Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Նա հաջողել է ոչ միայն որպես բարձրակարգ իրավաբան, այլև որպես մարդ՝ արդարության, մարդասիրության և սկզբունքայնության խորհրդանիշ։

Օրերս իր 60-ամյակն է նշել «ԼԵՎ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, անվանի իրավաբան Լևոն Բաղդասարյանը։ Այդ օրը ստացած բազմաթիվ շնորհավորանքները, նրանց մեջ հնչող ջերմ խոսքերն ու գնահատականները վկայում են մի պարզ ճշմարտություն՝ նա հաջողել է ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես մարդ։ Լևոն Բաղդասարյանը պատկանում է այն հազվագյուտ տեսակին, որոնց ներկայությունն այս աշխարհում մարդասիրություն է տարածում, վստահություն ու հույս է ներշնչում՝ հատկապես այն պահին, երբ թվում է, թե արդարությունը կանգնել է փորձության առաջ։
Նրա ընտրած մասնագիտությունը՝ իրավաբանական պաշտպանությունը, պարզապես գործ չէ. այն լիովին համապատասխանում է իր էությանը։ Դատարաններում նա պաշտպանում է ոչ միայն մարդկանց, այլ հենց Արդարությունը։ Նրա համար պայքարը միայն իրավական չէ, այն նաև բարոյական է՝ պայքար կյանքի ու ճշմարտության, բարիքի ու արժանապատվության համար։
Լևոն Բաղդասարյանը ճանաչված է բարձր պրոֆեսիոնալիզմով՝ փաստաբան, ով դատարաններում գրեթե չի պարտվել։ Նա իրավական պրոցեսները ոչ միայն վարում է, այլ ապրում է դրանցով՝ հոգով, ամբողջովին նվիրված լինելով իր պաշտպանյալներին ու նրանց գործերին։ Արդարությունը նրա համար ոչ թե վերացական իդեալ է, այլ ամենօրյա գործնական առաքելություն։
Իմ անձնական ծանոթությունը այս բացառիկ մարդու հետ սկսվեց տարիներ առաջ, երբ պետական համակարգի ճնշման տակ իրականացվեց հայտնի «Տուշոնկա շոուն»՝ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպված դավադրությունը։ Այդ ծանր ու արդարության պակասով նշանավորված ժամանակահատվածում հենց Լևոն Բաղդասարյանն էր, որ արժանապատվորեն ստանձնեց գեներալի պաշտպանությունը՝ փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ միասին։ Դեմ գնալով հանրային կարծիքին, որը ձևավորվել էր իշխանական քարոզչության հետևանքով, նա արեց ամեն ինչ՝ ճշմարտությունը լույս աշխարհ հանելու համար։ Նա չվախեցավ ոչ քաղաքական ճնշումներից, ոչ կեղծ հանրային արձագանքից։ Նա հավատարիմ մնաց փաստաբանի իր առաքելությանը։
Ցավոք, ես նույնպես բախվել եմ անհիմն մեղադրանքների, ապատեղեկատվության ու ճնշումների։ Այդ բարդ իրավիճակներում ինձ աջակցել է հենց Լևոն Բաղդասարյանը՝ իր պրոֆեսիոնալիզմով, համբերատարությամբ և անշահախնդիր մարդասիրությամբ։ Նա օգնեց հաղթահարել իրավական բարդությունները՝ թույլ չտալով, որ արդարության ձայնը լռեցվի։
Այսօր, երբ Լևոն Բաղդասարյանն անցնում է իր կյանքի ու մասնագիտական ճանապարհի կարևոր մի հանգրվան, միանում եմ բոլոր նրանց շնորհավորանքներին, ովքեր գնահատում են նրա գործն ու մարդ լինելը։ Մաղթում եմ նրան առողջություն, ուժ, նոր հաջողություններ և շարունակական ներշնչանք։ Նա ապացուցել է, որ իսկական արժեքները ժամանակի փորձությանը դիմանում են միայն նրանց մեջ, ովքեր անկեղծ են, սկզբունքային ու մնայուն:
Լևոն Բաղդասարյանը երբեք չի գոռոզացել, չի փոխվել՝ հաջողություններից գլխապտույտ ստանալով։ Իր համեստությամբ, անմիջականությամբ և վստահելիությամբ նա օրինակ է շատերի համար՝ հատկապես այսօրվա իրականության մեջ, երբ հաճախ մասնագիտական հաջողությունը դառնում է մեծամտության աղբյուր։
Ասում են՝ ամեն մարդ իր առաքելությունն ունի այս աշխարհում։ Լևոն Բաղդասարյանի առաքելությունը հստակ է՝ պաշտպանել մարդկանց իրավունքները, լինել նրանց ձայնը և բարիքի կողմնակիցը, երբ դրա կարիքն առավել զգացվում է։
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը...Բաց աչքով տեսանելի…

11 ժամ ago

«Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում».Արմինե Օհանյան

Ես առհասարակ չեմ սիրում քննադատել ընդդիմությանը, որովհետեւ չեմ ուզում ինչ որ կերպ` անգամ ակամա աջակցել…

1 օր ago

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը…

2 օր ago

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը

Դավիթ Մնացականյան   Եվս մեկ կարևոր հարցազրույց ունեցանք Հարգարժան Մկրտիչ Բաբայանի և Վրեժ Աղաջանյանի հեղինակավոր…

3 օր ago

Արփինե Սարգսյանի գործունեության հետևանքներն անհետաձգելի են դարձնում նրա հրաժարականը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աղմկահարույց սպանությունն առաջ է բերել մի շարք սուր հարցեր. Արփինե Սարգսյանի…

4 օր ago