«Հրապարակ». 2000-2001 թվականներին այդ առաջարկը եղել է` Հայաստանը մերժել է

«Հրապարակ». 2000-2001 թվականներին այդ առաջարկը եղել է` Հայաստանը մերժել է

Sat, 07 Mar 2026 09:15:00 +0400


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել ենք դպրոցների փակման-միավորման գաղափարի շուրջ` ինչ հնարավոր խնդիրներ են առաջանալու, եւ ինչ հետեւանքներ է դա ունենալու կրթության եւ երկրի համար:

– ԿԳՄՍՆ-ն նախատեսում է 2026թ. սեպտեմբերի 1-ից 231 դպրոց փակել, իրենք ասում են` միավորել այլ դպրոցների հետ: Սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու:

– Նախ, նախապատմությունը ներկայացնեմ: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ մոտ 1400 դպրոց` 10-ամյա կրթական համակարգով եւ 600 հազար աշակերտով: Հետո մենք ունեցանք աշակերտների կտրուկ անկում, մի շրջան նույնիսկ 350-360 հազար աշակերտ ունեինք, բայց դպրոցների թիվը մոտավորապես նույնն էր` 1400: Ճիշտ է, որոշ պետական դպրոցներ այդ տարիներին փակվել են, բայց քանի որ ստեղծվել է 45 մասնավոր դպրոց, թիվը նույնն է մնացել: Իսկ այս պահին ունենք 420 հազար աշակերտ: Անկախությունից հետո, դեռեւս 25-30 տարի առաջ, Հայաստանի առջեւ դրվեց այս խնդիրը. եթե դուք ունեք այսքան քիչ աշակերտ, արդյո՞ք ձեզ պետք է այսքան դպրոց, որ 250 հազարով աշակերտների թիվը պակասել է, եւ բողոքում եք, թե գումար չունեք, ուսուցիչների աշխատավարձը չեք կարողանում բարձրացնել: Իսկ գուցե պետք է դպրոցներն օպտիմալացնե՞լ, որը նշանակում է գումար խնայել, քանի որ ամեն դպրոց տարեկան ամենաքիչը 20-25 միլիոն դրամ է արժենում պետության համար: Դրանք 2000-2001 թվականներն էին, եւ Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին` Սյունիքում, Տավուշում: Եվ այն ժամանակ Հայաստանի կառավարությունը մտածեց, որ դպրոցների փակումը կբերի այդ գյուղերի դատարկման: Գյուղերի մի մասն անմիջապես Ադրբեջանի հետ էր հարեւան` ինչպես Տավուշում, իսկ մի մասն էլ, այսպես ասած, Արցախի հենարանն էր: Դրա համար էլ որոշվեց այս ծրագիրը մերժել:

– Բուհերի միավորման հարցն է՞լ էր դրված` ինչպես դպրոցներինը:

– Այդ թեման առաջ էր բերվում նաեւ միջազգային փորձագետների կողմից, որոնք Հայաստանում հետազոտություններ էին անում: Նույն խնդիրն առաջ էր քաշվում նաեւ բուհերի դեպքում, քանի որ խորհրդային տարիներին մենք ունեցել ենք փոքրաթիվ բուհեր` մոտ երկու տասնյակ, եւ ունեցել ենք 50 հազար ուսանող: Հիմա մենք ունենք մոտավորապես 75 հազար ուսանող եւ մոտ 50 բուհ, որոնցից 23-ը պետական են: Բուհերի միավորման հարցում էլ նույն սկզբունքն է. ինչո՞ւ եք պահում, օրինակ, մի Բրյուսով, մի մանկավարժական, մեկն էլ ֆիզկուլտինստիտուտն է: Երեքն էլ միջին կամ փոքր չափերի բուհեր են` մի 3 հազար կամ 5 հազար ուսանողով: Եկեք դրանք միավորեք` փող խնայեք եւ այդ փողով զարգացրեք այդ մի բուհը: Այդ խնդիրը միշտ դրվել է, որովհետեւ կապիտալիզմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փորձում է կրթությունը բիզնեսի տրամաբանությամբ չափել, այսինքն` ինչո՞ւ անարդյունավետ փող ծախսեմ, փոխարենը` միավորեմ, կրճատեմ եւ ավելի շատ եկամուտ ստանամ: Իհարկե, ես այդ բիզնես-կոնցեպտի հետ համաձայն չեմ, որովհետեւ երբեմն հաշվի չեն առնվում տեղային առանձնահատկությունները, որ սա անվտանգության խնդիրներ ունեցող երկիր է, պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է: Եվ երկար ժամանակ Հայաստանը մերժում էր այդ հարցը:

– Երկար ժամանակ մերժվածը դարձավ ընդունելի` որպես խնդրի լուծում: Իսկ ո՞ր տարբերակն է արդյունավետ կամ ի՞նչ ռիսկեր է պարունակում:

– Ի վերջո, այս կառավարությունը համաձայնեց, որ ճիշտ կլինի՝ դպրոցներն օպտիմալացնենք: Հիմա խնդիրն ի՞նչն է: Մենք 35 տարի ոչինչ չարեցինք այդ գյուղերը փրկելու համար, որոնք աստիճանաբար դատարկվել են: Մի փոքրիկ վիճակագրություն բերեմ, որի մասին չի խոսվում Հայաստանում, բայց փաստ է: Հայաստանի փոքր, սահմանամերձ գյուղերում կա չամուսնացած տղամարդկանց մեծ թիվ: Օրինակ բերեմ մի գյուղ, որը, ասենք, ունի 30 աշակերտ, եւ այդ գյուղում կա 25-40 տարեկան մոտ 30 չամուսնացած տղամարդ: Ինչո՞ւ: Քանի որ աղջիկները դպրոցում լավ են սովորում, ավարտելուց հետո գնում են կա՛մ մարզկենտրոն, կա՛մ Երեւան, կա՛մ ամուսնանում են ավելի մեծ գյուղերում: Եվ տղաները բանակից վերադառնալուց հետո գյուղում շատ քիչ տարեկից աղջիկներ են գտնում: Երբ փորձում են ուրիշ գյուղերից աղջիկներ բերել, չեն գալիս, քանի որ փոքր գյուղ է, եւ հեռանկար չկա: Գյուղը, որ ունի 30 աշակերտ, տղաների ամուսնանալու դեպքում միջինը կարող էր ունենալ հավելյալ եւս 60 աշակերտ: Եվ խնդիրը ձնագնդի տեսքով ավելի է մեծանում. գյուղը գնալով փոքրանում է, աշակերտների թիվը պակասում է, որ արդեն հասել է կատաստրոֆիկ վիճակի: Մենք հիմա Հայաստանում ունենք գյուղեր, որոնք 1, երբեմն 3, 5, 10 աշակերտ ունեն: Իսկ այդ դպրոցները պետության վրա շատ թանկ են նստում:

– Անդրադառնանք հիմնական խնդիրներին եւ հասկանանք, թե որոնք են արդյունավետ լուծումները:

– Հիմա մենք 2 խնդիր ունենք: Այդ դպրոցներում կա որակի անկում. պատկերացրեք՝ ձեր երեխան 12 տարի մենակ նստում է դասի կամ դասասենյակում ունի 1-2 ընկեր, իսկ դա կրթության որակի վրա ազդում է: Այդ գյուղերում նաեւ ուսուցիչների խնդիր կա. գյուղը փոքր է, ոչ ոք չի գնում այնտեղ դասավանդելու, եւ չեն ամուսնանում այնտեղ, որն էլ առաջացնում է ուսուցիչների խնդիր: Իսկ նախարարության առաջարկն այն է, որ եթե այս երեխաներին տանում ենք կողքի գյուղ, որտեղ կկառուցենք նոր դպրոց, ճանապարհները կասֆալտապատենք, ավտոբուս կտրամադրենք, երեխան կստանա բարձր կրթություն: Ասենք, որ դա դրական կողմն է, բայց նախարարության այդ ծրագիրն ունի բազմաթիվ խնդիրներ: Առաջին. այո, մեր գյուղերը դատարկվում են, հատկապես՝ կտրված սահմանամերձ գյուղերը, եւ այս որոշման դեպքում այդ ընթացքը շատ ավելի մեծ թափ կստանա: Եթե այդ գյուղը վտանգ ուներ՝ մի 50-100 տարում դատարկվելու, հիմա մի 20 տարում կդատարկվի, կվերջանա: Ըստ էության, մենք այս քայլով այս ընթացքն ենք արագացնում: Եվ այդ գյուղերը մեծ թիվ են կազմում Սյունիքում, արդեն 4 տասնյակից ավելի դպրոցներ հենց Սյունիքում են միավորվելու: Մենք լավ գիտենք, որ այս պահին Սյունիքը Հայաստանի ամենամտահոգիչ հատվածն է: Եվ անվտանգային տեսանկյունից, մեղմ ասած, լավ չէ այդ գյուղերի արագ դատարկվելը: Մյուս խնդիրն այն է, որ եթե դպրոցը փակվում է, գյուղը կորցնում է աշխատատեղեր. տնօրեն, ուսուցիչներ, հաշվապահ, պահակ, հավաքարար եւ այլն, որն իր հերթին առաջ է բերելու գյուղը լքելու հավելյալ վտանգ: Նաեւ երեխաների տեղափոխման հարցն է խնդրահարույց: Ձմռանը, հատկապես Շիրակում, կարող են ճանապարհները փակվել, որն էլ առաջացնելու է բացակայությունների խնդիր: Իսկ թեթեւ վատառողջ լինելու դեպքում ծնողը երեխային չի ուղարկի դպրոց: Եթե հանկարծ վատ զգա, ինքը հեռու է, ո՞վ է բերելու տուն, ո՞նց են բերելու: Բացակայություններ են լինելու նաեւ ավագ դասարաններում, որովհետեւ այդ աշակերտներից շատերը դասերից հետո աշխատում են: Եթե գյուղում են, կկարողանան, իսկ կողքի գյուղից մինչեւ գան հասնեն, ժամեր են կորցնելու: Ծնողների համար էլ են ստեղծվելու անհարմարություններ. ծնողական ժողով գնալ, հանդեսների, միջոցառումների ժամանակ երեխայի կողքին լինել եւ այլն: Ո՞նց են գնալու, պետությունը հոգալո՞ւ է, կարծում եմ` ոչ: Կարող են նաեւ միջգյուղային խնդիրներ առաջանալ երեխաների միջեւ, հարաբերություններ սրվել. մեր գյուղ-ձեր գյուղ… եւ դժվարանալու է այդ դպրոցների կառավարումը: Իսկ ամենակարեւորը, որը ոմանք համարում են պաթոս, այն է, երբ գյուղում կա դպրոց` կա ապրելու հույս, գյուղը շնչում է. հյուրեր են գալիս, միջոցառումներ են լինում, մշակույթ կա: Գյուղի համալսարանը, մատենադարանը, թանգարանը դպրոցն է: Այդ գյուղերի մեծ մասում այլ բան չկա, բացի դպրոցից: Եթե հանենք սա` դպրոցը, գյուղը դառնում է բնակավայր. ապրում են այդտեղ, բայց որեւէ բան տեղի չի ունենում:

– Իսկ սա կրթական իրավունքի, մարդու իրավունքի, նաեւ բարոյական առումով` իրավունքի եւ ազատ կամքի ոտնահարում չէ՞:

– Շատ բան կախված է նրանից, թե նախարարությունն ինչպես է այդ ծրագիրն իրականացնելու: Որքան էլ նշեցի դրական կամ բացասական կողմերը, նժարը կարող է թեքվել այս կամ այն կողմ` կախված այն բանից, թե ինչպես սա կարվի: Օրինակ, եթե ծնողները զգան, որ երեխան որակյալ կրթություն է ստանում եւ տարբեր խմբակներում է ընդգրկված, գուցե ասեն` լավ, այս 10 կմ-ն թող գնա-գա: Իսկ եթե ամեն ինչ մնա նույնը, ծնողներն ասելու են` էլ ինչո՞ւ ենք այս զրկանքները կրում: Բայց, անկախ այս ամենից, պարզ է, որ այս գյուղերը գնալու են արագ մարման: Գուցե շարունակեն մնալ, բայց բնակիչները լինելու են 50-60 տարեկանից բարձր: Այ, սա է հիմնական խնդիրը, որ մենք այս գյուղերը չփրկեցինք:

– Իսկ արդյո՞ք այս դեպքում իրատեսական չի դառնում Բաքվի ամենօրյա հաճախականությամբ առաջ տարվող «Արեւմտյան Ադրբեջան» ցնդաբանությունը:

– Այդ ռիսկը կա: Եթե այդ մարդիկ, որ նախկինում ապրել են Հայաստանում, իրենց նոր սերունդներով գան, արդեն պարզ է, որ այդ գյուղերում կարող են տեղավորվել եւ, ինչու ոչ, կարող են հարց բարձրացնել, իրենց դպրոցը բացել: Իսկ նախարարության այս ծրագիրը եթե ընթացք ստանա, պարզ է, հունիսյան ընտրություններից հետո է լինելու: Այդ ժամանակ ավելի հստակ կիմանանք, թե որքանով է իրագործելի: Եվ այդ ռիսկը, այո, միանշանակ կարող է առաջանալ: Հաճախ հարցնում են` ի՞նչ եք առաջարկում: Կար մի շատ լավ գաղափար, որը 2016-2017թթ. քննարկվում էր, որ բոլոր գյուղերում պահում ենք կրտսեր դպրոց` 1-4-րդ դասարանները, եւ այդ դպրոցը դառնում է կողքի գյուղի դպրոցի մասնաճյուղը: Այս գաղափարն ինչով է լավ․ որ գոնե փոքր երեխաները մնում են գյուղում, քանի որ նրանց տեղաշարժի հարցը խաղուպար չէ եւ մեծ ռիսկերի հետ է կապված: Գիտենք, որ հիմա 6 տարեկանից են գնում դպրոց. այդ երեխան կարող է լացել, մամային ուզել: Գուցե այդ տարիքի երեխաներին ավելորդ սթրեսի չենթարկեինք եւ պահեինք գյուղո՞ւմ: Դա շատ մեծ ծախս չի պահանջի. ընդամենը 2-3 սենյակ եւ դասվար: Հետո միայն` 5-րդ դասարանից սկսած, երեխաները տեղաշարժվեին: Այդ ձեւով ե՛ւ դպրոցը կպահեինք, ե՛ւ գյուղում կլիներ սեպտեմբերի 1, Այբբենարանի ավարտական հանդես, մի տիկնիկային ներկայացում եւ այլն: Գյուղում ինչ-որ մշակութային հենման կետ կմնար, գյուղը կշնչեր: Եթե հիմա մենք դպրոցը հանում ենք, գյուղ չի մնում: Մնում են միայն տուն, հողամաս, կենդանիներ եւ մի քանի մարդ: Ես դա գյուղ չեմ համարում: Գյուղում պետք է լինեն ենթակառուցվածքներ` մշակութային, հասարակական, որովհետեւ դա է ապրելակերպը:

Ֆելիքս Եղիազարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցի դիվանագետները լքել են Իրանը․ ի՞նչ է կատարվում

Ադրբեջանցի դիվանագետները լքել են Իրանը․ ի՞նչ է կատարվում Sat, 07 Mar 2026 14:00:00 +0400 Թավրիզում…

7 րոպե ago

Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Արամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Sat, 07 Mar 2026 13:52:00 +0400 Չորս տարվա դատական քաշքշուկից…

15 րոպե ago

Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի

Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Sat, 07 Mar 2026 13:45:00 +0400 Փաշինյանը…

22 րոպե ago

Որքան է կազմում Լիոնել Մեսիի աշխատավարձը՝ «Ինտեր Մայամիում»

Որքան է կազմում Լիոնել Մեսիի աշխատավարձը՝ «Ինտեր Մայամիում» Sat, 07 Mar 2026 13:30:00 +0400 «Ոսկե…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Բեմականացված հարձակումը, Ալիեւի սպառնալիքները եվ աշխարհի ցինիկ արձագանքը

«Հրապարակ»․ Բեմականացված հարձակումը, Ալիեւի սպառնալիքները եվ աշխարհի ցինիկ արձագանքը Sat, 07 Mar 2026 13:15:00 +0400…

52 րոպե ago

Չենք վստահում, չենք բանակցում․ Իրանը՝ ԱՄՆ-ի մասին

Չենք վստահում, չենք բանակցում․ Իրանը՝ ԱՄՆ-ի մասին Sat, 07 Mar 2026 13:00:00 +0400 Իրանը բանակցություններ…

1 ժամ ago