Վիլյամ Սարոյանը մինչեւ 60-ականներն արգելված հեղինակ էր ՍՍՀՄ-ում
Thu, 26 Feb 2026 21:00:11 +0400

Հայազգի նշանավոր գրող Վիլյամ Սարոյանը, իհարկե, հայտնի է իր պատմվածքներով։ Սակայն գրել է նաեւ վեպեր ու պիեսներ։ Ավելին, հենց պիեսների համար է, որ արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ Խորհրդային Միության ժամանակներում պետության վերաբերմունքը Սարոյանի նկատմամբ միանշանակ չի եղել։ Այն փոփոխվել է ըստ միջազգային քաղաքական դրության եւ գրողի կյանքում տեղ գտած փոփոխությունների։ Սարոյանի պիեսները սկսել են բեմականացվել խորհրդային թատրոններում միայն «Հալոցքի» ժամանակներում՝ ամերիկացի այլ դրամատուրգների գործերի հետ միասին։ Իսկ մինչ այդ՝ 30-50-ական թվականներին, նա խորհրդային իրականության համար անցանկալի հեղինակ է համարվել։ Սարոյանի առաջին պիեսը «Իմ սիրտը լեռներում է»-ն է։ Այն գրվել է 1939 թվականին։ Վերնագիրը վերցված է շոտլանդացի Ռոբերտ Բյորնսի բանաստեղծության առաջին տողից։ Թեեւ պիեսում խոսվում է շոտլանդացիների եւ Շոտլանդիայի մասին, սակայն բոլորին հասկանալի է, որ խոսքը հատկապես Հայաստանի մասին է։ Սարոյանը պիեսը գրել է Հայաստան կատարած այցի ազդեցությամբ։
«Իմ սիրտը լեռներում է» պիեսը հոգեհարազատ պետք է համարվեր սովետական այն ժամանակվա իշխանավորների քիմքին, քանի որ որոշակիորեն պահպանված էր դասակարգային այն պատկերացումների համեմատությամբ, որոնք համապատասխանում էին խորհրդային գաղափարախոսության համար «հավատամք» հանդիսացող շատ սկզբունքների։ Այս ամենով հանդերձ, սակայն, Սարոյանի ստեղծագործությունների ժողովածուի մեջ, որը հրատարակվել է այդ ժամանակ, այս պիեսը տեղ չի գտել։ Թերեւս պատճառն այն էր, որ ավելի վաղ՝ 36 թվականին, Միացյալ Նահանգներում Սարոյանի հրատարակած ժողովածուի մեջ եղել են նկարագրություններ Խորհրդային Հայաստան կատարած այցից, որտեղ ներկայացված են տիրող աղքատությունն ու ավերը։
Սովետական Միությունում Սարոյանին ենթարկում են «քաղաքական բանադրանքի», եւ երկար տարիներ՝ մինչեւ 60-ականները, նա անցանկալի գրող էր ՍՍՀՄ-ում։
«Հալոցքի» շրջանում խորհրդային իրականություն են բերվում Սարոյան, Միլլեր, Բրեխտ, դե Ֆիլիպո, Գիբսոն, Դյուրենմատ եւ այլ հեղինակներ։ Նպաստում է նաեւ այն, որ 1959 թվականին Սարոյանը տեղափոխվում է Եվրոպա, դա աղմկոտ իրադարձություն էր։ 1960-ին Սարոյանը գալիս է Հայաստան՝ Երեւան։ Այն ժամանակ Երեւանի պետական դրամթատրոնի գեղղեկն էր ռեժիսոր Վարդան Աճեմյանը։ Նրա հետ Սարոյանին ծանոթացնում է Գուրգեն Մահարին։ Սարոյանը մշտապես ներկա է գտնվում թատրոնում․ նա սիրել է Աճեմյանի բեմականացումները։ Հայկական ԽՍՀ 40-ամյակի պատվին որոշվում է, որ պետք է բեմականացվի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Հեղինակն ակտիվորեն մասնակցում է բեմադրման աշխատանքներին։ Դերասանական կազմի հետ քննարկում է պիեսը, օգնում՝ ընտրել դերակատարներին, նաեւ՝ պնդում, որ պիեսը լինի մեկ գործողությամբ, առանց անտրակտի։ Նա նաեւ իր ազդեցությունն է ունեցել բեմադրական երաժշտական ուղեկցության վրա։
Սարոյանն ու մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը մտերիմներ էին։ Վերջինս էլ գրում է բեմադրման երաժշտությունը։ Երաժշտության մեջ միավորված են շոտլանդական ու հայկական մոտիվները։ Դրանով ցույց է տրված երկու ժողովուրդների հոգեւոր հարազատությունը։ Բեմադրման պրեմիերան կայանում է 1961 թվականի ապրիլի 15-ին։ Սարոյանն արդեն վերադարձած է լինում Միացյալ Նահանգներ եւ չի տեսնում այն։ Երեւանյան բեմադրությունը մեծ արձագանք է գտնում եւ արժանանում հիացմունքի։ Սարոյանն այն տեսնում է միայն վերականգնված տարբերակով, 76 թվականին՝ Հայաստան իր երրորդ այցելության ժամանակ։ Բեմադրությունը երեւանյան բեմին մնում է 20 տարի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր