Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

«Հրապարակ»․ Ընտրությունները մոտ են. ընտրակաշառք` տանիքների շիֆերների տեսքով

«Հրապարակ»․ Ընտրությունները մոտ են. ընտրակաշառք` տանիքների շիֆերների տեսքով

Wed, 04 Mar 2026 09:45:23 +0400


Տավուշի սահմանամերձ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչներին հայտնել են, որ առաջիկայում իրենց տների տանիքների շիֆերներով ծածկերը փոխելու են, տեղադրվելու են նոր, մետաղաթիթեղյա ծածկեր։ Գյուղերի վարչական ղեկավարներից տեղեկացա՝ սկզբում հայտնել են, որ փոխելու համար պետք է հաշվառել միայն առանձնատների ծածկերի շիֆերների մակերեսը, սակայն հետո պահանջել են նաեւ տներին կից պահեստների, խորդանոցների շիֆերների ծածկի ընդհանուր մակերեսի տվյալները։ Այդ տվյալներն ուղարկվել են Տավուշի մարզպետարան։ Մենք տեղեկացանք, որ նման աշխատանքներ կատարվում են նաեւ Լոռու մարզում:

Գյուղերում բնակիչներ կան, որոնք որոշել էին սեփական միջոցներով փոխել իրենց տների ծածկը, սակայն լսելով, որ նման ծրագիր է իրականացվելու, սպասում են դրան։ Բնակիչներին հայտնել են, որ շիֆերների մեջ ասբեստ կա, որը քաղցկեղածին է, ուստի շիֆերներով ծածկը պետք է փոխարինել թիթեղներով։ Գյուղացիները տարակուսած են՝ եթե շիֆերները քաղցկեղ են առաջացնում, ինչո՞ւ նախկինում այդ մասին չէին հայտնում։ Ուշագրավ է, որ վերոհիշյալ գյուղերը տուժել են 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ, պաշտպանական դիրքեր հանձնելու հետեւանքով։ ԱԺ ընտրություններից 3 ամիս առաջ իրականացվող այդ ծրագիրը պատահական չէ: Պատահական չէ այն, որ որոշել են վերսկսել սահմանամերձ գյուղերում առանձնատների կառուցման ծրագիրը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մարտի 1-ին ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից եւ հայտարարել․ «Դուք գիտեիք, որ մենք ունեինք սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիր, որը հայտնի էր ավելի շատ «16 միլիոնների ծրագիր» անվանմամբ, որովհետեւ 16 միլիոն դրամ աջակցություն էին տալիս` որոշ բացառություններով: Որտեղ էլ 21 միլիոն էին տալիս՝ մի քանի գյուղում, առանձնատներ կառուցելու համար, այն քաղաքացիներին, որոնք բավարարում էին որոշակի պայմաններ։ Իսկ պայմանները հետեւյալն էին, որ տանը պետք է լիներ անչափահաս երեխա ընտանիքում, կամ առնվազն ամուսինների տարիքը չպետք է գերազանցեր 75 տարեկանը։ Հիմա ծրագիրը վերագործարկում ենք 3 կոմպոնենտով։ Որպեսզի պարզ լինի, փորձեմ արագ բացատրել: Ուրեմն՝ առաջին կոմպոնենտն այն քաղաքացիների համար է, որոնք չէին հասցրել օգտվել նախկին ծրագրից, սակայն ունեին հողամաս կամ շինթույլտվություն՝ մինչեւ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ, իսկ հողամասն էլ եթե ձեռք էր բերվել 24-ի սեպտեմբերից մինչեւ մայիսի 1-ը` էդ հատվածում, երբ որ ծրագիրը կրկին երկարացվել էր։ 2-րդ կոմպոնենտը նոր քվոտաներն են՝ որոշակի բնակավայրերի համար, որտեղ որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել։ Բայց դա այն բնակավայրերն են, որոնք որ կային 1-ին ծրագրի մեջ։ Եվ 3-րդ կոմպոնենտը` մենք ընդլայնում ենք դպրոցաշինության հետ կապված։ Մենք մի նման գյուղ ունեինք, դա Վայքի Գոմք գյուղն էր։ Բայց մենք հիմա այդ ցուցակն ընդլայնում ենք եւ այլ մարզերի նաեւ, մինչեւ այդ երբեւէ չեղած մարզերի շատ գյուղերում քվոտաներ ենք տալիս, որտեղ որ կառուցվում են նոր դպրոցներ, որպեսզի խթանենք այդ դպրոցներում աշակերտների ավելացումը։ Ցանկը հիմա հրապարակված է e-draft կայքում, ես էս ուղիղ եթերի տակ այն կդնեմ, որպեսզի դուք ծանոթանաք, եւ, ամենայն հավանականությամբ,՝ 2-3 շաբաթվա մեջ կառավարության այդ որոշումը կընդունվի, եւ մենք կվերագործարկենք այս շատ կարեւոր ծրագիրը»։ Արսեն Թորոսյանն այդ ուղիղ եթերում հայտնել է նաեւ, որ այդ ծրագիրը մինչ այժմ 2 հազար 300 շահառու ունի, որոնք նոր տներ են կառուցել։ Հիմա իշխանությունը սահմանագոտու, արդեն նաեւ՝ ոչ սահմանագոտու բնակիչների համար տների կառուցումը ֆինանսավորում է, խոստանում է նրանց տանիքների քաղցկեղածին շիֆերները փոխարինել նոր, մետաղյա թիթեղներով։

Իսկ նախկին իշխանությունների տված նախընտրական նվերների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Նոյեմբերյան քաղաքում, բնակիչների հետ զրույցում ասել էր․ «Հիշո՞ւմ ե ք, որ ընտրություններին գալիս, տուկի թել էին բաժանում, բրինձ էին բաժանում, որ ձայներ ստանան, բա հիմա կարա՞ս տուկի թելով, ո՞ւմ կզարմացնես տուկի թելով կամ բրնձով, կամ 5 հազար դրամով»։ Իրենք ընտրակաշառքը զարգացրել են` նոր ձեւեր գտել․ տուկի թելի ու բրնձի փոխարեն հիմա բնակիչների համար տներ են կառուցում, խոստանում դրանց տանիքների քաղցկեղածին ծածկերը փոխել։ Բայց մի մեծ տարբերություն կա․ տուկի թելն ու բրինձը մեծահարուստներն էին բաժանում` սեփական ֆինանսական միջոցներից, իսկ տանիքներն ու տները պետական միջոցների հաշվին են կառուցում` բոլորիս վճարած հարկերից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին Sat, 28 Feb 2026 23:15:47 +0400 Իրանը հայտնել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով