Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում

Մաքրելը քիչ է. ո՞վ է կազմակերպելու քաղաքացիների հանգիստը մեր այգիներում

Tue, 10 Mar 2026 15:15:12 +0400


Ձուլագործ Արսենը, նրա կինը եւ երկու երեխաները կիրակնօրյա հանգիստն անցկացնելու մասին էին մտածում։ Օրը շոգ էր, սպասում էին երեկոյին, որ գնան քաղաքային զբոսայգի․ այնտեղ միշտ զով է, ծառախիտ, եւ ընտանիքով կարելի է հաճելի ժամանակ անցկացնել։
Զբոսայգու հայտարարությունների ցուցանակից երեխաներն արդեն տեղեկացել էին, որ այդ օրը հերթական հետաքրքիր միջոցառումն է սպասվում․ նկարչական դպրոցի սաներն էին իրենց ստեղծագործությունները ներկայացնելու, երաժշտական խմբերն էին կատարումներով հանդես գալու, վերջում՝ բաց երկնքի տակ պատմական ֆիլմի ցուցադրություն էր լինելու։ Ընտանիքը պատրաստվում էր դուրս գալ տնից, երբ հնչեց հեռախոսը։ Արսենի ընկերն էր՝ նույնպես ձուլագործ, առաջարկում էր ընտանիքով գնալ իրենց թաղամասի փոքրիկ պուրակը, որտեղ գործում էր բակային ճամբար։ Թաղի երեխաները թատրոնի դերասանների հետ բեմադրում էին փոքրիկ ներկայացումներ՝ Հովհաննես Թումանյանի եւ Խնկո Ապոր ստեղծագործությունների հիման վրա։ Նախատեսված էր նաեւ ասմունքի մրցույթ, որին մասնակցելու էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։

Հավանաբար, դուք մտածեցիք, թե լրագրողը հեքիաթ է պատմում, սակայն սա մեր ոչ այնքան հեռավոր անցյալի մասին է։ Մեր զբոսայգիներում, պուրակներում, հանգստյան գոտիներում նման միջոցառումները ոչ թե բացառություն էին, այլ՝ բնական երեւույթ։ Այդ ժամանակ զբոսայգիները միշտ մարդաշատ էին՝ բարեկարգ, կանաչ, զով եւ, ամենակարեւորը՝ քաղաքային կյանքի մշակութային կենտրոններից մեկը։ Մարդիկ ոչ միայն հանգստանում էին, այլ նաեւ՝ հաղորդակից դառնում մշակույթին ու արվեստին։ Երգ, պար, ասմունք, ցուցահանդեսներ, գրական երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ, եւ ստեղծվում էր միջավայր, որտեղ քաղաքացին ոչ միայն հանգստանում էր, այլեւ՝ գեղագիտական հաճույք ապրում: Նման միջոցառումների շնորհիվ դպրոցականները կարդում էին, անգիր գիտեին բազմաթիվ ստեղծագործություններ։

Անկախությունից հետո, ցավոք, այս մշակույթը վերացավ մեր առօրյայից։ Զբոսայգիների մի մասն ամայացավ, մյուսները դարձան պարզապես նստելու վայրեր։ Իսկ գուցե ինչ-որ համայնքներում դեռ պահպանվե՞լ է այդ ավանդույթը, քաղաքային այգիների մշակութային կյանքը։ Այս հարցերի պատասխանները պարզելու համար հարցում ուղարկեցինք Լոռու մարզի մի շարք համայնքների ղեկավարներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել զբոսայգիների եւ պուրակների մաքրման, բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ, ինչ ծրագրեր են նախատեսվում՝ քաղաքացիների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու համար։ Հետաքրքրվել էինք, թե ով է պատասխանատու այդ տարածքների պահպանության համար, ինչ աշխատանքներ են կատարվել վերջին տարիներին, ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործում, ինչ միջոցառումներ են նախատեսվում։

Կարճ ժամանակ անց ստացանք 3 համայնքների պատասխանները՝ Ալավերդուց, Ստեփանավանից, Սպիտակից։ Պատասխանները, մեղմ ասած, հիասթափեցնող են, ավելի շատ հիշեցնում են ձեւական հաշվետվություն։ Օրինակ՝ Ալավերդի համայնքից նշում են, որ զբոսայգիների պահպանությունն իրականացնում են համապատասխան համայնքային կազմակերպությունները, կառուցվել են խաղահրապարակներ եւ մարզահրապարակներ։ Սակայն մեր հարցման կարեւոր մասը՝ քաղաքացիների հանգիստն ու ժամանցը կազմակերպելուն ուղղված կոնկրետ ծրագրերը, փաստորեն, մնացել է անպատասխան։ Նշվում են միայն մաքրման, վերանորոգման կամ կանաչապատման աշխատանքներ։

Ստեփանավանից ստացված պատասխանում եւս խոսվում է տարածքների մաքրման, բարեկարգման, ծառատունկի մասին։ Նշվում է, որ զբոսայգիներում կազմակերպվում են շոու ծրագրեր, պարային խմբերի ելույթներ, ցուցահանդեսներ։ Սակայն կրկին առանց կոնկրետության՝ երբ, ինչ ձեւաչափով, ինչ հաճախականությամբ։

Սպիտակի պատասխանը կարճ է՝ 1-2 նախադասություն։ Նշվում է միայն, որ զբոսայգում իրականացվում են շինաշխատանքներ, որոնց ավարտից հետո նախատեսվում է կազմակերպել մշակութային միջոցառումներ։

Այսինքն, համայնքապետարանների պատասխաններում հիմնականում ընդհանուր բնույթի տեղեկություններ են, չեն նշվում հստակ ծրագրեր, ժամկետներ, նախաձեռնություններ։ Եթե մեր զբոսայգիները միայն մաքրվեն եւ բարեկարգվեն, բայց այնտեղ կյանք չլինի, մշակութային միջավայր չձեւավորվի, արդյո՞ք դրանք կդառնան լիարժեք հանգստի եւ ժամանցի կենտրոններ։ Քաղաքային այգին պարզապես կանաչ տարածք չէ։ Այստեղ կարող են հանդիպել սերունդները, կարող են ձեւավորվել մշակութային ավանդույթներ, կարող են առաջին քայլերն անել ապագա դերասանները, երաժիշտները կամ նկարիչները։ Սա մեր քաղաքացիների կյանքի որակի հետ կապված հարց է։ Սպասում ենք նաեւ Վանաձորի եւ Տաշիրի համայնքների պատասխաններին։ Հուսանք, որ նրանց պատասխանները կլինեն ավելի ամբողջական, ավելի կոնկրետ եւ առավել պատասխանատու։ Ակնկալում ենք նաեւ, որ Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի համայնքապետարանները կլրացնեն իրենց պատասխանները: Մեր քաղաքացիներն ընտրել են համայնքային իշխանություններ ոչ միայն ճանապարհներ նորոգելու կամ տարածքներ մաքրելու համար, այլ նաեւ քաղաքի հանրային կյանքը կազմակերպելու եւ զարգացնելու ակնկալիքով։ Այդ կյանքի կարեւոր մասն են մեր զբոսայգիները եւ պուրակները։

Քաղաքային այգին պարզապես ծառերի եւ նստարանների հավաքածու չէ։ Այն քաղաքային կյանքի հայելին է։ Եվ եթե այդ հայելում կյանք չկա, ուրեմն պետք է իրական ծրագրեր իրականացնել, որովհետեւ քաղաքը միայն շենքերով չէ քաղաք, այլ՝ մարդկանցով։ Իսկ մարդիկ պետք է ունենան նաեւ արժանապատիվ հանգստի եւ բովանդակալից ժամանցի հնարավորություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին

Պատվիրատուներ կա՞ն. Հարց` Վալոդյա Գրիգորյանին սպանողին Tue, 10 Mar 2026 17:01:13 +0400 Latest news from…

19 րոպե ago

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Ոսկին համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ Tue, 10 Mar 2026 17:00:22 +0400 Ոսկին միջազգային բորսաներում…

20 րոպե ago

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը»

Նոր սերիալ․ «Քուն ու դադար չունի մեր վարչապետը» Tue, 10 Mar 2026 16:45:05 +0400 Ինչ…

36 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը

Վալոդյա Գրիգորյանի արյունոտ հագուստներն են ցուցադրվում. ինչ է ներկայացնում բժիշկը Tue, 10 Mar 2026 16:43:12…

37 րոպե ago

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը

Խորհուրդ են տալիս արագ ավարտել պատերազմը Tue, 10 Mar 2026 16:30:52 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

50 րոպե ago

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո

Բացառիկ տեսանյութ` Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո Tue, 10 Mar 2026 16:08:29 +0400 Latest news…

1 ժամ ago