«Հրապարակ»․ Քաղհասարակության ներկայացուցիչները հիմա իրենց երկրների ներսում են աշխատանք տանում
Fri, 06 Mar 2026 10:45:46 +0400

«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի եւ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում։ Հանդիպումը կայացել է փետրվարի 28-ից մինչեւ մարտի 1-ը, Դիլիջանում՝ մոտ 40 փորձագետների մասնակցությամբ։
Համաժողովի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, դրա շրջանակում երկու երկրների հանրությունների միջեւ երկխոսության հեռանկարների, առկա մտահոգությունների եւ նոր գաղափարների վերաբերյալ: Նկատենք, որ ֆորումը տեղի է ունեցել գրեթե գաղտագողի, եւ միայն դրա ավարտից հետո է տարածվել տեղեկություն այն մասին, որ նման հավաք է եղել, եւ շատերն անգամ Ֆեյսբուքում միմյանց հարցնում էին` ովքեր են մասնակցել, եւ ենթադրում էին, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներ: Մեր զրուցակիցները` լրագրող Թաթուլ Հակոբյանն ու ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ովքեր ներկա են եղել ֆորումին, մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ հանդիպմանը որեւէ ադրբեջանցի ներկա չի եղել, մասնակցել են բացառապես հայեր:
Թաթուլ Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով քննարկման մասին, նկատում է. «Ես հանդիպմանը ներկա եմ եղել մոտավորապես հինգ րոպե, ընտանեկան դեպք պատահեց, եւ ես ստիպված էի լքել դահլիճը ու վերադառնալ տուն: Ես ոչ մի ելույթ չհասցրի լսել, ոչ էլ՝ հարցուպատասխան: Հասա Դիլիջան ու շտապ վերադարձա տուն: Ես հրավեր էի ստացել Նաիրա Սուլթանյանի կողմից: Նամակն Արեգ Քոչինյանի գրասենյակից էի ստացել, սակայն ինձ անձամբ Նաիրա Սուլթանյանն էր հրավիրել: Ես ներգրավված չեմ հայ-ադրբեջանական որեւէ պրոցեսում: Պատերազմի պարտությունից ես ոչ մի հայ-ադրբեջանական հանդիպման, քննարկման չեմ մասնակցում: Տարբեր տեղերից` տարբեր երկրներից հրավերներ եմ ստացել այս ընթացքում, այդ թվում՝ հենց այս շրջանակի կողմից, որի մասին զրուցում ենք, սակայն ես չեմ մասնակցել՝ համարելով, որ այս պահին նման հարթակներում ես անելիք չունեմ: Երկար ժամանակ ներգրավված եմ եղել հայ-ադրբեջանական ֆիլմարտադրություններում, տարբեր ֆորումներում, անգամ Բաքու եմ գնացել, սակայն պատերազմից հետո ես չեմ ցանկանում լինել այդ հարթակներում: Դիլիջանում կայացած քննարկմանն էլ որեւէ ադրբեջանցի ներկա չի եղել, բացառապես հայեր են ներկա եղել, հավաստիացնում եմ, որ մաքուր ներհայկական քննարկում էր, ասեմ ավելին` ներկաներից շատերը երբեք չեն ողջունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, չեմ ուզում պիտակավորել, բայց նրանք հիմնականում ռուսամետ շրջանակներն են, որոնք եւս այդ հանդիպմանը ներկա էին: Բավականին ներկայացուցչական հավաք էր»: Հարցին, թե Իլհամ Ալիեւի վերջին կոշտ հայտարարությունների մասին ինչ կարծիք ունի, Իլհամն օրերս մի քանի կոշտ հայտարարություններ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, օրինակ՝ ասել է, որ թշնամի հայերին պետք է մշտապես վախի մեջ պահել, վերջապես Ղարաբաղն ազատագրվեց նրանցից եւ այլն, Հակոբյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը Խոջալուի օրվա հետ էր կապված: Այդ հայտարարությունները հարիր չէին վերջին պրոցեսներին, վերջին շրջանի հռետորաբանությանը: Ադրբեջանական կողմը վերջին շրջանում հակահայ հռետորաբանությունը թուլացրել էր…. բայց ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները բացառապես պայմանավորված էին Խոջալուի հուշարձանի բացման արարողությամբ»:
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ, խոսելով հավաքի մասին, ընդգծեց. «Ինչպես գիտենք, Ծաղկաձորում հայ-ադրբեջանական կողմերի միջեւ հանդիպում էր տեղի ունեցել` քաղհասարակության ներկայացուցիչների հետ, այժմ կողմերն առանձին-առանձին քննարկումներ են կազմակերպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ` երկրների ներսում, խոսում են հանդիպումների, դրանց բովանդակության մասին, հարցերին են պատասխանում, լսում են կարծիքներ եւ այլն: Զուտ ինֆորմացիոն բնույթի գործընթացներ են դրանք, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, թե ինչի մասին են այդ հանդիպումները եղել: Ինձ համար որեւէ նոր բան չկար: Քաղհասարակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է Ադրբեջանում, սակայն հստակ օր ասել չեմ կարող, չգիտեմ: Այս հանդիպման նպատակն այն է, որ փակ թեմաներ չմնան մարդկանց համար: Գերիների հարց, ճանապարհների հարց, ատելությունը վերացնելու հարց, դասագրքերի մասին հարցեր եւ այլն, այսինքն` հռետորաբանության հետ կապված հարցեր, անվանումներ եւ այլն»: Բայց Ալիեւը հայերի մասին օրեր առաջ ամենաեղկելի հայտարարություններն է արել՝ կրկին ատելության խոսք տարածելով։ «Դե, Ալիեւը դա էլ է ասում, այլ բաներ էլ է ասում: Նա նաեւ ասում է, որ ազերիները չպետք է հայերի հետ հանդիպեն, սակայն, ինչպես տեսանք, նրա ասածը ոչինչ չարժեցավ: Ես չեմ կարծում, որ ինչ-որ քաղաքական գործչի խոսք, հատկապես այն գործիչների խոսքերը, որոնք հաճախ ենթարկվում են փոփոխության, պետք է այդքան լուրջ ընդունել: Հեշտ ճանապարհ չէ սա: Այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծված են, առավել եւս` այսքան զոհերից հետո, սակայն պետք է գնալ այս ճանապարհով: Անցյալի մասին միշտ պետք է հիշել, որպեսզի այն չկրկնվի: Այսօր` մեր ժամանակներում, երաշխիքների մասին խոսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ նույն Ուկրաինան էլ ուներ մեծ երաշխիքներ, սակայն տեսանք, թե ինչ եղավ: Մեզ ծանր ճանապարհ է սպասվում, կլինեն խոչընդոտներ, 30 տարվա կոնֆլիկտից հետո չի կարող ամեն ինչ միանգամից լավ լինել, սակայն պետք է աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ այն առաջին հերթին մեզ է պետք, պետք է զարգանանք, ճանապարհներ բացվեն: Երբ ինձ հարցնում են` ո՞վ էր այս ամենի մեղավորը, ես միշտ ասում եմ, որ մեղավորն առաջին հերթին ես եմ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր