Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ
Sun, 24 May 2026 20:15:07 +0400

Ռուսաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել Գարի Կասպարովի նկատմամբ, ով ավելի վաղ հեռակա կարգով կալանավորվել էր ահաբեկչության արդարացման և «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը երկու անգամ խախտելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Կասպարովին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (համացանցում ահաբեկչության արդարացում) և 330.1 հոդվածի 2-րդ մասով (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում՝ երկու դրվագով)։ Գ. Կ.-ի դաշնային և միջպետական հետախուզում է հայտարարվել շրջաբերականով, … նրա նկատմամբ միջազգային հետախուզում է սահմանվել», – նշված է փաստաթղթում։
2025 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը Կասպարովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ ժամկետը կհաշվարկվի նրան Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու (արտահանձնման կամ արտաքսման դեպքում) կամ ՌԴ տարածքում փաստացի ձերբակալելու պահից։
Գարի Կասպարովին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ ահաբեկչության հրապարակային արդարացում)։ Այս հոդվածով նախատեսվում է 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ։
Ավելի ուշ նրան հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել նաև ՌԴ ՔՕ 330.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու հանցագործությունների կատարման համար (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում)։ Այս դրվագներից մեկով օրենքը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում կամ տուգանք։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալների» ցուցակում է ներառել 2022 թվականի մայիսին։ Որպես հիմնավորում նշվել էր «քաղաքական գործունեության ծավալումը», իսկ որպես արտասահմանյան աղբյուրներ մատնանշվել էին Ուկրաինան ու ամերիկյան «Human Rights Foundation»-ը։
Ռուսաստանյան դատարանները նրան բազմիցս ենթարկել են վարչական պատասխանատվության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու» համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր