«Հրապարակ»․ Մինչեւ մեկ ամիս՝ համալիրում աշխատանքը պետք է ավարտված լինի
Thu, 05 Mar 2026 10:45:02 +0400

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողի` Ծիծեռնակաբերդի վերանորոգման անվան տակ իրականացված ավերածության մասին: Նշել էր, որ անհասկանալի է, թե մի ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, որ մի քանի օր առաջ է դարձել գլխավոր ճարտարապետ, ինչպես է նախագծում եւ վերանորոգում Եղեռնի հուշահամալիրը: Նկատի ուներ համալիրի նորոգման գործընթացին մասնակցող Սաշուր Քալաշյանին:
«Ընդամենը նուրբ խոզանակներով պետք էր այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, չորացնել ֆենով եւ հետագայում՝ հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնցով պետք է մշակել այդ հատվածները։ Այդ նյութերը թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան այն մեթոդաբանությունը, որ ընտրվել է այսօր Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ մենք կծախսեինք, ենթադրենք, 1-2 ամիս ուսումնասիրության վրա, մեկ ամիս կծախսեինք վերանորոգման, մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերեինք, եւ եւս մեկ ամիս՝ հիդրոֆոբ նյութերով մշակելու վրա, որոնք թափանցիկ նյութեր են, քարի որակն ու տեսքը չեն փոխում։ Հիմա մենք ծախսել ենք եւ հավելագրել ենք նախագծով հինգ անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր այստեղ ծախսել։ Դա ժողովրդի գումարներն են, որը ծախսելու կարիքը չկար։ Մենք ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ գումար, ավելի քիչ մարդկանց ներգրավելով՝ կունենայինք ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձան։ Հիմա սկսվում է անձրեւային սեզոնը, հուշարձանի վերեւը բաց է, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որովհետեւ աստիճանները, որոնք որ պոկված են, պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ո՞նց են չորացնելու։ Ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերեւը ձեւավորել ժամանակավոր տանիք, որ պաշտպանենք այս ապամոնտաժված մույթերը։ Դա հենց այնպես բետոն չէ։ Սա բռի, կոպիտ ձեւով քարը պոկած բետոն է, եւ թեք երկաթբետոնը մենք բաց ենք թողնում անձրեւների տակ»,- ասել էր նա:
Նորոգման մեկնարկից 5 ամիս անց Անահիտ Թարխանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ իր միջամտությունից եւ հայտարարություններից հետո որոշակի քայլեր են արվել, որպեսզի հուշակոթողը նորոգվի համեմատաբար բարձր մակարդակով. «Ես բազմիցս խոսել եմ հուշարձանի մասին, բացերի մասին: Տասն օր է՝ չեմ գնացել այնտեղ, 10 օր առաջվա դրությամբ դեռ մեջտեղի մույթերի վրա էին աշխատում, բարձր որակի քարեր էին բերել` նախորդի համեմատ, թեպետ էլի այն քարերը չէին, «աբլիցովկա» էին, որոնք չեն կարող համարվել պատմական, մշակութային քարեր, սակայն, ամեն դեպքում, որակը լավն էր, նախորդ անգամվա իրավիճակից հետո ահագին բան է փոխվել, ես իմ ելույթներով նպաստեցի դրան, որ լավանա թե՛ կոնստրուկտիվ մասը, թե՛ քարերի որակը: Մտահոգություն ունեմ՝ կապված ջրամեկուսացման հարցերի հետ, կուզենայի, որ այդ հարցը եւս լուծվեր, ինչը մինչ այս պահը լուծված չէ: Անձրեւային ջրերի ջրահեռացման հարցը մնում է առկա, ինձ դեռեւս չեն համոզում այն լուծումները, որոնք առաջարկվում են: Ասեմ, որ անձրեւաջրերը երբեք չեն լցվել հուշակոթողի տարածք, ես չգիտեմ, թե ով եւ ինչպես է եկել այդ եզրահանգմանը, ինչի արդյունքում արվել է ջրամեկուսացման աշխատանք, որի համար ահագին գումար է ծախսվել եւ չարչարանք: Այդքանից հետո, այո, ինձ չի բավարարում այն աշխատանքը, որն արվել է: Վաղը ես կգնամ Ծիծեռնակաբերդ եւ կտեսնեմ, թե ինչ վիճակում է շինարարությունը, ինչպես է այն առաջ գնում, որպեսզի հասկանամ, թե ինչ վիճակում են ինձ մտահոգող հարցերը: Ամեն դեպքում լավ է, որ դեռեւս 3 մույթերն են նորոգում, մյուս 3-ը թողնում են արդեն մյուս տարվա համար, վստահ եմ, որ մյուս 3 մույթերի նկատմամբ կլինի լրիվ այլ վերաբերմունք, այս վերաբերմունքն այլեւս չի կրկնվի: Բոլոր դեպքերում, մենք ունենք պայմանավորվածություն, որ նոր նախագծային խմբում ես էլ եմ ներառված լինելու, որպես Արթուր Թարխանյանի օրինական ժառանգ, ես նաեւ իմ հոր թողած գործերի օրինական ժառանգն եմ եւ լինելու եմ հետեւողական»:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սարերի ետեւում չէ, վերանորոգման աշխատանքները մինչեւ ապրիլի 24-ը կավարտվե՞ն։ «Այսօր մարտի 3-ն է, պետք է ապրիլի 3-ին հիմնական աշխատանքներն ավարտված լինեն: Օրերը տաքանում են, եւ կարող են ավելի արագորեն աշխատանքը կատարել: Ձմռանը, հասկանալի է, որ ցուրտ էր, եւ, եղանակով պայմանավորված, որոշակի աշխատանքներ դանդաղել են, սակայն մինչեւ 1 ամիսը՝ հիմնական աշխատանքը պետք է ավարտված լինի, այնտեղ կմնա միայն աստիճանների փոքր հատվածը, դա էլ կարվի մինչեւ ամսի 24-ը»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` բոլորովին անհրաժեշտ չէր հուշահամալիրը նորոգել եւ հավելյալ խնդիրներ առաջացնել. «Իմ կարծիքով` չկար նման անհրաժեշտություն, դրա կարիքն ուղղակի չկար: Այս ամենը սխալ, ոչ պատշաճ «դիագնոստիկայի» հետեւանքն էր, այդքան բան»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր