«Սերը սուտ է, պեռաշկի կերեք»

«Սերը սուտ է, պեռաշկի կերեք»

Wed, 04 Mar 2026 17:15:17 +0400


Մի ավտոբուս լիքը՝ Աննայի ընկերներն ու գաղափարակիցներն ուրախ-զվարթ շրջում են մարզերում, ոչինչ չի փոխվել աշխարհում՝ միայն այն պատճառով, որ վարչապետի դե յուրե չամուսնացած կինը հիմա էլ դե ֆակտո հեռացել է նրանից։ Պատմությունն այսպես է պատահել․ բարի փերիները, որ մոխրոտիկին ուղարկել էին դղյակ, ապահովել էին նրա համար ճոխ կյանք, մուշտակներ ու ատլասե զգեստներ՝ կարճ ու երկար, գեղեցիկ եւ տգեղ, բազմաթիվ զարդեր՝ իսկական եւ արհեստական, բոլորն էլ՝ թանկարժեք։ Բայց զգուշացում կար՝ ընտրություններից առաջ, 100 օրը չլրացած, պետք է թողնես այդ ամենն ու հեռանաս դղյակից, եւ մեքենան կդառնա դդում, զգեստը՝ ջինս ու վադալազկա, եւ դու կլինես նորից մոխրոտիկ։ Ի՜նչ դաժան կյանքով է ապրել դղյակում մոխրոտը․ նա աճպարարություն է արել, օրինակ՝ ստիպված է եղել կառավարական ամառանոցի այգում «բանջարեղեններ» աճեցնել եւ շրջափակման մեջ սովի մատնված արցախցիներին ակնարկով նախատել է, թե՝ բա դուք ինչի՞ չեք աճեցրել, որ հիմա էլ քաղցած եք մնացել։ Դա աճպարարություն էր, քանի որ դիտողը կադրում ճանաչեց սուպերմարկետների թանկանոց, անգամ ներմուծված բանջարեղեն, բայց դե՝ մարդուն ստիպել են աճպարար լինել։ Հետո նա հագնվել է տեղին եւ թեմային անհամապատասխան զգեստներ, երբեմն բացահայտ զգացվում էր, որ դրանք իրենը չեն, ուրիշինն են, հանելու է՝ հետ տա։ Իսկ եթե վատն էին կերպարները, եւ նա երբեմն դարձել է ոչ միայն հայ հանրույթի ծաղրի առարկա եւ դրա համար ցավում է, ներողամտություն է հայցում՝ ավել-պակասի համար, ինչպես ասում են։ Գնում է, սրտիկ չի անում, չի խաբում, թե բոլորին սիրում է, քանզի նման խոսքերին նա չի հավատում։ Նա չի հավատում, մենք ինչո՞ւ պիտի հավատանք։

Եվ այսպես՝ Շառլ Պերոն չի երազել այսքան դաժան։ Սա, անկասկած, սցենար է, որը գրել են հերոսի կեղծ պապիկի, օրը մեջ քովիդով հիվանդացող-լավացող վարչապետի, բանջարեղեններ աճեցնող, իսկ պատերազմի ժամանակ անագե տոկուն զինվորիկի նման ճակատամարտ մեկնող, գիրք կարդացող եւ բոլորին կրթող, ամուսնուն շատ սիրող, նրա հետ պերաշկի-կուկուռուզ ուտող առաջին տիկնոջ մասին հեքիաթների հեղինակները։ Կա պահանջարկ՝ կա առաջարկ, նրանց թվացել է, թե ընտրողն այդ ամենին հավատում է։

Ընտրողը հեքիաթներին հավատացող փոքրիկ երեխա է, բայց նոր հեքիաթասացները ոչ մի նոր բան մտածել չեն կարողանում։ Նրանք գողանում են հայտնի հեքիաթները, խառնում իրար՝ ստանում մի հետաքրքիր, զազրելի փունջ։ Ահա՝ արքայազնը, իր փախած մոխրոտիկին փնտրելու փոխարեն, հավաքել է մի ավտոբուս լիքը՝ բոլոր հեքիաթների հերոսներին ու նրանց հետ շրջում է մարզերում, սիրում-սիրահետում է ընտրողներին՝ անկախ սեռից ու տարիքից։ Բրեմենյան երաժիշտները հրճվում են․ Тем, кто дружен, не страшны тревоги. Нам любые дороги дороги. Յե, յե-յե, յե-յե․․․ Արքայազնը Կապույտ մորուքի հետ անսոխ պեռաշկի է վայելում, իսկ խոզուկն ու նապաստակը չեն տխրում, չեն հիշում իրենց ընկերուհուն եւ գաղափարակցին, ընդհանրապես գոհ են եւ երջանիկ, որ նա չկա։ Հիասթափված են քոմենթների հերոսները, մեկը գրում է․ «Սերը սուտ է, պեռաշկի կերեք»․ ահա թե ինչ կցուցանի այդ առակը։
Սա տխուր պատմություն է, կա դրանում իրականություն, թե ոչ՝ անգամ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ հեքիաթները, ընդհանրապես, արժեքներ են ձեւավորում, դաստիարակում են, իսկ այս խումբն ուղղակի ոտնակոխ է անում ամեն արժեք, այդ թվում՝ հայրենիքը, ընտանիքը, սերը եւ պարզ մարդկային հավատարմությունը՝ ընկերոջ, թե զուգընկերոջ նկատմամբ։

Ես սատարում եմ քույր Աննային, հավատում եմ, որ այդ դղյակից կարելի էր փախչել։ Դա կարող էր լինել ամենառացիոնալ քայլը, այն դեպքում, երբ դրան հաջորդող օրերին իր ընկերներն ամենեւին չեն տխրել, իսկ սիրառատ ամուսինը նոր կուկուռուզակեր ընկեր է գտել եւ ուտում է նույն ախորժակով։ Հեքիաթները, ինչպիսին էլ լինեն, ավարտվում են նույն վերջաբանով․ բարին հաղթում է, չարը՝ պարտվում։ Երկնքից երեք խնձոր է ընկնում՝ իմաստնության խնձորներ, որոնք վերջաբանն են բոլոր, անգամ ամենաանտաղանդ հեքիաթների։ Մեկը ձեզ՝ որ աճպարար եք եւ հեքիաթասաց։ Կուտեք, կհասկանաք, որ միշտ կգտնվի մի երեխա, որը կգոռա՝ մերկ է թագավորը, եւ կփակի իր խանութի դուռը՝ չվախենալով Ալի Բաբայի 40 ավազակներից։ Լավ է, որ նա դեռ ողջ է, դեռ նրան մարդակերները չեն կերել ու հպարտանում են այդ մեծ ձեռքբերմամբ։ Կուտեք, կհասկանաք, որ նրան ուտել չարժե։ Մյուս խնձորը՝ ընտրողին, որը դյուրահավատ է, երբեմն՝ անհավատ։ Կուտի, կհասկանա, որ ամենակարեւորն աչքով չես տեսնի, պետք է սրտով հասկանալ, երբ քեզ անընդհատ խաբում են։ Երրորդ խնձորն էլ՝ չարին հաղթող բարի հերոսին, որ ուտի ու հասկանա, որ սպանելով հրեշին՝ կարող են եւ հրեշ դառնալ, մինչդեռ հանրությունն արդեն հրեշներ տեսել է ու սպասում է փրկչին։

Այս պատմության մեջ բոլոր համընկնումները պատահական են, բոլոր նմանությունները՝ հեքիաթային, բացի կարկանդակից։ Այն իրական է, թեեւ առանց սոխի՝ էլ ինչ իսկական պեռաշկի․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներկայացվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը

Ներկայացվել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը Wed, 04 Mar 2026 22:30:41 +0400 ՖԻՖԱ-ն ներկայացրել…

16 րոպե ago

Чужой в Армении — это ты, Никол Пашинян.

Чужой в Армении — это ты, Никол Пашинян. Wed, 04 Mar 2026 22:15:49 +0400 Читаю…

31 րոպե ago

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Wed, 04 Mar 2026 22:15:00…

31 րոպե ago

Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Wed, 04 Mar…

43 րոպե ago

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից

«Ռեալում» հիասթափված են գլխավոր մարզչից Wed, 04 Mar 2026 22:00:05 +0400 Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հիասթափված…

46 րոպե ago

Мишень — Гарни: как в Баку пытаются «отредактировать» историю главного античного храма Армении

Мишень — Гарни: как в Баку пытаются «отредактировать» историю главного античного храма Армении Wed, 04…

1 ժամ ago