Անհեթեթ հրաժարական
Fri, 27 Nov 2026 18:45:02 +0400
Ինչքան Փաշինյանի իշխանության գալն էր անհեթեթ, նույնքան էլ իշխանությունից հեռանալն է անհեթեթ լինելու: Պարզապես մի գեղեցիկ օր արթնանալու ենք եւ իմանանք, որ Փաշինյանը չկա կամ, իր սիրած բառով՝ ռադը քաշել ա: Կհասցնի՞ հրաժարական տալ՝ չգիտեմ: ՔՊ-ն էլ չգիտի, ոչ ոք չգիտի: Փաշինյանը կանհետանա այնքան անհեթեթ, այնպիսի խորհրդավոր հանգամանքներում, որ նույնիսկ ամենափորձված քաղաքագետները չեն կարողանա մեկնաբանել իրավիճակը:
Նա իր իշխանության 8 տարիներին հրաժարական տալու այնքան նորմալ ու հիմնավոր պատճառներ է ունեցել ու չի օգտվել, որ հիմա ինչ պատճառաբանություն էլ բերի, կհամարվի անհիմն ու ոչ նորմալ: Դիցուք՝ ալիեւյան սահմանադրությունը… Մարդ պիտի էշ լինի, որ իր հրաժարականը պայմանավորի թշնամու գրած սահմանադրությունն ընդունել-չընդունելով: Իսկապես, ավելի մեծ խայտառակություն չի կարող լինել: Ի՞նչ է նշանակում՝ դնենք հանրաքվեի, ժողովուրդը չի ընդունի՝ հրաժարական կտամ, կընդունի՝ մի քանի տարի էլ քարշ կտամ ու էլ չեմ առաջադրվի: Երեւի ինքն էլ է հասկանում իրավիճակի անհեթեթությունն ու փորձում է ամեն ինչ, այդ թվում եւ իր հրաժարականը գցել ժողովրդի գրպանը:
Իսկ ես ասում եմ՝ կարիք չկա այսպես խայտառակվելու: Հրապարակեցի՞ր նախագիծը, աշխարհին խնդացրի՞ր վրաներս… Բավական է, վեր կաց ու հեռացիր՝ առանց շարունակության: Ուրիշ պատճառ չունե՞ս հրաժարականի: Ես ամենաքիչը 10 պատճառ կարող եմ բերել, եւ ոչ մեկն էլ ժամկետանց չէ հրաժարական տալու համար: Մինչդեռ ընկել ես Ալիեւի գրած աննորմալ սահմանադրության ցանցը՝ ժողովուրդը կընդունի, չի ընդունի… Դու Հայաստանի վարչապե՞տն ես, թե՞ Ալիեւի ստրուկը: Քեզ մի խաղաղության համաձայնագիր էլ արժան չի համարում տալ, դու նրան երկրիդ սահմանադրությո՞ւնն ես տալիս: Տղամարդ չե՞ս դու: Հենց հիմա հայտարարիր՝ վերջ, ԹՐԻՓՓ-ը մեր տարածքով չի անցնելու, ու տեսնենք՝ դրանից հետո Ալիեւն իր որ տեղն է մտցնելու այդ սահմանադրությունը: Մի հատ իշխանությանդ տարիների մատյանը թերթիր… Քանի՞ անգամ ու քանի՞ հանգրվանում կարող էիր արժանապատվորեն ընդունել պարտությունդ ու մարդավարի հեռանալ: Քաջություն չես ունեցել, վախեցել ես, չես արել: Եվ իմացիր, սրանից հետո ինչ պատճառ էլ բերես հրաժարականիդ համար, ավելի անհեթեթ է լինելու, քան նույնիսկ ալիեւյան սահմանադրությունը:
Նիկոլ Փաշինյան, հեռացիր աննկատ, անսպասելի եւ անաղմուկ: Այդպես ավելի լավ կլինի քեզ համար: Մի քանի օր կանհանգստանանք, կխառնվենք իրար, բա մեր Նիկոլն ուր ա… Կանցնի, կգնա: Ո՞վ է հիմա հիշում Մադուրոյին, Ասադին, Յանուկովիչին… Այդ մարդիկ հիմա մի-մի առանձնատան մեջ առոք-փառոք ապրում են ընդունող երկրներում: Մի երկիր քեզ համար չի՞ ճարվի, ինչ է: Ռուսաստանն ի՞նչ վատ տարբերակ է, հը՞: Բա հո չե՞ս ընկնի Եվրոպայի ձեռը, որ մի հատ էլ քեզնից Միլոշեւիչ սարքեն ու թրխկացնեն: Մեզ այդպիսի հակահիգիենիկ տեսարաններ պետք չեն: Արի, կլինի՝ դեկտեմբերի 3-ին գնա Մոսկվա, Պուտինի հետ վերջնականապես պայմանավորվիր եւ․․․ Մոսկվայից մեկնիր Նիժնի Նովգորոդ: Այդ քաղաքի մերձակայքում, եթե հիշողությունս չի դավաճանում, դու եւ տիկին Աննան եղել եք մի անգամ: Հիշում ես, չէ՞… Հիացած՝ ստատուսներ էիք գրում, թե ինչքան գեղեցիկ առանձնատներ կան քաղաքի մերձակայքում, ինչ բնություն է… Դե, ես էլ ասում եմ՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մեկնեք Նիժնի Նովգորոդ, իսկ մենք դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար ուրիշ մարդ կգտնենք: Հեչ որ չլինի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին կխնդրենք՝ Հայաստանը կներկայացնել Մոսկվայում, քանի դեռ քաղաքական ղեկավար չենք ընտրել:
Կարծեմ՝ վատ տարբերակ չեմ առաջարկում: Այն, իհարկե, ամենապատվաբերը չի լինի Փաշինյանի համար, բայց գոնե ավելի լավ է, քան Ալիեւի սահմանադրության պատճառաբանությամբ հրաժարականը: Իբր ի՞նչ վատ տարբերակ է… Ժողջանի մուտքը Ռուսաստան ազատ է, Փաշինյաններին կարող են այցելել ընդհուպ ՔՊ-ականներ, եթե մուտքի արգելք չունեն, Փաշինյանները կարող են ամռանը գալ Հայաստան՝ ծիրան ուտելու:
ՀԳ. Հարգելի ընդդիմություն, խնդրում եմ չբողոքել, ցույցեր չանել Փաշինյանի անսպասելի անհետացման կապակցությամբ: Ես ձեզ լավ գիտեմ, մեկ էլ փողոց դուրս կգաք ու կսկսեք.
Վարչապետը չկար։ Շատ մնացինք, չկար։
Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։
Առավոտ էր, չկար, երեկո էր, չկար,
Արդեն երեք գիշեր, երեք օր էր, չկար։
Կորել էր ու չկար, – կորե՞լ, ասեղ հո չի,
Ո՞վ է տեսել մարդուս վարչապետը կորչի։
Բայց կորել էր, չկար… Սկսվել էր թաղում.
– Ախչի, սատանա էր, խեղճություն էր խաղում։
– Դե երեւի… – Այո, տաքուկ տեղ է ճարել։
Վերջը հետքը գտանք…
Պուտին քեռին թաքուն առել էր ու տարել…