Մեր էշ խելքն ասա․․․ փաստորեն
Wed, 11 Mar 2026 17:15:53 +0400

Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական ակտիվի հետ շարունակում է զվարճանալ մարզային ուղեւորություններով ու զվարճացնել հանրությանը, բայց դիտողի համար դա ոչ այնքան ուրախ զվարճանք է, որքան աբսուրդի թատրոն, որի հանդիսատեսն ենք ակամա ու պարտադրված։
Այս շրջիկ թատրոնի պրիմիտիվ թվաբանական հաշվարկը պարզ է․ շատ միամիտ է պետք լինել՝ չհասկանալու համար, որ այս խումբը, հանուն ամեն քվեի, պատրաստ է տարբեր դերեր ստանձնել, դիմանալ, չարչարվել մի 100 օր եւս՝ հետո 5 տարի իշխանությունը վայելելու համար։ Անգամ սեփական հովանոցը չբռնող, թիկնապահներով ու ավելի երիտասարդ, ջլապինդ տասնյակ կուսակիցներով շրջապատված վարչապետը երկու ձեռքով 2 ծանր տոպրակ խանութից բարձրացնում է, օգնում՝ արցախցի կնոջ առեւտուրը տեղ հասցնել։ Կողքից քայլում են երկրորդ պլանի բազմաթիվ դերասաններ, ոչ ոք չի կիսում բեռը։ Արդար, չարքաշ, բեռնակիր վարչապետը միայնակ տանում է տոպրակները, բարի ու հարեհաս` փրկում-օգնում է արցախցուն։ Որքան հուզիչ տեսարան է սա եւ որքան կեղծավոր։
Այս երեսպաշտությունը 10։0 է անում բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե կարելի է ՔՊ-ի հետ պոպուլիզմի արենայում մենամարտի դուրս գալ եւ հաղթել նրանց, հաղթել նրանց դերասանական բարձր արվեստը, առանց ոսկորի լեզուն, հանուն նպատակի՝ ամեն ինչի ընդունակության ձիրքը։
Ո՛չ, պարոնայք, այս դաշտում նրանք անպարտելի են, որովհետեւ պատրաստ են նվաստանալ, իսկ մյուսները պատրաստ չեն, քանի որ ակնհայտ այդ վարքագիծը մովետոն է, անելու բան չէ։ Մեկը մեկնաբանությունում գրել էր՝ «զիբիլ տվեք, թող տանի թափի», եւ դա չի թվում չափազանցություն։ Եթե այդ կինը բերեր աղբի տոպրակը, ասեր՝ սիրելի վարչապետ, սա էլ ձեռքի հետ գցիր աղբամանը, նա դա էլ կաներ, հարեւանների դռներն էլ կծեծեր, կասեր՝ ի՞նչ ունեք թափելու, տվեք՝ ձեռքի հետ տանեմ։ Ի՞նչ կա որ, մարդն օգնում է, ուզում է անձամբ օգնել, նա այս արարում ժողովրդի ծառան է` բառի ամենաուղիղ, ամենաիսկական ու ամենանվաստ իմաստով։ Կանի, չի վարանի, մյուս այցին փորձեք՝ կհամոզվեք։
Բայց պետք է նկատել, որ այս կոմեդիան միատարր չէ, հստակ ունի տրագիկ արարներ, որտեղ նա թողնում է հեզ ու ծառայամիտ կերպարը, մեկ էլ անզուսպ բարկանում է՝ մեր էշ խելքն ասա, որ մանկապարտեզ ու դպրոց ենք կառուցել, ճանապարհ ենք վերանորոգել, նախկինների նման՝ չպիտի անեինք․․․ Այս արարն էլ նրա համար է, որ ռամիկ մարդուն տեղ հասնի, թե, ախր, չեն գնահատում, էլի, իր անվերջ բարեգործությունը, իր օրոք եղած անուրանալի ձեռքբերումները, բայց չէ՞ որ իրենք արել են, իսկ, ահա, այդ նախկինները ոչինչ չեն արել։ Այս միտքը պետք է մատուցվի համապատասխան էքսպրեսիայով, եւ բեմական կուլմինացիոն էքսպրեսիան օգնում է, որ հանդիսատեսն ավելի լավ հասկանա կերպարի զգացմունքներն ու ապրումները, չափազանց արդար ու բարի վրդովմունքը։
Ունեի՞ն արդյոք նախկիններն այսպիսի շնորհքներ։ Ոչ, չունեին, այդ հարցում նրանք աչք զարնող անտաղանդ էին։ Նախկինների ժամանակ էլ կառուցվել են մանկապարտեզ-դպրոց-ճանապարհներ, էլի ինչ ասես, մի ամբողջ Արցախ էր կառուցվում․․․ նրանց էշ խելքն ասա, որ մի անգամ գոնե մեկի համար առեւտուրը տուն չհասցրին, հրապարակային չկերան, չծամեցին ոչ մի բան՝ ոչ մի պեռաշկի, ոչ մի կուկուռուզ, անգամ՝ մի սուջուխ։ Եղան գոռոզամիտ, էլիտար` ինչ-որ, եւ հեռու մնացին պոպուլիզմից, որքան դա հնարավոր էր, այնքան հեռու, մինչեւ դժգոհ պոպուլյացիան ոտքի կանգնեց, մերժեց բոլոր նախկիններին միասին՝ անկախ նրանց արած եւ չարած գործերից, գործած եւ չգործած մեղքերից։
Պոպուլիզմի գլխավոր՝ «Ժողովուրդն» ընդդեմ «էլիտայի» բաժանարարը Փաշինյանը դրսեւորում է հնարավորինս դիտարժան․ դուք՝ տեր, ես՝ ծառա, ասեք՝ կանեմ, ասեք՝ ինչ անեմ։ Այս 3 ամսվա ընթացքում ամեն րոպե պետք է հասարակ, ռամիկ մարդը զգա, որ, ահա, այդպիսի մի ծառա ունի, ու ամեն գնով հունիսի 7-ին պահի այդ ծառային իր կողքին՝ որպես թագավոր։ Բայց ո՞ր ասածն են արել, չէ՞ որ մի պահ ընտրողը նաեւ կարող է հիշել, որ ոչ թե ժողովրդի, այլ անգամ իրենք իրենց ասածները չեն արել ու ավելին՝ արել են իրենց բոլոր խոստումների հակառակը։ Իսկ եթե 8 տարում կառուցվել են դպրոց-մանկապարտեզներ եւ ինչո՞ւ չպիտի կառուցվեին։ Արդյո՞ք միայն պիտի ավիրվեր, կորսվեր, գերեվարվեր ու զոհվեր ամեն ինչ այդ 8 տարիներին։
Մի՞թե իշխանությունը միայն վայելքների համար է, իսկ աշխատանքը բարեգործությո՞ւն է։ Մի՞թե մեկը պետք է շնորհակալություն հայտնի, որ մարդիկ գնացել են աշխատանքի, տնօրինել են բոլորիս հարկերից գոյացած բյուջեն, օգտվել են կառավարական բոլոր արտոնություններից, շրջագայել են, սկսել են հագնել լավ կոստյումներ ու ուտել ոչ միայն պեռաշկի, ամեն օր գնացել են պառլամենտ եւ կառավարություն՝ ինչպես հերանց տուն, արել են՝ ինչ ուզել են, ու խոսել են՝ ինչպես ուզել են, եւ, բացի այդ ամենից, պատկերացրե՛ք, նաեւ ինչ-որ գո՞րծ են արել։ Մի՞թե հենց աշխատելու համար չեն նրանք ընտրվել ու նշանակվել պաշտոնների, ստացել աշխատավարձ եւ ահռելի պարգեւավճարներ, մի՞թե նախկինների ժամանակ ավելի ցածր ռոճիկով աշխատող պետական համակարգը չի արել ավելի շատ գործ՝ երբեք միլիոնավոր դրամների պարգեւավճարներ չստանալով հանդերձ։ Մի՞թե նախկին պետական աշխատողները՝ վերից վար բոլորը կոռումպացված էին, իսկ այսօրվանները վարից վեր՝ գառան պես անմե՞ղ։ Մի՞թե։ Եվ մի՞թե եթե անգամ այդպես է, ուրեմն չպիտի աշխատեին, առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 6-ը, 8 տարի շարունակ ոչինչ պիտի արած չլինեին։
Եվ եթե ռամիկ մարդը լիներ նաեւ իմաստուն, կկշռեր՝ արդյո՞ք արված գործը բավարար է եւ համապատասխանում է ծախսված բյուջեին ու վատնված տարիներին, գուցե կարելի էր լինել ավելի արդյունավետ, եւ գուցե այդ թոշակը պետք է աճեր անցած տարիներին՝ 2 կամ 4 տարի առաջ, եւ ոչ թե ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ։
Շնորհակալություն հայտնել չշտապենք, քանի որ մեզ խոստացված էր ավելին։ Մենք տվեցինք մեր վստահության քվեն՝ այն ամենը, ինչ ունեինք, բայց չստացանք այն, ինչ մեզ խոստացել էին, կորցրինք, կոտրվեցինք, սգացինք ու չմխիթարվեցինք, մնացինք ծաղրված եւ չհասկացված․․․ այսպես եւս կարող է մտածել ռամիկ, բայց իմաստուն ընտրողը։ Եվ կմտածի՝ ընտրողը կհասնի այդ մտքին, քանի որ անհնար է օրեր շարունակ դիտել այդ աբսուրդի թատրոնը եւ մնալ չմտածող։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր