Նոր իրավիճակ՝ նոր մարտավարություն
Sat, 07 Mar 2026 17:45:00 +0400

Իրանի դեմ սանձազերծված պատերազմը քիչ էր, հիմա էլ պարզվում է՝ ՔՊ-ում են իրար ուտում նախընտրական ցուցակում բարձր տեղեր զբաղեցնելու համար: Սրանք իսկապե՞ս ոչինչ չունեն անելու, թե՞ ամեն ինչ անում են, որ մեր բազնմաչարչար ընտրողները խուճապի չմատնվեն: Հրթիռները հասել են Նախիջևան, չգիտես Իրանն է հարվածել, թե՞ Իսրայելը, գմփոցը լսվում է Մեղրիում ու Կապանում, բարեկամ Ադրբեջանն ալեկոծվել է, իսկ սրանք՝ ցուցակային գզվռտոցի մեջ են: Ի՞նչ անեմ ես, գլխիս մո՞խիր լցնեմ, քո՞ւրձ հագնեմ, ինքնահրկիզվե՞մ, որ սրանց ստիպեմ զբաղվել օրախնդիր հարցերով: Ուշքի եկեք, արա, պատերազմ է…
Եկեղեցապղծությունն ավարտեցին, Սուրբ Էջմիածինը «բարենորոգեցին», հիմա էլ մարզերն են ընկել, թե ներկուսակցական քարոզչություն ենք անում: Ի դեպ՝ տեսան «Մեր ձևով»-ը մեծ ավտոբուսով է գնում մարզեր, իսկույն կապկեցին: Սիրուն չէր լինի, չէ՞ կորտեժով գնալը, կասեին՝ պետության միջոցներն եք վատնում: Օբյեկտ փակել, խրախճանք անել… Այդպիսի բաներ չկան: Ավտոբուսի մեջ «մի-մի «պեռաշկի» և վերջ: Ժողովրդի ծոցից են դուրս եկել, բա ինչ եք կարծում: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ ցավս է ներկուսակցական քարոզչությամբ ժողովրդի գլուխն արդուկելը: Մի հարցնող լինի՝ ո՞ւմ տանձին է, թե ՔՊ-ի ցուցակում X Քպ-շնիկը քանի տեղով է առաջ Y ՔՊ-շնիկից: Թե բա՝ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը առաջին տասնյակում են… Վրե՛ն, թե առաջին տասնյակում չեն: Դուք ավելի լավ է հետաքրքրվեք՝ ո՞վ է ձայն տալու այն ցուցակին, որտեղ այդ անունները կան: Եվ ապա՝ ո՞վ չգիտի, որ ՔՊ-ի ցուցակը մինչև ընտրություններ հազար տակ շուռումուռ են տալու: Առաջինները հետ են գնալու, հետիններն առաջ են գալու: Իրավիճակներ են փոխվելու, իրավիճակների հետ էլ՝ ՔՊ-շնիկների տեղերը: Ռահվիրան ասել է, որ տարբեր իրավիճակներում պետք է տարբեր կերպ պահես քեզ, տարբեր բաներ խոսես, պե՞տք է՝ իջնես ջրի հատակը, պե՞տք է՝ սողաս, քծնես, պե՞տք է՝ խելագար ձևանաս, ճղճղաս, աննորմալ շարժումներ անես:
Բայց մի բան խնդրեմ: Էդ Արարատ Միրզոյանին հետներդ մի տարեք մարզեր: Թվում է՝ այս իրավիճակում նա միակ ադեկվատ մարդն է ձեր մեջ՝ ցավակցություններ է հայտնում, Բայրամովին է զանգում, փորձում է հասկանալ՝ էս պատերազմը մեր տուն կմտնի՞, թե՞ կանգ կառնի «սահմանազատված» ու «սահմանագծված» տեղանքներում: Վենսին էլ պետք է զանգել, որ հանկարծ էն 4 միլիարդն առած չգա Հայաստան: Խառը ժամանակներ են, եսիմ, ու մինչև Իրանի հատուկ ծառայություններին բացատրես, որ դու ուղտ չես ու Վենսին էլ ամերիկյան կործանիչները զուտ փողի համար են ուղեկցում, հնարավոր է՝ ուշ լինի: Հետո ո՞վ է Թրամփին բացատրելու, որ այդ օրը ՔՊ-ն մարզերում ներկուսակցական քարոզարշավով էր զբաղված, որ ճշտեն Վահագն Ալեքսանյանի վերջնական տեղն իրենց ցուցակում:
Ասում են՝ այս քարոզարշավով (ներկուսակցական) ՔՊ-ն կարևոր հարց է լուծում: Իբր ուզում են իմանալ ժողովրդական աջակցության չափը՝ լեգիտի՞մ են իրենք իբրև իշխանություն, թե՞ երկիրն ու ժողովուրդը փախել են իրենց տակից: Համացանցի սացիալակն կայքերի, անգամ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ուսումնասիրություններն ու հարցումները վկայում են, որ ՔՊ-ի վիճակը կայուն ծանր է՝ հետագա վատթարացման տենդենցով: Ինչ արել են «սիրելի» ժողովրդի համար, հակառակ էֆեկտն է ունեցել… Էլ Եկեղեցու թիրախավորում, էլ թոշակների բարձրացում, էլ առողջապահական ռեֆորմ, էլ եկամուտների համատարած հայտարարագրում, էլ բացահայտ գողություն (ՀԷՑ)… Նույնիսկ «նախկինների» բանտն ու աքսորն է շրջվել իրենց դեմ: Սա քիչ էր, մարդիք իրենց երեսով են տալիս չարած բաները: Հարցնում են՝ ո՞ւր է Արցախը, ո՞ւր են ձեր բացած գործարանները, դպրոցները, մանկապարտեզները, աշխատատեղերը… Վերջապես՝ ո՞ւր է խաղաղությունը, ո՞ւր է Հայոց բանակը…
Թե բա՝ Արարատ Միրզոյանը զանգել է պարոն Ջեյհուն Բայրամովին, որ ասի՝ անթույլատրելի է Ադրբեջանի տարածքին հարված հասցնելը: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, ՔՊ-ի ռահվիրա՞ն պիտի անհանգստանար այս ճղճիմ հարցով ու Ալիևին զանգեր: Մի քիչ «նյուխ» ունեցեք, էլի: Իրավիճակ է փոխվել, իրավիճակի հետ էլ՝ ՔՊ-ի Ռահվիրան: Նա ամենաճիշտ որոշումն է կայացրել՝ իջնել ջրի հատակը և «պերաշկի» ուտել: Էական չէ ում հետ՝ Ալենի, Ռուբեն Ռուբինյանի… Կարևորը, որ նրանք ցուցակի առաջին տասնյակից լինեն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր