«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

Wed, 11 Mar 2026 13:15:36 +0400


Մարտի 1-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցում Դովեղ գյուղի բնակչուհի Գայանե Ամիրաղյանը մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ասաց, որ խնդրանքով է դիմում նրան՝ Դովեղ գյուղի ճանապարհի հարցով։ Ասաց, որ գյուղի դպրոցի նոր շենքի շինարարության ընթացքում սահմանամերձ գյուղ տանող ճանապարհը մասամբ փլվել է։ Նիկոլ Փաշինյանը խնդրին անտեղյակ էր, հարցրեց իր կողքին գտնվող Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, ապա ասաց․ «Մի րոպե, նախ` դպրոցի կառուցումը գնում ա»։ Դովեղի բնակչուհին հակադարձեց․ «Չի գնում, դադարեցված ա»։ Մարզպետը պարզաբանեց․ «Դպրոցի կառուցումն ընթացքի մեջ ա, վերջնական որոշակի տեխնիկական խնդիրներ են եղել, դատական պրոցես է եղել»։ Բնակչուհին մարզպետին հարցրեց․ «Իսկ տեսե՞լ եք պատը, հիմա այդ պատը ճաքել է»։ Մարզպետն արձագանքեց․ «Մայրիկ ջան, այնտեղ տեխնիկական խնդիր ա առաջացել տեխհսկիչի հետ, շինարարությունը կվերսկսվի, դպրոցի ճանապարհը, կոնկրետ նախագիծ-նախահաշիվը պատրաստ ա»։ Դովեղի բնակչուհին շարունակեց․ «Ուրախ կլինեմ, որ դպրոցը շատ շուտ ավարտվի։ Բայց համար առաջինը մեր գյուղի ճանապարհն է պետք, որովհետեւ մենք այլընտրանքային էլ չունենք։ Եթե ինչ-որ մի բան էլ լինի, Դովեղն այլընտրանքային ճանապարհ չունի»։ Մարզպետ Ղալումյանն ասաց, որ Դովեղին լավ ծանոթ է, 10 անգամ եղել է Դովեղում՝ դպրոցի համար, ճանապարհի նախագիծ-նախահաշիվը պատրաստ է։

Ապա Փաշինյանը պարզաբանեց․ «Շատ տեղեր կան, որ մենք դպրոցի կառուցում ենք սկսել, մրցույթ ա եղել, մրցույթի հաղթող ա եղել, բայց շինարարը գալիս, հաղթում ա, հետո իր պարտավորությունը չի կատարում»։ Փաշինյանի ներկայացրած իրավիճակի մեջ կա կառավարության եւ քաղաքաշինության կոմիտեի մեղքը։

Այժմ՝ Դովեղի դպրոցի շինարարության ոդիսականի մասին։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ․ վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թ․ հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 1 միլիարդ 218 միլիոն դրամով, շինարարությունն իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, սակայն աշխատանքների մի մասն է արված։ 2024թ․ գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները, աշխատավարձի ուշացման պատճառով, դուրս եկան գործից։ Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորներ, ապա՝ արաբներ։ Քաղաքաշինություն կոմիտեն 2025թ․ փետրվարին միակողմանի լուծել է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը։ Քաղշինից պարզաբանել են, որ «Կանժիլստրոյը» շինարարական աշխատանքները կատարել է ժամկետների խախտումներով եւ որակի շեղումներով։ Բացի այդ, չի ներկայացրել պայմանագրով պահանջված փաստաթղթերը։ Պայմանագիրը միակողմանի խզելուց հետո «Կանժիլստրոյ» ընկերությունը դիմել է դատարան, 2025թ․ ապրիլին դատարանը մերժել է նրա պահանջը։ Մինչ այդ կատարված աշխատանքների համար «Կանժիլստրոյին» վճարվել է շուրջ 266 միլիոն դրամ։ «Կանժիլստրոյի» հետ կնքված պայմանագիրը դադարեցնելուց հետո դպրոցի շենքի կառուցումը շարունակելու համար 2025թ․ մայիսին երկու անգամ հրատապ բաց մրցույթներ են հայտարարվել, որոնք, սակայն, չեն կայացել, որովհետեւ մասնակից չի եղել։ 2025թ․ հունիսին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով պայմանագիր է կնքվել նոր կապալառուի՝ «Պրոմ գրուպ» ՍՊԸ-ի հետ, որը, ըստ պայմանագրի, պարտավորվել է կատարել Դովեղի դպրոցի շինարարության մնացորդային աշխատանքները։ Գնման հրավերով այդ աշխատանքների իրականացման համար սահմանված գինը կազմել է 1 միլիարդ 55 միլիոն դրամ, սակայն շինարարական կազմակերպությունն առաջարկել է 985 մլն դրամ, պայմանագիրը կնքվել է կապալառուի առաջարկած գումարով։ Աշխատանքներն ավարտելու համար այդ կազմակերպությանը տրվել է 365 օրացուցային օր ժամկետ։
2025թ․ դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե երբ է ավարտվելու Դովեղի դպրոցի շինարարությունը։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, որ շինարարությունն ավարտվելու է 2026թ․ օգոստոսին։ Դպրոցի շինարարությունն այժմ դադարեցված է, Դովեղից հայտնեցին, որ շինկազմակերպության բրիգադը մեկնել է Դովեղից, փոխարինող բրիգադն էլ դեռ չի ժամանել։ Քիչ հավանական է, որ մի քանի ամիս հետո՝ հունիսին կամ օգոստոսին, Դովեղի դպրոցի նոր շենքի շինարարությունն ավարտված, դրան կից՝ Դովեղ մտնող ճանապարհն էլ վերականգնված, վերակառուցված կլինի։
ՀԳ․ Ի դեպ, հատկապես դպրոցների շինարարական տենդերների հետ կապված՝ շատ վատ ավանդույթներ են ձեւավորվել այս իշխանության ժամանակ․ քաղշինն ու տարբեր կառույցներ ամեն կերպ խոչընդոտում են շինաշխատանքների իրականացմանը։ Ասենք՝ միջանկյալ նախագծերի հաստատումն այնքան են ուշացնում, որ կազմակերպություններն ակամայից խախտում են ժամկետները, ապա հենց այդ ժամկետների խախտման հիմքով էլ դադարեցնում են նրանց հետ պայմանագրերը, տույժ-տուգանքներ կիրառում, չեն վճարում կատարված աշխատանքների դիմաց, հետո նոր տենդերներ են հայտարարում կամ մեկ անձից գնումով պայմանագիր կնքում եւ շատ ավելի մեծ թվերով պայմանագրեր կնքում նոր կազմակերպությունների հետ՝ մեծ վնասներ պատճառելով պետբյուջեին եւ վախեցնելով տենդերների մասնակցող շինկազմակերպությունների աչքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում Sun, 05 Jul 2026 23:45:03 +0400 Ֆրանսիան մշակում է…

6 ժամ ago

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Sun, 05…

6 ժամ ago

Մասնագիտական թիմ է վարձել՝ ճաղատության դեմ պայքարելու համար

Մասնագիտական թիմ է վարձել՝ ճաղատության դեմ պայքարելու համար Sun, 05 Jul 2026 23:30:46 +0400 Հոլիվուդյան…

6 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում Sun, 05 Jul 2026 23:15:30 +0400 Հուլիսի 5-ին՝ ժամը…

6 ժամ ago

Անկախության օրվա առիթով «ժամանակի անոթ» են տեղադրել

Անկախության օրվա առիթով «ժամանակի անոթ» են տեղադրել Sun, 05 Jul 2026 23:00:31 +0400 Ամերիկյան Ֆիլաֆելֆիա…

7 ժամ ago

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ Sun, 05 Jul 2026 22:43:32 +0400 Ես…

7 ժամ ago