաշինյանին, որը չկանգնեցրեց 44-օրյա պատերազմը։
Նույնիսկ այն առաջարկները, որոնք կարող են ինչ-որ կերպ նպաստել իր երկրի համար կարևոր հարցերի լուծմանը, Զելենսկին ոչ թե փորձում է գնահատել, այլ հեգնում է։
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անձամբ Զելենսկու հետ թռչել Մոսկվա։ Ընդ որում՝ միայն երկուսով, և ինքը երաշխավորում է Ուկրաինայի նախագահի անվտանգությունը։
Սա Լուկաշենկոյի առաջարկն է, ոչ թե Պուտինի։ Բայց Զելենսկին, փոխանակ մտածելու՝ արդյոք այս առաջարկը կարող է օգտակար լինել իր երկրի համար, նեղացել է ու հեգնել. «Նա առաջարկում է ինձ վերցնել ինքնաթիռ։ Ես նրա համար ի՞նչ եմ՝ ճամպրո՞ւկ եմ, թե՞ ինչ»։
Եթե նեղանալու բան կար, Զելենսկին պիտի նեղանար Լուկաշենկոյից, եթե հեգնելու բան կար՝ պիտի հեգներ հենց նրան։ Այնինչ նա հեգնանքի թիրախ է դարձրել նաև Պուտինին՝ առաջարկելով, որ Լուկաշենկոն նույն կերպ նրան վերցնի ու բերի Կիև։
Տեսեք՝ ինչ մակարդակի քաղաքական մտածողություն է։ Երկրի նախագահին առաջարկում են հնարավոր հանդիպման ճանապարհ հարթել, իսկ նա կառչում է բառերից՝ իրեն ճամպրուկ համարեցի՞ն, թե՞ ոչ։ Կարծես պետության ճակատագիրը կախված է նրանից, թե իրեն ինչ կարգավիճակով են Մոսկվա հասցնելու։
Զելենսկին իր անձնական արժանապատվությունն ու հարմարավետությունը չէ, որ պիտի պաշտպանի, այլ իր երկրի շահերը։ Հայաստանում նույնպես նման մի ղեկավար ունենք, որն իր անձնական քաղաքական հարմարավետությունը հաճախ վեր է դասում պետական շահից։
Եթե Լուկաշենկոյի առաջարկը որևէ հնարավորություն է ստեղծում բանակցությունների, պատերազմի դադարեցման կամ խնդիրների քննարկման համար, ապա ինչո՞ւ չօգտվել դրանից։ Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը պատրաստակամություն է հայտնել քեզ ինքնաթիռով ուղեկցե՞լ։
Ռուսաստանյան լրատվամիջոցներն ու մեկնաբաններն էլ Զելենսկու պատասխանը բնութագրել են որպես «մանկական և հիստերիկ արձագանք»։ Եվ դժվար է չնկատել, որ այստեղ քաղաքական սառնասրտությունից ավելի շատ անձնական նեղացկոտություն կա։
Իհարկե, կարելի էր մերժել, կարելի էր այլ առաջարկ անել, կարելի էր քաղաքական պայմաններ դնել։ Բայց երբ խոսքը քո երկրի շահերի մասին է, պարտավոր ես սառնասրտորեն գնահատել՝ ինչ կարող է տալ այդ առաջարկը։
Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է։