Ով է կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված ՊՆ պաշտոնյան
Mon, 02 Mar 2026 19:15:14 +0400

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, թե ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար. նրան ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել․ նախաքննությունն ավարտվել է։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ենթադրաբար կաշառք պահանջած եւ ստացած ՊՆ աշխատակիցը Նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Արմավիրի մարզի զինվորական կոմիսարիատի սպա-վարչատնտեսական խմբի պետ Արտյոմ Պետրոսյանն է, նրան ենթադրաբար կաշառք տված եւ դրա մասին տեղյակ քաղաքացիներն են՝ Ազատ Քյարամյանը, Մերուժան Քոչարյանը, վերջինիս որդի Համազասպ Քոչարյանը եւ Արամ Վարդանյանը։ Բացի ՊՆ աշխատակցից, ով կալանավորված է, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր