Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․
Sun, 29 Nov 2026 17:15:08 +0400
Մի պահ մոռանանք քաղաքականությունը։ Փորձենք հասկանալ մարդկային հարաբերությունների տեսանկյունից։ Ինչքան անտանելի պիտի լինի մարդու ներկայությունը, որ նա ստիպված լինի իր հեռանալը դարձնել սակարկության առարկա։
Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունը հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Նա ասում է․ «Եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, ես հրաժարական եմ տալիս»։
Այստեղ երկու ուշագրավ բացահայտում կա։
Առաջին՝ ինչքա՜ն է կարևորում Ալիևի պահանջած սահմանադրական փոփոխությունների անցկացումը, որ զոհասեղանին է դնում իր համար այդքան թանկ աթոռը։ Հարցն այնքան կարևոր է նրա համար, որ նույնիսկ հրաժարականն է դարձնում սակարկության առարկա։
Երկրորդ բացահայտումն ավելի ուշագրավ է։ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր հրաժարականը հայ ժողովրդի գերակշիռ հատվածի ամենացանկալի նվերն է։ Գիտի, որ շատերը ցնծությամբ կընդունեն այդ նվերը։ Գիտի, որ իր հեռանալը շատերի համար մղձավանջից երկար սպասված ազատում է։
Եվ այդ գիտակցությամբ էլ հրաժարականը դնում է սակարկության սեղանին։
Սա է ամենից ցինիկը։ Նա մարդկանց առաջարկում է այն, ինչի մասին նրանք վաղուց երազում են, բայց ոչ թե պատրաստվում է տալ այդ նվերը, այլ օգտագործում է որպես խաբկանք՝ նրանցից իր ուզածը կորզելու համար։ Ասում է՝ դուք ընդունեք իմ ուզածը, իսկ ես ձեզ կտամ այն, ինչ դուք եք ուզում։
Բայց ինքը շատ լավ գիտի, որ այդ նվերը մատուցելու մտադրություն չունի։ Նրա հրաժարականի խոստումը հեռանալու պատրաստակամություն չէ, այլ մարդկանց ամենամեծ ցանկությունը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց։ Նրա հաշվարկն այսպիսին է․ մարդիկ կհավատան, որ այս անգամ հնարավորություն ունեն ազատվելու իրենից, և այդ հույսով կհամաձայնեն իր առաջարկած պայմաններին։
Իսկ Սահմանադրությո՞ւնը։ Կանցկացնի այնպես, ինչպես այս ընտրությունն անցկացրեց։ Քվեաթերթիկները դեռ չհաշված՝ դուրս կգա ու կհայտարարի, որ Սահմանադրությունն ընդունված է։ Չէ՞ որ իր համար կարևորը ոչ թե ժողովրդի իրական կամարտահայտությունն է, այլ նախապես ցանկալի արդյունքի արձանագրումը։
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Փաշինյանն իր հրաժարականը համարում է ժողովրդի համար այնքան ցանկալի բան, որ պատրաստ է այն օգտագործել որպես խայծ։ Այսինքն՝ ինքն էլ է հասկանում, թե որքան անցանկալի է դարձել իր ներկայությունը, բայց այդ գիտակցությունն անգամ չի խանգարում, որ մարդկանց ամենամեծ սպասումն օգտագործի նրանց հերթական անգամ խաբելու համար։
Ինչքան անտանելի պիտի լինես, որ նույնիսկ քո հեռանալը մարդկանց համար նվեր համարես, բայց այդ նվերն էլ չտաս, այլ օգտագործես որպես խաբկանք։
Իսկ եթե իսկապես ուզում ես Նոր տարվա նվեր անել, ապա մի՛ չարչարվիր։ Հայտնի է՝ որն է ամենացանկալին։ Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․