«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել
Fri, 06 Mar 2026 08:05:00 +0400

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երեւույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։ Ի դեպ, Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է, Քննչական կոմիտեում սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։ Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես օպերլիազոր, ու, ասում են, այնտեղ էլ է զբաղվել հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով։ Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվել՝ «Նուբարաշենի» հսկիչներից մեկին ծեծելու համար։ Ըստ մեր աղբյուրի, ծեծը սկսել է Գրիգորյանի ընկերը՝ օպերլիազոր Արամ Հարոյանը, որը շեֆի (օպերբաժնի պետ Կարեն Գրիգորյանի) կամակատարն է: «Նուբարաշեն»-ում բոլոր սկանդալների նախաձեռնողներն այդ երկու օպերներն են եղել։ Նկատենք, որ անցած տարվա հոկտեմբերին, Քրեակատարողական ծառայության օրվա առթիվ, Կարեն Գրիգորյանն օրինակելի ծառայության, նվիրվածության եւ մասնագիտական հաջողությունների համար ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի կողմից արժանացել է պարգեւի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր