Ո՞րն է ժողովրդավարության տեսակետից ոչ լեգիտիմը
Thu, 26 Nov 2026 19:45:09 +0400
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակ ասում է, թե Սահմանադրության ընդունման և փոփոխության նախկին հանրաքվեները կեղծվել են ու, ըստ այդմ, լեգիտիմ չեն: Առաջին հայացքից ասվածը ճշմարիտ է, դրան համաձայն չլինել չեմ կարող: Որովհետև մասնակցել եմ 2005-ի փոփոխության «Ոչ»-ի կազմակերպմանը ու դա տեսել եմ անձամբ: Բայց Փաշինյանը երևի չի գիտակցում (թե այնուամենայնիվ գիտակցում է), որ շատ ավելի լուրջ խախտում է իր կողմից կատարվածը: Անչափելի սեր տածելով ինստիտուցիոնալիզացման երևույթի նկատմամբ՝ վերջինս որոշել է նոր սահմանադրության տեքստով ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել իր հաստատած բռնապետության յուրաքանչյուր դրսևորմանը: Այն երևույթին, ինչն առկա է պրակտիկորեն, սակայն դրա առկայությունը չի տեղավորվում գործող օրենքների շրջանակներում: Դա տիպիկ բռնապետական պրակտիկա է՝ երբ օրենք փոխելով կամ ներմուծելով՝ փորձ է կատարվում օրինականացնել ապօրինությունը:
Ինչը, բնականաբար, չէր կարող կյանքի չկոչվել: Պետական կառույցները վերջինիս հրահանգով ու (Չ)արդարադատության նախարարության ղեկավարությամբ մշակել են համապատասխան տեքստ: Ինչի մշակմանը չեն մասնակցել ոչ միայն չեզոք փորձագետները, այլև իշխանության կողմից ներգրավվածները: Եվ այդ թվում, ինչպիսի՜ ծաղր քաղաքացիական հասարակությանը, քաղհասարակության ներկայացուցիչները: Իսկ նախկինների օրոք՝ երբ նույնիսկ կեղծվել է հանրաքվեի արդյունքը, սակայն սահմանադրական տեքստը մշակվել է հանրապետության լավագույն մասնագետների ու նույնիսկ եվրոպական փորձագետների մասնակցությամբ: Եվ եթե հարցին մոտենանք տրամաբանության և ոչ թե պոպուլիզմի տեսակետից, ապա շատ ավելի ծանր հանցանք է այսօրվա արածը, քան նախկիններինը: Եվ ժողովրդավարության՝ իրական և ոչ թե նիկոլական, տեսակետից ավելի ոչ լեգիտիմ է այն, ինչ կատարվեց Փաշինյանի օրոք:
Որովհետև միջին վիճակագրական ընտրողն ի վիճակի չէ տարբերակել, թե պետականության կայունության կամ ժողովրդավարության տեսակետից ինչն է դրական կամ բացասական: Օրինակ այն հարցը, թե դատավորները պետք է լինեն անկախ, թե ոչ: Կամ էլ եթե ընկալեն, որ դատավորների անկախությունը կարևոր հանգամանք է, ապա նախագծի տեքստում առկա, այսպես կոչված, հնգամյա վեթինգը նպաստելու է դրան, թե ոչ: Իսկ, ինչպես նշված է Դատավորների միության հայտարարությունում, «դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը»: Եվ այդ «յուրաքանչյուր անձի» մեջ իրեն կտեսնի արդյոք շարքային ենոքավանցին:
Սակայն, ինչպես նշված է միության հայտարարությունում, «նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել, որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին»: Իսկ եթե դա տեղի ունենար, ապա դատավորները վստահաբար կռիվ կտային այդ դրույթը նիկոլաալիևյան սահմանադրության նախագծում ներառելու դեմ: Հարցն, ի դեպ, միայն հնգամյա վեթինգին չի վերաբերում: Նշված հայտարարությունում մատնացույց են արվել բազմաթիվ դրույթներ, որ տեղ չպետք է գտնեին նախագծի տեքստում: Եթե, իհարկե, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչպիսին այն նեկայացվում է գործող իշխանության կողմից: Եվ, դժբախտաբար, աշխարհաքաղաքական շահերի բերումով, այդպիսին է ընդունվում Եվրամիության կողմից: Իսկ Եվրամիությունն այն կառույցն է, դեպի ուր ձգտում է ոչ միայն իշխանությունը, այլև հայաստանցիների մեծամասնությունը: Միմյանցից տարբերվող մեթոդաբանությամբ 2026-ին իրականացված մի շարք սոցհարցումների արդյունքներով նման ձգտում ունեցող մեծամասնության տեսակարար կշիռը կազմել է հարցվածների 54-ից 75 տոկոսը: