«Հրապարակ». Ռուսաստանը պետք է ավելի վճռական գործեր` 2020 թվականի պատերազմը կանխելու համար
Thu, 05 Mar 2026 09:15:55 +0400

Հարցազրույց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ
– Ուզում ենք լսել Ձեր կարծիքը՝ մի քանի ակտուալ հարցի շուրջ: Մեր իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը սիրաշահում են Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին՝ Թրիփ նախագիծն են առաջ հրում, ցանկանում են դադարեցնել Հարավկովկասյան երկաթուղու լիցենզիան, Թրամփի հետ ուզում են մոդուլային ատոմակայան կառուցել, Սոլովյովի հաղորդումը փակեցին, չեն վերականգնում ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ասում է, թե ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ: Ըստ Ձեզ, ո՞րն է իրականությունը։
– Ինչ վերաբերում է Պուտինի հետ Փաշինյանի լավ հարաբերություններին, ապա դրանք ինչպիսին էլ լինեն, չեն հերքում այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը հեռանում է Ռուսաստանից, չի հանդիսանում, ըստ էության, Ռուսաստանի դաշնակիցը, ինչի մասին հրապարակավ հայտարարվել է ո՛չ երեկ, ո՛չ այսօր, այլ՝ սկսած 22 թվականից տարբեր եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, որտեղ ասվել է, որ Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի դաշնակիցը, օրինակ, հատուկ ռազմական գործողության հարցում: Եթե նա դաշնակից չէ, ապա այդ դեպքում ի՞նչ է, ելնելով նրա պարտավորություններից, այդ թվում: Պարոն Փաշինյանը եւ նրա համախոհները սիրում են մեղադրել Ռուսաստանին այն բանի համար, որ նա 22 թվականին չի կռվել Հայաստանի կողմից, երբ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածք, բայց դրա հետ մեկտեղ չի մեղադրում ինքն իրեն այն ամենի համար, որ հասցրել է ինքը, նաեւ՝ մյուսները, խոսել Ռուսաստանի եւ նրա կոնֆլիկտի մասին Արեւմուտքի եւ Ուկրաինայի հետ:
– Կարծում եք, նա չպե՞տք է պահանջեր իր դաշնակցից՝ կատարել պարտավորությունները:
– Պահանջելով մեզնից պարտավորությունների կատարում, նա՝ ինքը, Ռուսաստանի հանդեպ երբեք ոչ մի դաշնակցային պարտավորություններով չի առաջնորդվել: Այն հակասական քայլերը, որ Դուք թվարկեցիք, մենք կարող ենք բազմապատկել մինչեւ հավերժություն: Նրա պայքարը երկրի ներսում՝ իր վերընտրվելու համար, ենթադրում է հարվածներ հասցնել հայկական եկեղեցուն, այն մարդկանց, ՌԴ քաղաքացիներին, որոնք այսօր դատվում են, Սամվել Կարապետյանին: Նրա շողոքորթումը Թրամփի եւ նրա ծրագրերի հանդեպ, Հայաստանի սուվերենությունը հանձնելու նրա պատրաստակամությունը՝ Զանգեզուրի միջանցք կամ Թրիփ ուղու շրջանակներում, իմ կարծիքով, ամենեւին չի համապատասխանում Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, որին պարոն Թրամփը, պարոն Ալիեւի հետ, փորձում է հեռացնել Կովկասից: Նրա համախոհները խորհրդարանում ընդունեցին մերկապարանոց օրենք՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին», շատ լավ գիտակցելով, որ այդպիսի «պարի» հրավեր անգամ չեն ստացել ԵԽ-ի կողմից ու չեն էլ ստանա: Ինչո՞ւ է դա արվում: Որպեսզի միակողմանի արեւմտակենտրոն գիտակցություն ձեւավորեն հայերի մոտ, որ մարդիկ, հատկապես երիտասարդները, համարեն, որ Հայաստանի ապագան Եվրոպական Միությանն անդամակցության համար մաքառումն է, եւ փախչեն Ռուսաստանի, Եվրասիական միության հետ կապերից: Հեգնանքն այն է, եթե ավելին չասեմ, որ հենց ԵԱՏՄ-ին անդամակցելով, Ռուսաստանի հետ հարաբերություններով է Հայաստանի տնտեսությունը շահույթ ունենում, հետեւապես, այդ հարաբերություններից շահում, «աչոկ է ստանում» հենց ինքը՝ Փաշինյանը: Ցանկացած տեսակի հանդիպումներն ու ձեռքսեղմումները չեն կարող փոխարինել գործին: Փաշինյանին գործով էլ դատում են, իսկ նրա գործերը միանշանակ են, պետք չէ գուշակների մոտ գնալ, համլետյան հարց տալ՝ լինել, թե չլինել: Փաշինյանը ստեղծագործաբար իրագործում է այն գիծը, որը նախանշել էր, երբ դեռ ո՛չ վարչապետ էր, ո՛չ պատգամավոր: Այդ ամենը չի պահանջում ապացույցներ, նա այս իմաստով հետեւողական է: Նա որոշ ժամանակ, ասենք՝ 2018-2022 թթ., ստիպված է եղել բառեր արտասանել, որոնք իրականում չէր կիսել։ Ինչպեսեւ այսօր, պնդումը, թե բարեկամական հարաբերություններ ունի Պուտինի հետ, նույնպես ստիպված է անում, այն քննադատության ֆոնին, որը որ ծավալվում է մարդկանց կողմից, ովքեր չեն հասկանում, թե հանուն ինչի է Հայաստանը ոչնչացնում հարյուրամյակների հարաբերությունները: Հարց է ծագում՝ ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնել՝ կռվել Հայաստանի կողմից բոլո՞ր կոնֆլիկտներում, որոնք կարող են լինել, պաշտպանե՞լ Հայաստանին հարձակման դեպքում: Որքան ես գիտեմ, ուղիղ հարց եղել է այդ մասին, արդեն Վենսի այցից հետո, եւ ամերիկյան լսարանին պատասխանել են՝ մենք չունենք որեւէ պարտավորություն: Իսկ Ռուսաստանը եւ Հայաստանը, առաջվա պես, միմյանց հանդեպ նման պարտավորություններ ունեն: Այդ պարտավորությունները Հայաստանի կառավարությունն իր վրայից գցում է, դավաճանում է ամեն օր եւ ընթացքում ստում է, ինչպես ստում էր պարոն Սիմոնյանը՝ Մոսկվա կատարած իր այցի ժամանակ, փետրվարին, ասելով՝ ես ոչինչ չեմ ասել, я ничего не говорил, и хата не моя: Անգամ պատրաստ է դատի տալ նրանց, ովքեր հակառակն են պնդում: Նրան հաջողություն եմ ցանկանում: Ճիշտ է, նա այդ դատը կշահի միայն մի դեպքում՝ եթե հենց ինքը լինի դատավորը:
– Եվրոպան, միանշանակ, իր գործողություններով հասկացնում է, որ Հայաստանի ապագա վարչապետի աթոռին կցանկանար տեսնել Փաշինյանին: Ռուսաստանի դիրքորոշումը հստակ չէ: Կա՞ մի գործիչ, որին Ռուսաստանը կցանկանար տեսնել որպես ՀՀ ղեկավար:
– Ոչ միայն Եվրոպան, այլեւ Վենսն է այդ մասին ասել՝ որ աջակցում է Փաշինյանին: Բայց Ռուսաստանն այդպես չի արտահայտվում նախագահի կամ արտգործնախարարի, կամ վարչապետի մակարդակով: Բայց մի՞թե հայերի պես խելացի ժողովուրդը կասկածում է, որ Ռուսաստանն ամենաքիչն է շահագրգռված իր ազգային շահերի առումով, որ Փաշինյան կոչվող «հրաշքը» շարունակվի:
– Բայց, մյուս կողմից, դուք կարծես թե պաշտպանում եք ռուսամետ ուժերին` առաջադրվել եւ փոշիացնել ձայները, հօգուտ Փաշինյանի, օրինակ` Վահան Բաբայան-Վաղարշակ Հարությունյան տանդեմին: Այդ մարդկանց շանսերը մեծ չեն ապագա ընտրություններում:
– Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը հրապարակավ չի հայտնում իր նախապատվությունների մասին՝ համարելով, որ այդ հարցը հայերը պետք է ինքնուրույն լուծեն:
– Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը մեր ռեգիոնում չի՞ նշանակում, որ Ռուսաստանը ձեռքը թափ է տվել եւ դուրս է գալիս Կովկասից, մասնավորապես՝ մեր տարածաշրջանից:
– Ռուսաստանը երբեք ձեռքը թափ չի տվել Կովկասի վրա: Ռուսաստանին փորձում են դուրս մղել Կովկասից եւ հասնում են ինչ-որ սեզոնային հաջողությունների, չեմ թաքցնի, ինչում նաեւ մեր սխալներն ու վրիպումներն են դեր խաղացել, դա ճիշտ է: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե Ռուսաստանում որեւէ մեկը պատրաստվում է մոռանալ Կովկաս մտնելու պատմությունը: Ի դեպ, մենք եկանք Կովկաս, մեծ հաշվով՝ վրացիների եւ հայերի հրավերով, նրանց հարեւաններից պաշտպանելու համար, որոնք նրանց ֆիզիկապես ոչնչացնում ու փորձում էին ասիմիլացնել: Ու Ռուսաստանը կանի դա: Այդպիսին է ոչ միայն իմ տեսակետը, այլեւ մեր ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության նախագահի տեսակետը: Ես ականատես եմ եղել․ տարիներ առաջ՝ մինչփաշինյանական շրջանում, ՌԴ նախագահ Պուտինը, պաշտոնական այցի ժամանակ ելույթ ունենալով Գյումրիում, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հիշեց, որ Գյումրիում, Ալեքսանդրապոլում էր ծառայել մեր հայտնի՝ «Սլավոնուհու հրաժեշտը» երգի հեղինակը՝ Ագապկինը: Պուտինն ասաց՝ միայն նկատի ունեցեք, որ Ագապկինը հրաժեշտ ասելով բոլորովին այլ բան նկատի ուներ, իսկ մենք Կովկասից ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ: Եվ ես ոգեշնչվում եմ այդ դրվագով, երբ արտահայտվում եմ կամ գործում եմ հանուն Կովկասում ՌԴ շահերի եւ շարունակելու եմ դա անել:
– Վերջին հարցը՝ այսօր դուք վերագնահատո՞ւմ եք Ռուսաստանի վարքագիծը, որը դուրս եկավ Արցախից: Կա՞ գիտակցում, որ դա սխալ քայլ էր, եւ պետք չէր հանձնել Արցախը:
– Սխալը ոչ թե այդ պահին էր, այդ պահին արդեն նախկին սխալների հետեւանքներն էին: Իսկ սխալը, իմ կարծիքով, այն էր, որ 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ: Ռուսաստանը պետք է ավելի վճռական գործեր՝ այդ պատերազմը կանխելու համար: Ցավոք, դա տեղի չունեցավ: Իսկ մնացյալը հետեւանք էր:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր