«Հրապարակ»․ ՀՀ-ում արգելված չէ ընտրությունից առաջ թոշակ բարձրացնելը, Բրիտանիայում՝ արգելված է
Thu, 05 Mar 2026 12:15:09 +0400

«Հրապարակի» զրուցակիցն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն է:
– Թեպետ նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռեւս տրված չէ, եւ խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ 4 ամիս ժամանակ կա, սակայն գրեթե բոլոր ուժերը, հատկապես` իշխանությունները, արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը․ տարբեր խոստումներ են տալիս, թոշակներն են բարձրացնում, ասում են, որ 70 միլիոն եվրոյի վարկ են վերցնելու, որպեսզի ջրամատակարարման հարցերը լուծեն, չնայած դրանով պետք է «Վեոլիա ջուր»-ը զբաղվի եւ այլն, եւ այլն: Հասարակության մի ստվար զանգված այս քայլերում նախընտրական կաշառքի տարրեր է տեսնում: Դուք ընտրությունների դիտորդության փորձ ունեք, ի՞նչ կարծիքի եք այս առումով:
– Նախընտրական քարոզարշավի մեկնարկն օրենքով սահմանված է սկսել ընտրություններից մի քանի շաբաթ առաջ` այս պարագայում մայիսի կեսերին, սակայն կուսակցությունները, բնականաբար, քարոզարշավը շատ շուտ են սկսում, մեծ հաշվով՝ անգամ տարիներ առաջ են սկսում: Գնալով ավելի ակտիվանում է պրոցեսը, վերջին մեկ ամսում պարզապես խիստ կանոնակարգվում է ամեն բան, բայց, ընդհանուր առմամբ, քարոզարշավը սկսվում է շուտ: Վերջին մեկ ամսում անվճար հեռուստաեթեր է տրամադրվում, մի ժամանակ միայն Հ1-ով էր, հիմա դարձրինք բոլոր TV-ներով: Անվճար դահլիճներ, հանդիպումներ եւ այլն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա այս պահին մենք ունենք նախապատրաստվող ընտրակաշառքի հետ կապված ինչ-որ ինֆորմացիաներ, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ: Ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը, ապա Հայաստանում օրենսգրքով արգելված չէ ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելը, օրինակ` Բրիտանիայում այն արգելված է: Քանի որ Հայաստանում արգելված չէ, իշխանությունն էլ օգտագործում է դա:
– Իսկ չե՞ք տեսնում, որ այստեղ կան ընտրակաշառքի տարրեր:
– Չէ, իհարկե, եկեք մի բան հասկանանք` կան ընդդիմադիր ուժեր, ովքեր ասում են` գալու ենք թոշակները բարձրացնելու, ՔՊ-ն իշխանություն է, եւ ինքն է թոշակները բարձրացնում, եթե բացեք Քրեական օրենսգիրքը` ընտրակաշառքի հոդվածը, ապա այնտեղ որեւիցե բան խոստանալն ու անելը հավասարեցված արարքներ են համարվում: Ես ձեզ տամ 100 հազար դրամ եւ ասեմ` ինձ ընտրեք, կամ ասեմ` ինձ ընտրեք, 100 հազար դրամ կտամ, լրիվ նույն արարքն է, ըստ օրենքի: Հիմա ընդդիմությունը խոստանում է բարձրացնել թոշակները, իշխանությունը բարձրացնում է այն, եթե թոշակ բարձրացնելն ընտրակաշառք է, ապա թոշակի բարձրացման խոստումը եւս ընտրակաշառք է, բայց ո՛չ այն է ընտրակաշառք, ո՛չ էլ՝ այն: Ընտրակաշառքը ենթադրում է, որ ինչ-որ բան տալիս է մարդուն՝ ինչ-որ բանի դիմաց: Հիմա հո բոլոր թոշակառուները չե՞ն գնացել ստորագրել, որ Փաշինյանին են ընտրելու:
– Այդ դեպքում ինչո՞ւ 1-2 տարի առաջ չէին բարձրացնում նույն թոշակները, ավելին՝ հայտարարում էին, որ թոշակառուն ծախսելու տեղ չունի…. անզեն աչքով երեւում է, թե ինչ նպատակով է արվում:
– Իհարկե, նպատակն ընտրություններում հաղթելն է: Պարզ է, որ հիմա են անում, որպեսզի ընտրություններում առավելություններ ունենան:
– Նշեցիք, որ ինֆորմացիա ունեք, թե ընտրակաշառք են պատրաստվում տալ, ովքե՞ր, խոսքը ո՞ր ուժի կամ ուժերի մասին է:
– Մենք ունենք ինֆորմացիա, որ կան ուժեր, ովքեր քննարկում են այդ հարցը, սակայն, քանի դեռ այն հաստատ չէ, մենք չենք կարող խոսել այդ մասին, դեռեւս ձեռքիս չկան փաստեր:
– Իսկ ինչպե՞ս եք նման տեղեկություններ ստանում` իրավապահների՞ց, թե՞ այլ աղբյուրներից:
– Իրավապահները ոչինչ չեն ասում ինձ, մենք դաշտում ենք եւ ինֆորմացիա հավաքելու հնարավորություններ ունենք:
– Բոլոր ժամանակներում էլ իշխանություններն ունեն մեծ առավելություններ, քան ընդդիմադիրները, այսքան վարչական ռեսուրս կիրառող իշխանությունը որեւէ հակաօրինական քայլ չի՞ անում:
– Մի փոքր կառարկեմ․ իշխանությունները թեպետ ունեն առավելություններ՝ վարչական ռեսուրսով պայմանավորված, սակայն ունեն նաեւ սահմանափակումներ` խոստումների հետ կապված: Եթե ընդդիմադիրը կարող է խոստանալ, որ սարեր շուռ կտա, իշխանությունը դա չի կարող:
– Բայց Փաշինյանը հենց սարեր շուռ տալու խոստումներով եկավ իշխանության:
– Դե, նա այն ժամանակ ընդդիմադիր էր: Նա էլ շատ բան էր խոստացել եւ չարեց: Իշխանությունները միշտ էլ, ի տարբերություն ընդդիմադիրների, ունեն սխալներ, որոնց համար իրենց, կոպիտ ասած, հասարակությունը ենթարկում է պատասխանատվության: Ընդդիմությունը մի փոքր այլ է այս առումով, թեպետ Հայաստանի ընդդիմությունը մեծ մասամբ նախկին իշխանություններից է կազմված: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների չարաշահմանը, ապա, այո, Վաղարշապատի ընտրություններում մենք դա տեսել ենք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր