«Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն»
Մուշեղ Իշխան
2025 թ․-ի օգոստոսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանը, թեմական բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ, իր հյուրընկալ դռները բացեց հայերենի ուսուցիչների առջև։ Առաջնորդարանի ջերմ մթնոլորտում անցկացվեց ուսուցչական 14-րդ ամենամյա ավանդական հավաքը։
Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի երկարամյա տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` ընդգծելով հավաքի կարևորությունը և հավելելով, որ օրվա ընտրությունն էլ պատահական չէր՝ մշտապես Վերափոխման տոնին ընդառաջ։ Նրա համոզմամբ Աստվածամոր բարեխոսությամբ է, որ աշխարհասփյուռ հայ մանկավարժները կրթում և հայեցի դաստիարակում են մեր մատաղ սերունդներին։
Ներկաներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց առաջնորդ Հովնան սրբազանը։ Նա ընդգծեց, որ ուսուցիչը միայն գիտելիքի փոխանցող չէ, այլ արվեստագետ է, ով սեր և հարգանք է սերմանում երեխայի մեջ դեպի մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն ու հարուստ մշակույթը։ Սրբազան հայրը կոչ արեց ուսուցիչներին մշտապես պահել այդ ոգին և սփյուռքում մնալ հայապահպանության առաջնագծում։
Գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց սփյուռքում մայրենի լեզվի ուսուցման կարևորությունը՝ այն համարելով ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման, այլև ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն պայման։
Աշխատանիստի առաջին բանախոսը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանն էր։ Իր դասախոսության ընթացքում նա ներկայացրեց հայ հոգևոր քնարերգության դերը և ազդեցությունը՝ ինչպես հայ գրականության զարգացման, այնպես էլ աշուղական արվեստի ձևավորման վրա։ Պարոն Պողոսյանը բերեց երաժշտության և բանաստեղծության ներդաշնակ միաձուլման մի շարք օրինակներ՝ ընդգծելով դրանց դաստիարակչական և հոգևոր արժեքն ու նշանակությունը։ Նա նաև հանգամանորեն բացատրեց «գուսան» և «աշուղ» հասկացությունների տարբերությունը՝ ներկայացնելով դրանց պատմական ծագումն ու գործառույթների առանձնահատկությունները։
Հանդիպման առաջին մասը եզրափակվեց հարցուպատասխանի և կարծիքների փոխանակման փուլով, որտեղ ուսուցիչները կիսվեցին փորձով և մասնագիտական մարտահրավերների հաղթահարման մեթոդներով։ Աշխատաժողովի ավարտին ևս մեկ անգամ ընդգծվեց, որ նման հանդիպումները, հատկապես սփյուռքում, ունեն բացառիկ դեր՝ ապահովելով ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացում, այլև ազգային ինքնության և հայեցի կրթության ամրապնդում։
Հիմնական հավաքը եզրափակվեց Առաջնորդ Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով, որով մասնակիցներն ստացան հոգևոր օրհնություն և մեծ ոգևորություն՝ իրենց պատասխանատու ու նվիրական առաքելությունը նոր ուսումնական տարում շարունակելու համար։
Հանդիպման վերջին հատվածին մասնակցում էին միայն առաջնորդանիստ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի անձնակազմը։ Պետք է նշել, որ կրթօջախը լինելով աշխարհի ամենամեծ միօրյա վարժարաններից, միակն է, որ հավաստագրված է ԱՄՆ ամենահեղինակավոր՝ Արևմտյան Դպրոցների և Քոլեջների Ասոցիացիայի (WASC) կողմից։
Վերջին դասախոսությունը նվիրված էր կրթական գործընթացներում նոր, գերժամանակակից միջոցների կիրառմանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետ Մարատ Բեկնազարյանը ծանոթացրեց ոլորտի նորություններին, ապա գործնական մեթոդներով բացատրեց Քրոմ օպերացիոն համակարգով աշխատող կրթական համակարգի սկզբունքներն ու դյուրությունները։
Վերջում բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը բոլորին մաղթեց հաջողություն՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ, որը մեկնարկելու է օգոստոսի 16-ին։
Անահիտ Ամիրյան
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մամլո դիվանի պատասխանատու
Source: USAArmenia
Ոչ մեծ ծավալի ծանրոցների դիմաց կգանձնվի մաքսատուրք Wed, 01 Jul 2026 01:30:10 +0400 Հուլիսի 1-ից…
Կտեղափոխվի ամերիկյան «Չիկագոյ Ֆայեր» Wed, 01 Jul 2026 00:30:35 +0400 Լեհ ֆուտբոլիստ, հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին…
«Գինեսների տունը»․ արժե դիտել Tue, 30 Jun 2026 23:55:20 +0400 Պատմական սերիալները, բացի այն, որ…
Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա Tue, 30 Jun 2026 23:45:19 +0400 Հունիսի…
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Tue, 30 Jun 2026 23:40:30 +0400 Իրանագետ,…
«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան Tue, 30 Jun 2026 23:31:44…