«Տիեզերական մասշտաբի խայտառակության» օրերը ձմռան նման գալիս ու չեն գնում
Sat, 07 Mar 2026 22:15:00 +0400

Աշխարհի զարգացած եւ զարգացող երկրներում արտադրական հոսքագծերն են անխափան աշխատում՝ թողարկելով ապրանքներ, տեխնոլոգիաներ, մեքենաներ, միկրոչիպեր, դեղամիջոցներ եւ այլն, ստեղծելով նյութական արժեք ու բարիք, ամրացնելով պետականությունը, իսկ Հայաստանում բոլորովին այլ «հոսքագիծ» է աշխատում, որը չի արտադրում նյութական արժեք, այլ՝ միայն աղմուկ, սենսացիա, տեղեկատվական ցնցումներ, քաղաքական սկանդալներ։
Վերջին 8 տարիներին Հայաստանում աշխատող այդ «կոնվեյերը» ոչ մի րոպե չի կանգնում, չի հոգնում։ Հասարակությանն է մատակարարում հերթական «արտադրանքը», հասարակությունն էլ այն կլանում է` սկսում քննարկել, վիճել, վերլուծել, արդարացնել կամ դատապարտել: Ոչ թե զբաղված է իր աշխատանքով, ինչ-որ բան ստեղծելով, այլ՝ հերթական հայտարարության մեկնաբանությամբ։ Եվ սա մեխանիզմ է։ Քաղաքական տեխնոլոգիա։ Նման հասարակությունն այլեւս ժամանակ չունի այլ բանի մասին մտածելու, կառուցելու, արարելու։
Ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքում խոսքն այլեւս «իրադարձություն» է։ Այս տարիներին հնչել են բազմաթիվ վիճահարույց ձեւակերպումներ՝ Արցախի, հայոց պատմության, ազգային արժեհամակարգի, Եկեղեցու, պետական ինքնության վերաբերյալ։ Յուրաքանչյուր նման հայտարարություն օրերով ու շաբաթներով դարձել է քննարկման առարկա։ Հարցը նույնիսկ այն չէ՝ ճի՞շտ են այդ ձեւակերպումները, թե՝ սխալ։ Կարեւորն այն է, որ հասարակությունը մշտապես լարված է` քաղաքական կոնվեյերը գործում է: Քննարկումը հասնում է գագաթնակետին, հոսքագիծը նոր թեմա է նետում։ Հինը մարում է, նորն է գալիս։ Եվ այսպես՝ անվերջ։ Հիշենք մի քանի արտահայտություն, որոնք ժամանակին ցնցեցին հանրային դաշտը եւ հետո մոռացվեցին աղմուկի մեջ։ Շուշին «գորշ» քաղաք էր, ձյունոտ սարերն «անպետք» էին, ցեղասպանության ճանաչման գործընթացը վնասակար էր, Կիրանցի պատը մեր ամենամեծ ձեռքբերումներից էր, եկեղեցիները «չուլաններ» էին… Եվ սրանք պարզապես բառեր չէին, այլ՝ արժեքային սահմանների խախտում։
Հայ առաքելական եկեղեցին դարերով եղել է հայի ինքնության կրողը` պետականության բացակայության պայմաններում։ Եվ երբ նրա հասցեին հնչում են նման ձեւակերպումներ, դա ընկալվում է ոչ թե որպես քաղաքական դիսկուրս, այլ՝ որպես արժեքային բախում։ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու լուրը «կոնվեյերի» հերթական արտանետումն էր, որը նաեւ քաղաքական եւ հոգեբանական ծանր ազդեցություն ունեցավ։ Հասարակության մի հատված դա ընկալեց որպես պետականության սյուներից մեկի նկատմամբ դաժան հարված, բայց թեման մաշվեց շաբաթների քննարկման մեջ` իր տեղը զիջեց նոր իրադարձություններին։ Չնայած կաթողիկոսի հետ կապված գործընթացը ոմանք որպես «տիեզերական մասշտաբի խայտառակություն» որակեցին:
Մի քանի օր կամ շաբաթ էլ ասպարեզում Հայաստանի էներգետիկ անվտանգության թեման էր` Մեծամորի ատոմակայանի փակման ֆոնին, որն իշխանությունը փորձեց սքողել նոր մոդուլային կայանների թեմայով՝ որպես ներդրումների հնարավորություն։ Մասնագետները սկսեցին քննարկել՝ տնտեսական առումով որքանո՞վ է ամերիկյան առաջարկը հիմնավոր, ինչպիսի՞ երկարաժամկետ պարտավորություններ է առաջացնում, ուժեղացնո՞ւմ է մեր ինքնիշխանությունը, թե՞ թուլացնում։
Հավերժ ակտուալ թեմաներից է` բռնել, բաց թողնել, նորից բռնել: Այսօր մարդուն ձերբակալում են, հանրությունը ցնցվում է, օրեր անց ազատ են արձակում։ Բացատրություն չկա։ Ոչ ոք պատասխան չի տալիս՝ ի՞նչ հանցանքի համար էր կալանավորվել, եթե հանցանք չկար, ո՞վ է պատասխան տալու այդ անարդարության համար։ Հին առակն ասում է․ Աստված ուզում է երջանկացնել աղքատին, վերցնում է նրա միակ կովը, հետո այնպես է անում, որ նա գտնի այն ու երջանկանա՝ մոռանալով, որ գտել է իր ունեցածը։ Ինչպե՞ս կարող է իրավական պետությունում ազատազրկումը դառնալ քաղաքական սցենարի մաս։ Սա արդարադատությո՞ւն է, թե՞ հասարակության նյարդերի հետ խաղ։ Օրենքը պետք է լինի կանխատեսելի։ Իսկ Հայաստանի խնդիրը ոչ միայն որոշումների որակն է, այլեւ՝ հանրային էներգիայի վատնումը։ Մենք պետք է որոշենք՝ մնանք արձագանքող հասարակությո՞ւն, թե՞ դառնանք կառուցող հասարակություն։ «Կոնվեյերը» կարող է արտադրել աղմուկ, բայց ազգը չի կարող ապրել աղմուկով։
Եթե մեր ողջ մտավոր ու հոգեկան էներգիան ծախսում ենք արձագանքի վրա, մենք երբեք չենք ստեղծի արդյունք։ Արժեք չարտադրող պետությունը խոցելի է։ Պատմական պատասխանատվությունը կարող է ուշանալ, բայց չի վերանա։ Երբ պետության ղեկավարը մշտապես ցնցումներ է առաջացնում եւ անորոշություն, երբ խոսքը չարաշահում են, երբ իրավական գործընթացները գործիք են դարձնում, դա պարզապես սխալների շղթա չէ, դա կառավարման ոճ է։ Մենք իրավունք ունենք պահանջելու պատասխանատվություն եւ հեռացնելու անպատասխանատու իշխանություններին։ «Կորցրած կովը գտնելը» երջանկություն չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր