«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը

Հայաստանի քաղաքական դաշտում նոր թեզ է շրջանառվում․
«Ուժեղ Հայաստանը» իբր կապված է նախկին իշխանությունների հետ։

Բայց մի պարզ հարց կա․իսկ որտե՞ղ են փաստերը։
Իրականում սա հին քաղաքական տեխնոլոգիա է։ Երբ քաղաքական դաշտում հայտնվում է նոր ուժ, որը կարող է ձևավորել երրորդ՝ անկախ բևեռ, ամենահեշտ ճանապարհը նրան «նախկինների» պիտակով ներկայացնելն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ իրականացվող հակաքարոզչության առանցքը, ինչպես հայտնի է, «ներկաներ–նախկիններ» դիսկուրսի տրամաբանության մեջ արհեստականորեն գեներացված այն թեզն է, թե իբր այդ քաղաքական ուժը սերտ կապեր ունի նախկին իշխանությունների հետ։ Իրականում փորձ է արվում կիրառել այնպիսի քարոզչական մեխանիզմ, որը կխոչընդոտի երրորդ՝ անկախ քաղաքական բևեռի ձևավորմանը։ Իսկ հենց այդ բևեռն է, որ կարող է իրական մարտահրավեր դառնալ գործող իշխանության համար՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների հետ ասոցացվող ընդդիմության հանդեպ հանրային վստահության ոչ բարձր մակարդակը։
Բայց արդյո՞ք այդ մեղադրանքները հիմնավորված են, թե գործ ունենք պարզ քաղաքական մանիպուլյացիայի հետ։
Փաստերի սթափ և օբյեկտիվ դիտարկումը ցույց է տալիս, որ նման պնդումները մեծամասամբ մտացածին են։ Նոր քաղաքական ուժի հիմքում կանգնած են մարդիկ, որոնք ներգրավված չեն եղել կոռուպցիոն սխեմաներում և չեն կապվում կասկածելի որոշումների հետ։ Իսկ Սամվել Կարապետյանը ներկայացվում է որպես մարդ, ով տարբեր ժամանակներում, անկախ իշխանությունների փոփոխությունից, փորձել է օգտակար լինել հայրենիքին իր հնարավորությունների սահմաններում։
Այս պայմաններում նրան «նախկին» պիտակով բնութագրելը քաղաքական տեխնոլոգիայի կիրառման օրինակ է։ Ավելին, հայտնի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երկար ժամանակ ջերմ հարաբերություններ է ունեցել Կարապետյանի հետ։ Բայց արդյո՞ք դա կարող է հիմք հանդիսանալ նրան «ՔՊ-ական» համարելու համար։ Ակնհայտ է, որ նման մոտեցումը քաղաքական գնահատական չէ, այլ պարզունակ պիտակավորում։
«Ուժեղ Հայաստանի» կարևոր առավելություններից մեկն այն է, որ այն չի կրում նախկին իշխանությունների համակարգային սխալների բեռը։ Դա հնարավորություն է տալիս ավելի ազատ և օբյեկտիվ գնահատել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների բացթողումները։ Հայաստանի քաղաքական իրականության մեջ նման դիրքավորումը բավական հազվադեպ երևույթ է։
Ծրագրային մակարդակում ևս այս ուժը փորձում է տարբերվել։ Մինչ գործող իշխանությունն ու նախկինները հաճախ կենտրոնանում են անցյալի սխալների շուրջ փոխադարձ մեղադրանքների վրա, «Ուժեղ Հայաստանը» փորձում է ձևավորել ապագայի դիսկուրս։ Խոսքը վերաբերում է հետպատերազմյան Հայաստանի անվտանգային ճարտարապետությանը, տնտեսական մոդեռնիզացիային և ազգային կոնսոլիդացիային վերաբերող ծրագրերին։
Հատկանշական է նաև, որ քաղաքական պայքարի հենց սկզբից այս ուժը քննադատության թիրախ դարձավ ոչ միայն իշխանությունների, այլև որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն չի տեղավորվում ո՛չ «նախկինների», ո՛չ էլ «ներկաների» քաղաքական շրջանակներում։
Այսինքն՝ «Մեր ձևովը» հավասարապես քննադատվել է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից, ինչը լրջորեն կասկածի տակ է դնում նախկինների հետ կապերի մասին տարածվող թեզերը։
Եվ վերջապես, եթե այս քաղաքական ուժը իսկապես լիներ նախկին համակարգի շարունակությունը, դժվար թե ունենար այն հասարակական աջակցությունը, որի մասին այսօր խոսվում է։ Հանրությունն ի վերջո տարբերում է՝ քաղաքական դաշտում ով ով է և ով ինչի շարունակությունն է։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի Fri, 06 Mar 2026 18:45:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով