«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի

«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի

Thu, 26 Nov 2026 10:15:52 +0400


Իրենց խոսքից ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու տարբեր ՔՊ-ական պաշտոնյաներ են հետ կանգնում, այլ նաեւ հասարակական գործիչները, որոնք սպասարկում են իշխանությունների շահերը։

Մենք «Հրապարակի» արխիվում գտանք մի հարցազրույց, որն իրավապաշտպան, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը տվել է մեր թերթին 2022 թվականի հունվարի 29-ին, որտեղ, խոսելով նոր սահմանադրության մասին, նա հավաստիացրել է․ «Համարյա բոլոր գլուխներում պետք է փոփոխություն իրականացնել, օրինակ՝ գործադիր իշխանության բոլոր ճյուղերի պատասխանատուները խորհրդարանին պետք է հաշվետու լինեն, դատաիրավական պրոցեսի հետ կապված լուրջ անելիքներ կան՝ քննչական, դատախազական մարմինների հետ կապված, օրինակ՝ ՀԿ-ներից կա առաջարկ, որ ՀՀ զինված ուժերի՝ ՀՀ սահմաններից դուրս կիրառման կարգավորումները պետք է հասկանալ, Հայաստանը, թերեւս, այն եզակի պետություններից է, որ խորհրդարանի թույլտվությունը պետք չէ՝ ԶՈւ-ն այլ երկրներում կիրառելու համար, դա նորմալ չէ: Մեր ՀԿ-ն դեռեւս 20 թ․-ից քննարկում է դա՝ ինչպես անել, որ անվտանգային խնդիր չբացվի: Շատ խնդիրներ կան՝ հանրաքվեների մեխանիզմ, անկախ մարմինների տարանջատման եւ այլն»: Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին արված հղումին, Իոաննիսյանն ասել է․ «Հռչակագիրը մնալու է անփոփոխ, սահմանադրության պրեամբուլայի մեջ հղում է արվում հենց այդ հռչակագրին»:

Այսօր Իոաննիսյանի դիրքորոշումը լրիվ այլ է, եւ օբյեկտիվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այժմ պնդում ճիշտ հակառակը։

– 2022 թվականին մեզ հետ զրույցում խոսել էիք այն մասին, որ Անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունից չի հանվելու։ Պնդել էիք, որ համարյա բոլոր գլուխներում պետք է փոփոխություն իրականացնել, օրինակ՝ գործադիր իշխանության բոլոր ճյուղերի պատասխանատուները խորհրդարանին պետք է հաշվետու լինեն եւ այլն։ Ի՞նչ է փոխվել այժմ։

– Հռչակագրի մասով ես համարում եմ, որ այդ հարցն այնքան էլ կարեւոր հարց չէ, որ դրա փոխվել-չփոխվելը քննարկենք։ Ես այն համարում եմ ոչ առաջնային կարեւորության հարց։ Դրա շուրջ քաղաքական հեռանկարները, ավելի կոնկրետ՝ խաղաղության հեռանկարը հիմա այլ է, 2022 թվականին լրիվ այլ էր։ Այն ժամանակ չկար խաղաղության հեռանկար, եւ իմ ընկալման փոփոխությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է քննչական, դատախազական մարմինների փոփոխությանը, ապա այս ոլորտներում ահագին բաներ փոխվելու են, Ազգային ժողովին հաշվետու լինելու մասով ահագին բան փոխվում է, ասեմ ավելին՝ ԱԺ-ն վերահսկելու է նախարարների նշանակումն ու պաշտոնանկությունների հարցը, այսինքն՝ կարող են նախարար պաշտոնանկ անել։

– Ի՞նչ ասել է՝ 2022-ի հեռանկարում չկար խաղաղության հարցը։ Փաշինյանը հենց պատերազմից անմիջապես հետո է հայտարարել այդ մասին։ Ի դեպ՝ ճի՞շտ եմ հասկանում, Դուք էլ Նիկոլ Փաշինյանի պես կարծում եք, որ Անկախության հռչակագիրը խանգարում է խաղաղության գործընթացին, եւ Բաքվի բռնապետը պետք է որոշի՝ մեր երկրում ինչ սահմանադրություն գործի։

– 2022 թվականին խաղաղության մեծ հույս եւ հեռանկար չկային։ Իսկ հիմա կա։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ես առանձնապես մեծ կարեւորություն չեմ տալիս Անկախության հռչակագրին եւ սահմանադրության նախաբանին։ Եթե այդ հիշատակումը դուրս գալով պետք է խաղաղություն հաստատվի, անգամ եթե կա դրա 0,001 տոկոս հավանականություն, որ կարող է հաստատվել խաղաղություն, ապա հանենք այդ հռչակագիրը։ Ի՞նչ է տալիս դա մեզ։

– Մարդիկ քննադատում են ներկայացված սահմանադրության տեքստի ոչ այնքան բովանդակությունը, որքան՝ ոճը։ Մասնագետների կարծիքով՝ այդ տեքստը պրոֆեսիոնալ չէ, հեռու է իրավագիտությունից։ Ի վերջո՝ ովքե՞ր են գրել այդ տեքստը։

– Տարբեր մարդիկ են գրել այդ տեքստը՝ տարբեր հատվածներում։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այդ տեքստի շարադրանքի որակը շատ լավն է, այո, մի քիչ տարբերվում է սովետական ոճի շարադրանքից, ցավոք, մի քիչ է տարբերվում, ոչ թե շատ։ Եթե ինձ մնար, այն շատ ավելի ամերիկյան սահմանադրության ոճին նման կլիներ։ Ցավոք, այնքան էլ մոտ չէ դրան, ես կուզենայի, որ մոտ լիներ։ Տեքստը գրել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, խորհրդի քարտուղարությունը, արդարադատության նախարարությունը, բարեփոխումների խորհրդի հանձնաժողովը եւ այլն։ Այն շատ որակյալ տեքստ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան Thu, 26…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից Thu, 26 Nov 2026 10:30:18 +0400 2026-ի նոյեմբերի…

14 րոպե ago

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան» Thu, 26 Nov 2026 10:00:14…

44 րոպե ago

«Հրապարակ». Երբ որեւէ երկրի ղեկավարի գովաբանում են ուրիշ երկրների ղեկավարները, դա շատ վատ նշան է

«Հրապարակ». Երբ որեւէ երկրի ղեկավարի գովաբանում են ուրիշ երկրների ղեկավարները, դա շատ վատ նշան է…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը Thu, 26 Nov 2026 09:15:24 +0400…

1 ժամ ago

Վատ օրինակը վարակիչ է

Վատ օրինակը վարակիչ է Thu, 26 Nov 2026 09:00:39 +0400 Հասարակությունն ընդօրինակում է իր վերնախավի…

2 ժամ ago