Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Շնորհավորանքն էլ են ծածուկ տարածում, որ իրենց տերերը չտեսնեն

Շնորհավորանքն էլ են ծածուկ տարածում, որ իրենց տերերը չտեսնեն

Wed, 11 Mar 2026 18:45:05 +0400


Մարտի 9-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, ըստ որի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իբրեւ թե շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ ընտրված այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին: Ինչու ենք գրում «իբրեւ թե», որովհետեւ շատ հնարավոր է, որ այդպիսի շնորհավորանք ընդհանրապես չի էլ եղել, իսկ եթե եղել է, ապա դա ամենեւին էլ շնորհավորանք չի կարելի համարել:

Որտեղի՞ց են վերցրել շնորհավորանքի տեքստը՝ այն տարածած լրատվամիջոցները, ո՞վ է նրանց տրամադրել դրա տեքստը, ո՞ր աղբյուրին են հղում անում: Փորձենք պարզել, թե արդյոք այդ շնորհավորանքն իրակա՞ն է, թե՞ ֆեյք՝ գոյություն չունեցող: Նիկոլ Փաշինյանն ունի պաշտոնական էլեկտրոնային էջ՝ https://www.primeminister.am։ Մտնում ենք այդ էջը, եւ, ըստ տրամաբանության, այդ էջում պետք է տեղադրված լինի շնորհավորանքի տեքստը: Բայց մարտի 9-ի լրահոսի մեջ ոչ մի շնորհավորանքի տեքստ չկա, կա տեղեկություն, որ նա մասնակցել է Անտոնիու Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնած հեռավար հանդիպմանը, եւ մի տեղեկություն էլ այն մասին, որ այդ օրը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որն ինքն էլ նախագահել է: Կա նաեւ կառավարության պաշտոնական էլեկտրոնային էջ https://www.gov.am, մտածեցինք՝ գուցե այնտեղ կարող է տեղադրված լինել այդ շնորհավորանքի տեքստը, բայց այդ էջի լրահոսի վերջին տեղեկությունը մարտի 5-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի հանդիպման մասին է: Ուրիշ ոչ մի տեղեկություն, շնորհավորանքի տեքստ չկա: Մտածեցինք՝ գուցե Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/nikol.pashinyan, կհաջողվի գտնել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ ընտրված այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին ուղղված շնորհավորանքի տեքստը: Բայց մարտի 9-ի լրահոսը սկսվում է քաղաքացիներին բարի օր մաղթելով եւ սրտիկելով, հետո տեղեկություն՝ Անվտանգության խորհրդի նիստի մասին, հետո էլ, թե մասնակցել է Կառավարման ակադեմիայի երկրորդ դասին, իբրեւ թե կրթվում է: Իսկ շնորհավորանքի տեքստը չկա ու չկա:

Ենթադրենք, թե շնորհավորանքը եղել է, ասենք՝ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է այդ տեքստն ուղարկել լրատվամիջոցներին եւ ասել, որ դա վարչապետի շնորհավորանքի տեքստն է: Բայց նույնիսկ այդ դեպքում, այն ոչ մի կերպ չի կարելի համարել շնորհավորանք, բացառությամբ նրա, որ տեքստում կա «շնորհավորում եմ» բառակապակցությունը: Ահա թե ինչ է ասվում վարչապետի շնորհավորանքի այդ տեքստում. «Շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատեւ խաղաղություն»։
Նախ, Փաշինյանը կամ տեքստի հեղինակը չի գրում, թե ում է ուղղված շնորհավորանքը. չկան անուն, ազգանուն, կարող էր, չէ՞, գրել՝ մեծարգո այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, որովհետեւ եթե չկան անուն, ազգանուն, հայտնի չէ, թե ում է այն ուղղված: Երկրորդ շնորհավորանքի հեղինակը խեղաթյուրում է նրա զբաղեցրած պաշտոնը` այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ եւ ոչ թե Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, ինչպես գրված է Փաշինյանի տարածած տեքստում: Ստացվում է՝ հայտնի չէ, թե ում է նա շնորհավորել կամ ինչի համար:

Բացի այդ, շնորհավորանքի տեքստում ոչ մի բարեմաղթանք չկա՝ ուղղված անձամբ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին: Տեքստի հեղինակը գիտի, որ սպանվել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի հայրը՝ Ալի Խամենեին, եւ կարող էր նրան մաղթել, որ նա հաջողությամբ շարունակի հոր սկսած գործը։ Հեղինակն առնվազն պետք է տեղյակ լիներ, որ այս օրերին Իրանը եւ Իրանի ժողովուրդը դիմագրավում են ամերիկա-իսրայելական ագրեսիային: Կարող էր ագրեսիայի մասին չգրել, կարող էր երկրների անուններ չտալ, դա Փաշինյանի կողմից սխրագործություն կլիներ, ինչը մենք չենք կարող ակնկալել, բայց գոնե կարող էր գրել՝ վստահ եմ, որ բարեկամ Իրանի ժողովուրդը՝ Ձեր առաջնորդությամբ, կդրսեւորի տոկունություն եւ քաջություն, կպաշտպանի իր երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ամփոփելով կարող ենք ասել, որ ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին ուղղված շնորհավորանքի պաշտոնական տեքստ, ըստ էության, գոյություն չունի: Փաշինյանը ցանկացած պահի կարող է ասել, որ ինքը որեւէ մեկին չի շնորհավորել, եւ այն, ինչ իր անունից տարածվել է, իր հետ որեւէ կապ չունի: Իսկ այն, ինչ փորձում են ներկայացնել որպես շնորհավորանք, ծաղրի եւ ամոթի դրսեւորում է: Սրա պատճառը մեկն է. Հայաստանը կորցրել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը, երկիրը գտնվում է արտաքին կառավարման տակ, եւ նրանց տեղական դրածոները չեն կարող իրենց տերերի դեմ դուրս գալ, նրանց կամքին դեմ որեւէ քայլ անել: Միայն Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը վերականգնելու դեպքում է հնարավոր ունենալ անկախ եւ սեփական երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն, հարեւան եւ բարեկամ երկրների հետ կառուցել անկեղծ եւ արժանապատիվ հարաբերություններ: Իսկ ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին եւ իրանցի ժողովուրդը կարող են առանց Փաշինյանի շնորհավորանքի էլ պայքարել եւ հաղթել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ապրիլի 1-ից՝ փոփոխություններ ԱՊՊԱ-ում

«Հրապարակ». Ապրիլի 1-ից՝ փոփոխություններ ԱՊՊԱ-ում Wed, 11 Mar 2026 12:45:55 +0400 Ապրիլի 1-ին ուժի մեջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով