Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞

Fri, 27 Feb 2026 16:15:01 +0400


Բաց նամակ առողջապահության նախարար Ա․ Ավանեսյանին

Տիկին նախարար, Ձեզ քննադատում են՝ բժշկական համընդհանուր ապահովագրությունը թափթփված, հապճեպ ներդնելու համար։ Դուք էլ, իրավաբանի Ձեր անուրանալի պերճախոսությամբ, արդարանում եք, փորձում լավատեսություն ներարկել մարդկանց մեջ։ Քայլը, իհարկե, ճիշտ է ու խրախուսելի, հատկապես՝ մոտեցող ճակատագրական ընտրություններից առաջ։

Ի դեպ, իմ շրջապատում փորձում եմ պաշտպանել Ձեզ՝ հնչող հեգնական խոսույթից, թե Ձեր պարելը՝ հայտնի միջոցառման ժամանակ, անտեղի ու անճաշակ էր։ – Ինչ է, ասում եմ,- նախարարն իրավունք չունի՞ անկաշկանդ, ուրախ անցկացնել իր ազատ ժամանակը, երբ նրա գործընկերները երբեմն զվարճանքի վարպետաց դասեր են տալիս անգամ եվրոպացիներին։

Հիմա՝ ըստ էության։ Տարիքը, անպակաս սթրեսները եւ ամենօրյա հոգսերն անում են իրենց սեւ գործը, ու մարդը ստիպված թակում է բժշկի դուռը։ Անկեղծ ասած, թերահավատ էի, թե ինչ-որ բան փոխված կլինի այս ոլորտում (տառապանքս փորձ ունի), եւ, ցավոք, չսխալվեցի։ Այց գրանցելու համար հեռախոսազանգերիս՝ անպատասխան մնալուց հետո գնացի, պարզ ասած, պոլիկլինիկա, եւ պարզվեց, որ թերապեւտի մոտ «ընկնելու» համար 3,5 ժամ պիտի սպասեմ։ Ճարս ի՞նչ, նա է որոշում հետագա անելիքները։
Հաջորդ օրը կեսօրին սրտաբանը պիտի ընդուներ։ Ընդամենը երկու բուժառու կար։ Ժամերն անցնում էին, իսկ հերթն առաջ չէր գնում։ Նրանցից մեկը նյարդայնացած ետ ու առաջ էր անում, մյուսը հեռատեսորեն խաչբառ էր վերցրել հետը։ Առաջինը չդիմացավ՝ բժշկի հասցեին «բարեմաղթանքներ» շաղ տալով՝ հեռացավ։ Կես ժամ հետո Էդուարդը (որի հետ հասցրել էի ընկերանալ) վերջապես ներս մտավ։ Անցավ էլի 1,5 ժամ, ու ինձ էլ ներս կանչեցին։ Կիսամերկ պառկած բուժառուն եւ բժիշկը սպասում էին բուժքրոջը։
– Ճնշումդ բարձր է,- ժամանակ է ձգում դոկտորը։
– Դուք էլ դրսում 4 ժամ սպասեիք․․․,- խայթում է Էդուարդը։
– Ախր, իսկական գժանոց է,- բողոքում է դոկտոր Լեւոնը,- արձակուրդ գնացած բուժքրոջ գործն էլ եմ ես անում։
– Լրացուցիչ վճար պահանջեք,- խորհուրդ է տալիս նախկին իրավաբանը,- երկա՞ր պիտի պառկած մնամ։
– Դե, հանգստանում ես, էլի,- սփոփում է բժիշկը։
Այս ընթացքում Էդուարդը մի քանի անգամ ինձնից ներողություն է խնդրում՝ սպասեցնելու համար։
Վերջապես ժամանում է փոխարինող բուժքույրը։ Ու սկսվում է զավեշտը։ Աղջիկը չգիտի՝ ինչպես է գրվում այս կամ այն տերմինը։ Նրան օգնության է գալիս մեկ ուրիշ, գիտակ խալաթավոր։ Եվ երբ բանը հասնում է «մեծ» կամ «փոքր» նշան դնելուն, քարկապ են ընկնում։ Դոկտոր Մկրտչյանն օդում հուշող ինչ-որ անհասկանալի շարժում է անում․․․
– Այ մարդ, մի բան գրեք, ես գնամ,- տնքում է «հանգստացողը»։
․․․Վերջապես հերթը հասնում է ինձ։ Թռուցիկ նայում է թղթերիս ու անսպասելի դիվոտում՝ էսքան դե՞ղ պիտի դուրս գրեմ, իմ աշխատանքային ժամը վերջացել է։
– Բայց ինչո՞ւ եք բղավում,- փորձում եմ «շողուլի բերել» նրան,- ինձ պետք է ընդունեիք ժամը 12-ին։
– Հասկացի․․․
Ի՞նչ կա չհասկանալու․․․
Փոխտնօրենին նույնանման թեմայով երկու տարի առաջ եմ հանդիպել։
– Ոչ ոք Ձեզ վրա բղավելու իրավունք չունի,- քաջալերում-ցրում է նա,- բայց դե՝ գիտեք, ծանրաբեռնված ենք աշխատում․․․
Խոսակցությանը խառնվում է նաեւ գործն ավարտած տնօրենը։ Նույն անհաղորդ, անտարբեր կեցվածքն ու անհավես առարկությունները։ Իսկ ես միամիտս կարծում էի, թե տիկինը կհրավիրի բռի սրտաբանին, կպարզեն եղելությունը, գուցեեւ ներողություն կխնդրեն։ Ավա՜ղ, տնօրենն աշխատանքն արդեն ավարտել էր․․․

Տիկին նախարար, գուցե այսքան մանրամասն չներկայացնեի (թեեւ շատ ուշագրավ բաներ էլ կրճատեցի) «Արշակունյաց» առողջության կենտրոնի առօրյան, եթե համոզված լինեի, որ, ընդհանուր առմամբ, տիրապետում եք ոլորտում տիրող բարքերին, հակառակ դեպքում՝ օրեր առաջ ինքնավստահ չէիք հայտարարի, թե բուժառուների 80 տոկոսը գոհ է նորույթից, մարդիկ շնորհակալություն են հայտնում, օրհնում, առաջարկություններ անում։ Գուցեեւ էլի չգրեի, եթե դժգոհություններիս ի պատասխան, թերապեւտն անտարբերությամբ չնետեր՝ ինչ ուզում ես, որտեղ ուզում ես՝ գրի (արդեն հետո, երբ ասացի, որ հետեւելու եմ իր «հորդորին», անսպասելի ասաց՝ ղալաթ եմ արել, ամեն ինչ էլի մեր գլխին է կոտրվելու)։

Գանք Ձեզ շեփորած շնորհակալություններին ու օրհնանքներին։ Դրանք յուրօրինակ դրսեւորումներ ունեն այստեղ։ Օրինակ, մարդն «օրհնանքներ» տեղալով՝ դուրս է գալիս թերապեւտի առանձնասենյակից եւ դուռն այնպես է շրխկացնում, որ պատից ծեփեր են թափվում։ Էլի մեկը՝ հարեւան թերապեւտից դժգոհ կինը, հուզմունքից դողալով, ասում է․ – Ո՛չ կոմպյուտերից են բան հասկանում, ո՛չ իրենց գործից, անտերություն է․․․

Հատակը մի քանի շերտ հնոտի լինոլեումով կարկատած բուժհաստատության կիսախավար միջացքում հավաքված մարդիկ ըմբռնումով լռում են։ Գուցե ասեք՝ ոչ մի լավ բան չկա՞ր այդ հիմնարկում։ Կար՝ լաբորատորիայի կանանց բարեկիրթ վերաբերմունքը։ Նույնիսկ ժպիտ տեսա այստեղ։

Ի դեպ, տիկին նախարար, Ձեզ օրհնողների շրջանում շա՞տ են պայթելու աստիճան գիրացած պատգամավորները, մեծ ու փոքր պաշտոնյաները։ Նրանցից ո՞վ գիտի պոլիկլինիկայի տեղը, իր բժշկին։ Նրանք, պետք է կարծել, իրենց հարգն իմացող մարդիկ են․․․
Տիկին Ավանեսյան, որքան էլ անհավատալի թվա, պարզվում է՝ չեք անտեսում «ներքեւից» եկող առաջարկությունները։ Դե, ես էլ միանամ այդ «էնտուզիաստներին»։ Կարծում եմ՝ պետք է արագ կարգավորել առողջապահական հիմնարկներում տիրող խառնափնթոր իրավիճակը (բժիշկները բողոքում են աշխատավարձերի կրճատումից, «ԱրՄեդ» ծրագիրը «կամակորություն» է անում, դուրս գրված դեղերը հաճախ չեն «գտնում» հասցեատիրոջը․․․)։ Ատեստավորել բժիշկներին եւ ըստ դրա արդյունքների կարգեր շնորհելով՝ համարժեք վարձատրություն սահմանել։ Առանձնակի ուշադրություն դարձնել բուժաշխատողների բարեվարքությանը։ Մի խոսքով, պայմաններ ստեղծել, որ առողջապահական հիմնարկներ այցելող մարդիկ նորմալ բուժում ստանան, գոնե նոր հիվանդություններ ձեռք չբերեն (սրտաբանն ինֆարկտի չհասցնի, նյարդաբանը «ներվերը չուտի», թերապեւտը ղալաթ չանի․․․) եւ իսկապես օրհնեն «էն սհաթը», երբ փորձեցիք մի լավ բան անել․․․

ՀԳ․ Տիկին նախարար, գրելու ողջ ընթացքում աչքիս առաջ հանրահայտ բժիշկ Արմեն Չարչյանն էր, որը տարիներ առաջ, ոչ ստանդարտ մեթոդներով, փրկեց որդուս՝ ոտքի անդամահատումից (ի դեպ, օսցեոմելիտ ախտանշանն ի հայտ եկավ պոլիկլինիկայում «չիբանի» անտեղի վիրահատումից հետո)։ Առիթ է՝ երախտիքս հայտնելու այս մեծ մարդուն ու տաղանդավոր բժշկին։ Օրերս իր առանձնասենյակում կատարված անհեթեթ, նվաստացուցիչ խուզարկությունից անմիջապես հետո նա շտապեց վիրահատարան․․․ Արմեն Չարչյանի մեջ խոսում էր Հիպոկրատը․․․

Սիմոն Հակոբյան
Ժուռնալիստների միության անդամ
Պրոֆեսոր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞Վ ՍՊԱՆԵՑ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ…Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Այսօր, ինֆորմացիայի առատության շրջանում, մեզանից յուրաքանչյուրը կարող է որոշակի փաստեր համադրել և փորձելով հասկանալ իրականությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով