«Հրապարակ»․ Սպիտակը դուրս է մնացել Հայաստանի «քարտեզից»
Fri, 06 Mar 2026 11:15:40 +0400

Ամիսներ առաջ Սպիտակի համայնքապետ՝ ՔՊ-ական Քաջայր Նիկողոսյանը համայնքի բյուջեից մոտ 283 հազար դրամ գումար էր հատկացրել՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» կրթարշավի անցկացման նպատակով հյուրասիրություն կազմակերպելու համար: Օրեր առաջ էլ համայնքապետն իր համայնքի ամենատարեց բնակչին է պարգեւատրել՝ համայնքի բյուջեից 30 հազար 900 դրամ հատկացնելով: Համայնքապետից հետաքրքրվեցինք, թե այդ գումարների հետ կապված որոշումներն ով է կայացրել, եւ ինչու հենց 30 հազար 900 դրամ։ «Մենք գումար տալու իրավունք չունենք, բավականին ժամանակ` մոտ տարիուկես է՝ օրենքով արգելված է գումար բաժանելը, գումարը հատկացվել է նվերի համար»:
Իսկ հունվարի 26-ին համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ՝ Բանակի օրվա կապակցությամբ, համայնքապետարանի արական սեռի բոլոր 66 աշխատակիցներին՝ համայնքի ղեկավարից մինչեւ պահակ, որոշվել է աշխատավարձից զատ լրավճար հատկացնել, բայց, չգիտես ինչու, շատ առատաձեռն չի եղել: Քաջայր Նիկողոսյանը Բանակի օրվա կապակցությամբ համայնքային բյուջեից ընդամենը 12 հազար 500 դրամ է ստացել, նրա տեղակալ Արտակ Մաթոսյանը՝ 13 հազար 400 եւ այլն: Մենք հետաքրքրվեցինք, թե դա ինչ գումար է: «Լրավճար ենք տվել, քանի որ Բանակի օրն էր: Սոցվճարները հանած, առձեռն բոլոր աշխատակիցները ստացել են 10 հազար դրամ: Որոշեցինք, որ մարտի 8-ի կապակցությամբ էլ իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին 10 հազար դրամ տալ»,- պատասխանեցին մեզ համայնքապետարանից:
Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքի ղեկավարն անցած տարի նարդու առաջնություն էր կազմակերպել, ինքն էլ մասնակցել ու պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել, իրեն էլ հաղթանակի համար 90 հազար դրամով պարգեւատրել: Սակայն այդ փաստը նկատել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ որոշել, որ համայնքապետն իրավունք չուներ նման բան անելու: Տեղեկացանք, որ Հանձնաժողովի որոշմամբ, քաղաքապետն 90 հազար դրամ գումարը վերադարձրել է համայնքի բյուջե:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր