Ընդդիմադիրների կողմից միմյանց «հարվածելը» հանգեցնելու է Նիկոլի վերարտադրությանը

Ընդդիմադիրների կողմից միմյանց «հարվածելը» հանգեցնելու է Նիկոլի վերարտադրությանը

Mon, 02 Mar 2026 17:45:18 +0400


Ոնց երևում է՝ ստիպված եմ երկրորդ անգամ անդրադառնալ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությանը: Տվյալ դեպքում՝ մտքերին: Դրանք՝ Սփյուռքի, միավորման կամ «և…և»-ի, Բաքվում բանտարկված մեր գերիների, փաստաբանի գործունեության և այլնի վերաբերյալ, գրագետ են ու պահանջված մեր այսօրվա իրականության տեսակետից: Բայց կա մեկ-երկու միտք, որոնց համաձայն լինել չեմ կարող՝ խոսքը գործարար Սամվել Կարապետյանին վերաբերող մտքերի մասին է: Այն, որ ի դեմս Կարապետյանի՝ «Ռուսաստանն ունի իր թեկնածուն», և յուրաքանչյուր մեր ղեկավարի գործունեության սկզբի՝ Սահմանադրություն փոխելու մասին:

Նախ քննարկենք առաջինը: Ռուսաստանը չի ուղարկել Սամվել Կարապետյանին որպես իր թեկնածուի՝ ավելի ծանր բնորոշում չտամ: Գործարարն ընդամենը եկել էր հոր քառասունքին մասնակցելու նպատակով: Եվ եկեղեցին «իր ձևով» պաշտպանելն էլ ո՛չ ՌԴ-ից ուղերձ էր և ո՛չ էլ իշխանությունը զավթելու կոչ: Հատկապես այն որպես կոչ կարող էր ընկալել միայն հիվանդ ուղեղ ունեցողը: Իսկ որ Կարապետյանը չէր կարող ի պաշտպանություն եկեղեցու չասել մեկ-երկու բառ, դա ավելի քան պարզ էր: Որովհետև մի քանի տասնյակ միլիոն դոլար Մայր Տաճարի վերանորոգմանը նվիրաբերող անձի տեսակետից եկեղեցու դեմ արշավին անտարբեր մնալը տրամաբանական չէր: Ու հենց վարչապետի աթոռից կառչած անձի կողմից նրան կալանավորելն էլ դարձավ այն հիմքը, որի վրա ձևավորվեց ընդդիմադիր «Մեր ձևով» շարժումն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Ինչը չէր լինի՝ եթե ինքը ոչ թե կալանավորվեր, այլ վերադառնար Ռուսաստան: Ու այդ դեպքում չէր զրկվի՝ թեկուզ ժամանակավորապես (ես այդպես եմ կարծում) Հայաստանի էլեկտրական ցանցերից: Ժամանակավորապես, քանի որ իշխանափոխությունից հետո այն կվերադարձվի սեփականատիրոջը: Իսկ գործող իշխանության վերարտադության դեպքում որոշ ժամանակ անց չի լինի նաև Հայաստանը: Համենայն դեպս այն տեսքով, ինչպիսին առկա է գոնե այսօր:

Եվ վերջապես անդրադառնանք Կարապետյանի, անընդհատ տարփողվող, «ռուսաստանցի» լինելու հանգամանքին: Երևույթն ավելի լավ պատկերացնելու նպատակով մի համեմատություն բերենք: Երբ Բիձինա Իվանիշվիլին կարծեմ 1 միլիարդ դոլարի ներդրումներ էր կատարում Վրաստանում՝ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չէր մտաբերում, որ այդ գումարները գեներացվել են Ռուսաստանում: Սակայն երբ վրացի միլիարդատերը ձեռնոց նետեց նախագահի իշխանությանը՝ վերջինս անմիջապես հիշեց դա: Չնայած Իվանիշվիլին Ռուսաստանը լքելուց հետո ստացել էր ֆրանսիական, ինչպես նաև վրացական քաղաքացիություն: Ռուսաստանից հիմնականում տեղափոխել էր նաև բիզնեսը: Ի դեպ, որպես ռուսաստանցի մեղադրված գործարարը Վրաստանի պատմության մեջ կմնա ավելի ազգային պետական գործիչ, քան այդ բառն իր կուսակցության անվանմաn մեջ ներառած նախկին նախագահը: Հաշվի առնելով, որ Իվանիշվիլին իրական ինքնիշխանություն է պարգևել իր հայրենիքին՝ ազատելով թուրքական ու հատկապես արևմտյան կապանքներից: Միաժամանակ չվերադարձնելով երկիրը ռուսական ազդեցության ծիրին մեջ:
Գանք Սահմանադրություն փոխելու անթույլատրելիության հարցին: Տեսականորեն դա ճիշտ տեսակետ է. Սահմանադրությունը հագուստ չէ, որպեսզի յուրաքանչյուր նորելուկ ղեկավար այն հարմարեցնի իրեն: Ինչպես դա կատարվել է մեր երկրում անկախութուն ձեռք բերելուց հետո: Բայց երբ այդ խնդիրն ընդունում է ճակատագրական բնույթ, ապա բացարձակ տեղին չէ այն բարձրաձայնելը: Ու դրանով ընդդիմության հիմնական դերակատարին հարվածելը: Հատկապես որ վերջին փոփոխությունը կոչված է վերջակետ դնելու հայոց արհավիրքներին ու այդ թվում նվաստացմանը: Ինչը նշանակում է, որ դա մի անգամ ևս պետք է տեղի ունենա: Որից հետո համազգային համաձայնությամբ պետք է մշակվի այնպիսի տեքստ, որ որևէ մեկի մտքով երբևէ չանցնի այն փոխելու գաղափարը: Ասվածը կարելի է ընկալել նույն տրամաբանությամբ, ինչ ֆրանսիական հեղափոխական «նորամուծություններից» գիլյոտինի՝ վիզ կտրելու գործիքի, պատմությանը: Այն իր լայն կիրառումը ստացավ Յակոբինյան իշխանության օրոք: Վերջում, ի դեպ, կտրելով Ռոբեսպիերի ու նրա համախոհներից մի քանիսի գլուխները՝ դարձավ թանգարանային նմուշ: Ենթադրաբար այն գիլոտին սայրը, որով կտրվել էին նաև թագավոր Լյուդովիկոս 16-րդի ու թագուհու՝ Մարի Անտուանետի, գլուխները, տեղ գտավ լոնդոնյան թանգարաններից մեկում: Իսկ գիլոտինն ընդհանրապես, որպես մահապատժի գործիք, օգտագործվեց մինչև 20-րդ դարի 70-ական թվականները:

Ինչևէ, ընդդիմադիր Արման Թաթոյանի՝ ընդդիմադիր Սամվել Կարապետյանին «հարվածելը» ոչ թե նպաստելու է իր ընտրությանը, այլ հանգեցնելու է գործող իշխանության վերարտադրությանը:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

7 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

7 ժամ ago

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Thu, 22 Oct 2026 23:34:47 +0400…

7 ժամ ago

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը…

8 ժամ ago

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը Thu,…

8 ժամ ago

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

8 ժամ ago