Վանաձորի գլուխկոտրուկը. քաղաք, որը մնացել է անորոշության մեջ

Վանաձորի գլուխկոտրուկը. քաղաք, որը մնացել է անորոշության մեջ

Fri, 06 Mar 2026 15:15:48 +0400


Լոռիում մի խոսույթ է տարածվում․ «Վանաձորը՝ Հայաստանի երրորդ քաղաքը, վերածվել է քաղաքական հակամարտության դաշտի»: Այն, որ «օրենք», «արդարություն», «արդարադատություն» հասկացությունները դարձել են ձեւական բառեր, ամենից շատ նկատելի է Վանաձորում։ Որ ոլորտին նայես՝ քաոս է, իսկ քաոսի պայմաններում կառավարելը հեշտ է․ կարելի է քաոս ստեղծել եւ հանրային կյանքը վերածել համատարած մղձավանջի։

Այդ քաոսը վերեւից իջնում է համայնքներ՝ մեծ երկրի փոքր մանրակերտներին։ Այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորում մոտ 5 տարի առաջ՝ ՏԻՄ ընտրություններից հետո, եւ ինչ շարունակվում է այսօր, շատերի համար մնացել է գլուխկոտրուկ։ Ոչ միայն իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ, այլ մինչեւ անգամ նարդու սեղանի շուրջ տրտնջացող քաղաքացիները չունեն հստակ պատասխաններ։ Մի կողմից՝ 2021-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժ, ընտրություններից օրեր անց ձերբակալված առաջնորդ, դատական գործընթաց եւ դատավճիռ, մյուս կողմից՝ ավագանու նիստեր, որոնք չեն կայանում, եւ քաղաք, որն ապրում է կառավարման ճգնաժամի ռեժիմում։ Այս պատմության կենտրոնում Մամիկոն Ասլանյանն է, որի ղեկավարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ շուրջ 39 % ձայնով, 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթեց։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» էր, երրորդում մոտ 15% ձայնով Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն էր, որի ցուցակը գլխավորում էր Արկադի Փելեշյանը, որը Վանաձորի համայնքապետ դարձավ՝ առանց ընտրվելու։

Թեեւ ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չուներ, սակայն ընդդիմությունը կարող էր միավորվել, եթե 10 օր անց՝ դեկտեմբերի 15-ին, Ասլանյանը չձերբակալվեր։ Մեղադրանքը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ պաշտոնեական կեղծիք՝ հողերի օտարման ինչ-որ որոշումների առնչությամբ։ Պարզ էր, որ ընտրություններից անմիջապես հետո կալանավորվելը քաղաքում իշխանությունը զավթելու նպատակ է հետապնդում։ Իշխանությունը շարունակ հերքում է՝ գործընթացը բացառապես իրավական է։ Հարցը՝ եթե ամեն ինչ իրավական էր, ինչո՞ւ այն համընկավ քաղաքական թեժ, հանգուցային պահին, ինչո՞ւ մինչեւ ընտրությունը չձերբակալեցին, այլ՝ հետո։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ նա խանգարում էր ՔՊ-ի իշխանությանը Վանաձորում։

2024 թ. հունվարին հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Ասլանյանին եւ վերջնական պատիժ նշանակեց 4 տարի 4 ամիս ազատազրկում (կալանքի ժամկետը հաշվարկված պատժաչափի մեջ), ինչպես նաեւ տուգանք եւ պաշտոն զբաղեցնելու արգելք՝ 3 տարով։ Փաստացի, ազատազրկման ենթակա ժամկետը կազմեց 1 տարի 9 ամիս։ Ասլանյանի եւ նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական ճնշումը շարունակվում է: Միայն այն փաստը, որ քննությունն ու դատավարությունն այդքան ձգձգվեցին, արդեն վկայում է քաղաքական հենքի մասին։ Եվ այդ ընթացքում, քանի որ երկար ժամանակ համայնքը ղեկավար չուներ, վարչապետ Փաշինյանն օրենքում համապատասխան փոփոխություն արեց եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին։ Բայց քաղաքական հարցը մնաց՝ ինչո՞ւ չանցկացվեցին նոր ընտրություններ։ Ինչո՞ւ է մինչ այժմ համայնքը ղեկավարում ԺՊ-ն: Եթե իշխանությունը վստահ էր, որ հանրային աջակցություն ունի, ինչո՞ւ չգնաց նոր ընտրությունների՝ համայնքային իշխանության լեգիտիմությունը վերականգնելու համար։ Վախենո՞ւմ էին պարտվելուց։ Բայց չէ՞ որ ամեն օր հայտարարում են, թե համապետական ընտրություններում արդեն հաղթել են։

Մինչդեռ Վանաձորի համայնքապետը 4 տարի ԺՊ է, իսկ ավագանու նիստեր 4 տարում գրեթե չեն գումարվել՝ քվորումի բացակայության, բոյկոտի պատճառով։ Քաղաքի կառավարումը, ըստ էության, կաթվածահար է, եւ Հայաստանի երրորդ քաղաքը վերածվել է քաղաքական հակամարտության դաշտի։ Համայնքային խնդիրները՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ներդրումներ, ծրագրեր, գնացել են երկրորդ պլան։ Եվ սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ միայն․ սա սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներով ճգնաժամ է։

Մամիկոն Ասլանյանի ձերբակալության օրը դատարանի բակում հավաքվել էին քաղաքացիներ, որոնք հայտարարում էին, որ պաշտպանում են իրենց ձայնը, իրենց ընտրության արդյունքը։ Երբ հասարակությունը բաժանվում է իրավունքի եւ քաղաքականության ընկալումների միջեւ, տուժում է վստահությունը ե՛ւ դատարանների, ե՛ւ ընտրությունների, ե՛ւ կառավարման համակարգի նկատմամբ։ Քաղաքացիների հիմնական հարցերը նույնն են այսօր, նույնն են լինելու նաեւ վաղը․ եթե ընտրված ուժը ստացել էր ամենաշատ ձայները, ինչո՞ւ արդյունքը չվերածվեց լիարժեք կառավարման։ Այս հարցերը լռեցնել հնարավոր չէ։ Դրանք հնչում են Վանաձորի փողոցներում՝ ծածուկ կամ բացահայտ։ Նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը դարձավ ժամանակակից Հայաստանի ամենաքննարկվող պատմություններից մեկը, ամենաարտառոց ապացույցը, որ ընտրական իրավունքը չի աշխատում, եւ իշխանությունը, իր լծակները կիրառելով, ամեն գնով իշխանության է հասնում, անտեսելով ընտրողի կարծիքը։

Ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները հանրությանը բաժանեցին երկու ճամբարի, խարխլեցին իշխող ուժի եւ վարչապետի հանդեպ հավատը։ Ցույց տվեցին, որ մի ողջ քաղաք կարող է զրկված լինել լիարժեք կառավարումից եւ անխոչընդոտ զարգացման հնարավորությունից, որովհետեւ քաղաքապետի՝ բնակչության համար նախընտրելի թեկնածուն նախընտրելի չէ կենտրոնական իշխանության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավակայանն այրվում է․ Թեհրանը ռմբակոծվել է

Օդանավակայանն այրվում է․ Թեհրանը ռմբակոծվել է Sat, 07 Mar 2026 11:00:00 +0400 ԱՄՆ-ն և Իսրայելը…

9 րոպե ago

Սասուն Միքայելյանը չի մասնակցում սրտիկների ցուցադրմանը (տեսանյութ)

Սասուն Միքայելյանը չի մասնակցում սրտիկների ցուցադրմանը (տեսանյութ) Sat, 07 Mar 2026 10:45:00 +0400 Latest news…

24 րոպե ago

ԱԱԾ շենքը հրկիզելու փորձի դեպքով կա ձերբակալված

ԱԱԾ շենքը հրկիզելու փորձի դեպքով կա ձերբակալված Sat, 07 Mar 2026 10:30:00 +0400 Համացանցում տեսանյութ…

39 րոպե ago

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է Sat, 07 Mar 2026 10:21:00 +0400 Latest…

48 րոպե ago

«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի

«Հրապարակ». Արդյո՞ք պատերազմն Իրանում շուտով կավարտվի Sat, 07 Mar 2026 10:15:00 +0400 Հակառակ բոլոր խոսակցություններին,…

54 րոպե ago

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Նախիջևանի վրա հարձակումը դատապարտելու համար (լուսանկար)

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Նախիջևանի վրա հարձակումը դատապարտելու համար (լուսանկար) Sat, 07 Mar 2026…

1 ժամ ago