«Հրապարակ»․ Հենց փող է պետք, հիշում են Սաշիկին
Wed, 11 Mar 2026 11:15:41 +0400

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական լրահոսում, ինչ-որ գումարներ վճարում, վնաս փոխհատուցում ու էլի անհետանում: Տպավորություն է, որ նրա դեմ մի ահռելի ինստիտուտ է աշխատում: Երեկ էլ Հակակոռուպցիոն դատարանը լուր տարածեց, թե Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թթ. իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ է հափշտակել` վատնելու եղանակով։ Ինչ վատնում է դա, այն էլ՝ 17 տարի շարունակ, չեն ասում:
Աբսուրդն այն է, որ Սաշիկ Սարգսյանը երկրում չէ, եւ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով կալանքի միջնորդությունը, որոշել են, որ բարձր է նրա կողմից փախուստի դիմելու ռիսկը, եւ կիրառել են կալանք՝ հետախուզում հայտարարելով: Սաշիկ Սարգսյանին մեղադրանք ներկայացվել է նաեւ 2019 թվականին, մեղադրում էին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ՝ Մարտիրոս Սարյանի գծանկարները հափշտակելու համար: Մեղադրանքը հանվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ Սաշիկ Սարգսյանը 19 մլն 600 հազար դոլար նվիրաբերեց Արցախի պաշտպանության բանակին։ Հարկերը չվճարելու գործ էլ է եղել, որով նրան քրեական հետապնդումից ազատել են՝ պետությանը 7.5 միլիոն դոլար վճարելուց հետո: Իսկ 2024-ին վարույթ են հարուցել ապօրինի ծագման գույքի առգրավման համար. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, հօգուտ ՀՀ-ի, բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, մոտ 6 մլրդ դրամ գումար»: Փոխկապակցված անձինք որդիներն են՝ Նարեկ եւ Հայկ Սարգսյանները, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, եւ որդու՝ Հայկ Սարգսյանի կինը։ Տեսնես, հիմա՞ ինչքան են ուզելու Սաշիկից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր