Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում
Fri, 27 Nov 2026 20:36:50 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ ներգրավված են Իրանի հետ հակամարտությանն առնչվող գործողություններում և աջակցում են Վաշինգտոնին։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 26-ին՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում լրագրողների հետ զրույցում։
«Նրանք նախկինում մեզ այնքան էլ չէին օգնում Իրանի հարցում։ Իսկ այժմ նրանք մեզ հետ միասին ներգրավված են դրանում։ Նրանք Իրանի տարբեր հատվածներում են և իրենց հրաշալի են դրսևորել», — հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներն են մասնակցում գործողություններին և ինչ բնույթի աջակցություն են ցուցաբերում։ Նրա հայտարարությունից պարզ չէ նաև՝ խոսքը ռազմական գործողություններին անմիջական մասնակցության, թե լոգիստիկ, հետախուզական և ենթակառուցվածքային աջակցության մասին է։
Թրամփի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից մեկ օր անց։ Քննարկումների առանցքում եղել են Իրանի հետ հակամարտությունը և դաշինքի անդամների մասնակցությունը ԱՄՆ-ի գործողություններին։
Ավելի վաղ Ռյուտեն նշել էր, որ եվրոպական դաշնակիցները հիմնականում կատարել են Վաշինգտոնի հետ երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ տրամադրելով բազաներ և այլ անհրաժեշտ աջակցություն։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, անմիջականորեն ներգրավված չէ Իրանի դեմ ռազմական արշավում։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու և պատերազմը դադարեցնելու հնարավորությունը դեռ պահպանվում է, սակայն կասկած է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հաղթանակը մոտ է։