«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել
Fri, 27 Feb 2026 10:15:20 +0400
«Հրապարակի» զրուցակիցը նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է:
– Օրերս Նիկոլ Փաշինյանն անսպասելի հայտարարություն արեց՝ չնայած ընդամենը 1-2 ամիս առաջ ասում էին, որ 2026-ին կենսաթոշակների բարձրացում չեն նախատեսում, եւ 10 հազար դրամով թոշակի ավելացումը ոչինչ չի տալու թոշակառուներին, սակայն հանկարծ որոշեցին, որ տալիս է, եւ ապրիլի 1-ից թոշակները 5-10 հազար դրամով կավելանան։ ՔՊ-ական բոլոր ուսապարկերը սկսեցին, իրենց հերթ չտալով, խոսել այդ մասին, այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե 10 հազար դրամի, այլ 10 հազար դոլարի մասին է: Համացանցում մարդիկ անգամ կատակներ են հորինել՝ 10 հազար դրամ թոշակի բարձրացման մասին, գրում են, որ նույնիսկ Բիլ Գեյթսն է ուզում Հայաստան գալ՝ թոշակ ստանալու, եւ այլն: Բացի այդ, 10 հազարով ավելանում է ընդամենը 70 հազար մարդու կենսաթոշակը, իսկ թոշակառուների քանակը մեզանում 600 հազար է։ Ի՞նչ կարծիք ունեք թոշակների բարձրացման մասին՝ որպես նախկին սոցապնախարար:
– Ընդհանրապես, կենսաթոշակները սովորաբար առանձին հիմնադրամներով էին բաշխվում, հիմա, որքան հասկանում եմ, այն բյուջետային է: Սակայն դա սխալ է: Որպես կանոն, պետության պահուստային ֆոնդից թոշակ չեն տալիս, այն չնախատեսված դեպքերի համար է, իսկ թոշակը չի կարող լինել չնախատեսված դեպք, դա ի՞նչ բան է: Հետեւաբար, այս բարձրացումը չի կարող լինել չնախատեսված: Ուրեմն բավարար չէ, որ մեկ անձը, անգամ եթե նա վարչապետն է, իր հայտարարությամբ թոշակ կարող է բարձրացնել: Այս խնդիրը պարտադիր պետք է գնա Ազգային ժողով, պետք է քննարկվի բյուջետային օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, եւ նոր միայն տեղի ունենա բարձրացումը: Առանց Ազգային ժողովի քննարկման նման որոշում կայացնել՝ նշանակում է արհամարհել Ազգային ժողովը, արհամարհել օրենքներն ու գործընթացները՝ առաջացնելով անորոշություններ: Բայց քանի որ այս մարդկանց մոտ վաղուց չկա, չգիտեմ էլ, թե ինչ ասեմ, ապա կարող են ամեն քայլի էլ դիմել: Առանց օրենքների էլ կարող են աշխատել, սակայն ես չեմ հասկանում մի բան` մեծամասնություն են կազմում իրենք, ի՞նչն է խնդիրը, որ այսպես օրենքներ են խախտում: Բյուջետային օրենքում հարկավոր են փոփոխություններ, թոշակը չի կարող բարձրանալ ինչ-որ մեկի ցանկությամբ: Պետք է օրինական ճանապարհով առաջնորդվել, սա ի՞նչ բան է, ստացվում է՝ ողորմություն են տալիս, բայց սա պետություն է, այդպես չի կարելի: Ես շնորհավորում եմ մեր թոշակառուներին, նրանք անտարբեր չեղան այս հարցում եւ կարողացան գոնե չնչին փոփոխությունների հասնել: Ես շատ տպավորված եմ, որ մեր թոշակառուները պայքարեցին եւ, ի տարբերություն շատերի, անտարբեր չեղան: Ուզում եմ նաեւ անդրադառնալ իշխանությունների պարգեւավճարներին: Դրանք եւս պետք է բերել օրենքի դաշտ ու կանոնակարգել, որպեսզի չլինի սուբյեկտիվ: Ես գիտեմ դեպքեր, որ հիմնարկի ղեկավարն ինքն է իր անձնական մոտեցմամբ որոշում՝ ում որքան պարգեւատրի: Բնական է, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ: Օրենքով եթե այս հարցը չկարգավորվի, ապա պետականությունն աղճատվելու է: Խնդիրները պետք է լուծվեն օրենքով, չի կարելի վարչապետին ու այլ պաշտոնյաների թույլ տալ, որ ինչպես ուզեն, վարվեն: Սրանք նախադեպեր են, որոնք հետագայում խիստ բացասական են ազդելու պետության վրա: Չեմ պատկերացնում, թե ինչ է անելու հաջորդ իշխանությունը, որ այս իշխանությունների հեռանալուց հետո քիչ թե շատ օրենքը հարգվի` պաշտոնյաների կողմից:
– Թոշակների հետ կապված՝ մի խնդիր էլ է առաջացել: Քիչ թոշակ ստացողների թոշակն ավելի շատ է բարձրանալու, քան բարձր ստացողներինը։ Ստացվում է՝ կյանքում մեկ օր չաշխատած մարդն այնքան թոշակ է ստանալու, որքան 40 տարվա աշխատանքային փորձ ունեցողը: Մարդիկ տարակուսում են, ասում են, որ սա մեծ անարդարություն է, չի կարելի այսպես վարվել:
– Երբ խնդիրը ոչ թե օրինական ճանապարհներով են փորձում լուծել, այլ` քաղաքական ճանապարհներով ու նպատակահարմարությամբ, ամեն բան իր տեղն է ընկնում: Պարգեւավճարների ահռելի թվերից հետո առաջացավ ժողովրդական շարժում, մարդիկ հայտարարեցին, որ թոշակները պետք է բարձրացվեն, իսկ իշխանավորները պնդեցին, որ թոշակառուն անգամ 10 հազար դրամ ավելի չի կարող ծախսել, ծախսելու տեղ չկա…. Արդյունքում թոշակները բարձրացվեցին ոչ թե արդարությունը վերականգնելու համար, այլ` քաղաքական նպատակներով, ընտրությունները մոտենում են, այդքան բան: Եթե այս պրոցեսը չմտավ Ազգային ժողով, եւ գոնե պատշաճ քննարկում չեղավ, ապա դա նշանակում է, որ գործ ունենք սովորական ընտրակաշառքի հետ:
– Իսկ, ի՞նչ եք կարծում` թոշակառու ընտրողը հանուն այդ 10 հազար դրամի Նիկոլ Փաշինյանին կընտրի՞:
– Բարդ հարց է: Ցավոք, ընտրությունների մեխանիզմներն այլ են: Ես՝ ինքս, ընտրությունների բազմիցս մասնակցել եմ` հատկապես գյուղական միջավայրերում, պետք է ասեմ, որ գյուղերում այլ մեխանիզմներ են գործում, որտեղ չկան վեհ գաղափարներ: Ազգակցական, արյունակցական կապերն են գերակշռում, մարդիկ առաջնորդվում են մանր շահերով: Ընտրողների համար` գյուղական շրջաններում կարեւորն այն է, թե ում հետ գործ ունեն: Ոչ թե կարեւորն առաջին դեմքն է, այլ՝ այն միջնորդը, արդյո՞ք միջնորդը հարց լուծող է, թե՞ ոչ: Գյուղացուն սա է հետաքրքրում, ուրիշ ոչինչ: Ով կլինի, ով չի լինի, դա էական չէ, մարդկանց հետաքրքրում են հարց լուծողները, որքան էլ որ դժգոհ են, գիտակցում են, որ չի կարելի, որ վտանգված է մեր ինքնությունը, հայկականությունը, Մաշտոցին են Այբուբենից հանել, Վիկտոր Համբարձումյանի անվան ամբիոնն են համալսարանում փակում, Հայոց պատմությունն են խմբագրում: Բայց, ցավոք, ընտրությունները գյուղական համայնքներում լինում են այլ սկզբունքներով: