Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞
Thu, 26 Nov 2026 22:15:18 +0400
Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում ընտրություններ են: ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է, նրա դեմ է դուրս եկել 2022-ին ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Համլետ Մազմանյանը, ով համայնքապետին մեղադրել է ինքնիրավչության մեջ, բոյկոտել է ավագանու նիստերը եւ 4 ամիս անց նրան հեռացրել են ՔՊ-ից՝ մեղադրելով իշխանության աշխատանքը պարալիզացնելու մեջ։
Մազմանյանն առաջադրվել է «Բարոյական արժեքներ» կուսակցությանով, որի հիմնադիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանն է, ով համակրում է ՔՊ-ին, քննադատում Սպիտակի համայնքապետին։ Սպիտակ խոշորացված համայնքի վարչական ղեկավարները բաժանվել են 2 բանակի` Մազմանյանի շուրջ համախմբվածները վստահ են իրենց հաղթանակի մեջ: Ստեփանավանի օրինակը բերելով, նրանք ասում են. «Վերջը լավ կլինի»: Ստեփանավանում ինչքան էլ մարզպետը, ՔՊ-ական պատգամավորները Լոռվա Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին սատարեցին, վերջում՝ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն ընտրվեց եւ մտավ ՔՊ-ի տակ: Չի բացառվում, որ Սպիտակում էլ նույն սցենարը լինի: Իսկ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնավարման 5 տարիներին աչքի է ընկել սկանդալային պատմություններով։ Նա ծեծի է ենթարկել Սարամեջ գյուղի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն, որին տեղափոխել են հիվանդանոց գլխուղեղի ցնցումով։ Բայց ծեծի համար 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց համայնքապետի որդին` Գոռ Նիկողոսյանը: Օրեր առաջ էլ Սպիտակի Լեռնավան գյուղում է քաշքշուկ տեղի ունեցել ՔՊ-ի եւ մրցակից կուսակցությունների աջակիցների միջև։
Անցած 5 տարիներին համայնքում սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել՝ ասֆալտ, լուսավորություն, խմելու ջուր, Լոռվա ՔՊ-ական մարզպետն է սատարում` վարչական ռեսուրսով, տարբեր համայնքներում ՔՊ-ականներին խորոված են հյուրասիրում, գառ մորթում մարզպետի ոտքերի առաջ, աղավնիներ թռցնում, թվում է` հաղթանակին ոչինչ չի խանգարում: Օրեր առաջ էլ մարզպետը Արևաշող համայնք քարոզարշավի էր գնացել եւ բնակիչներից մեկին սերտիֆիկատ է հանձնել. «Քանի որ տուն եք կորցրել երկրաշարժի ժամանակ, պետությունը Ձեզ փոխհատուցում է 8մլն. 500հազար դրամ տուն գնելու նպատակով», ասել էր մարզպետը: Ստացվում է, որ ընտրությունների շեմին պետական բյուջեով «բարեգործությամբ» են զբաղվում, ինչը քրեորեն պատժելի է: Սպիտակում ընտրություններին մասնակցում է նաև «Ուժեղ Հայաստանը»՝ Արման Ավետիսյանի գլխավորությամբ։ Նա 6 տարի` մինչև 2021-ը աշխատել է Սպիտակի համայնքապետարանում որպես քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալի և տրանսպորտի բաժնի պետ։