Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են

Նոր ներխուժումներ են եղել ՀՀ, որոնք թաքցրել են

Wed, 04 Mar 2026 12:07:29 +0400


Հայաստանում արձանագրվել են նոր ներխուժումներ, որոնք, ըստ հայտարարության, չեն ներկայացվել հանրությանը։ Այս մասին մարտի 4-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ իր ներկայացրած տվյալները հիմնված են արբանյակային լուսանկարների վրա և վկայում են կոնկրետ փաստերի մասին։ Նա քարտեզի վրա ցույց է տվել այն հատվածները, որտեղ, իր պնդմամբ, արձանագրվել են նոր տեղաշարժեր և դիրքավորման փոփոխություններ։

Առաջին դեպքը, ըստ նրա, վերաբերում է Վարդենիսի հատվածին։ Թաթոյանը նշել է, որ այնտեղ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայվել է նոր ադրբեջանական մարտական դիրք։ Նրա ներկայացմամբ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքը չի արձանագրվել արբանյակային լուսանկարներում, սակայն օգոստոսի 19-ից առաջ արդեն առկա է եղել։

Նրա պնդմամբ՝ խոսքը մարտական հերթապահություն իրականացնող դիրքի մասին է, որտեղ նախատեսված են կրակային կետեր խոշոր տրամաչափի զինատեսակների համար՝ ներառյալ նռնականետեր, ականանետեր և այլ սպառազինություն։ Բացի այդ, ըստ ներկայացվածի, դիրքում առկա են հրաձգային կետեր և առանձին հաղորդակցման ուղիներ։

Թաթոյանը նշել է, որ այդ դիրքից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվում է Սոթքի հանքավայրը, որը, նրա խոսքով, հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Նա հավելել է, որ տեսանելիության և կրակային հասանելիության գոտում է նաև Վարդենիսի Կութ գյուղը, իսկ մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվում են հայկական արոտավայրերն ու վարելահողերը։ Ըստ նրա՝ դիրքից մինչև հայկական ճանապարհներից մեկը ընդամենը շուրջ 200 մետր է։

Թաթոյանի գնահատմամբ՝ այդ դիրքի նպատակը ոչ միայն քաղաքացիական բնակավայրերի վրա ճնշում գործադրելն է, այլև հայ զինվորականների նկատմամբ սպառնալիք ստեղծելը։ Նա նաև նշել է, որ դիրքն ամրացված է, այնտեղ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, տեղադրվել են արևային պանելներ և ստեղծվել են կայուն պայմաններ երկարաժամկետ տեղակայման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը Wed, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով