Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց չեն ուզում

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց չեն ուզում

Thu, 12 Mar 2026 08:45:10 +0400


Որոշ տեղեկություններով, իշխանության հույսն այն է, որ հունիսի 7-ին հնարավորինս մեծ թվով ուժեր կմասնակցեն համապետական ընտրություններին, եւ անցողիկ շեմը չհաղթահարելու արդյունքում ձայների մեծ քանակ կփոշիանա, ու դրա առյուծի բաժինը կգումարվի ամենաշատ ձայն ստացած ուժի քվեներին, իսկ ՔՊ-ում հույս ունեն, որ վարչական ռեսուրսի շնորհիվ իրենք ամենաշատ ձայներն են հավաքելու։ Մի հույս էլ կապված է կցորդ ուժի ԱԺ մտցնելու հետ, եթե արեւմտամետներից որեւէ մեկին, օրինակ, Արամ Զավենի Սարգսյանին կամ Գուրգեն Սիմոնյան-Էդվարդ Անտինյան զույգին կարողանան անցկացնել ԱԺ եւ կոալիցիա կազմել նրանց հետ, ինչպես արեցին Երեւանի դեպքում: Տեղեկություններ կան, որ այս օրերին ՔՊ-ից որոշ ուժերի խրախուսում են, որ մասնակցեն ընտրություններին` խոստանալով հոգալ նրանց ընտրական ծախսերը։ Որոշ ուժեր էլ, չնայած իշխանության դեմ են, բայց տեղ չգտնելով խոշոր միավորներում, նախընտրական առեւտրի սպասում ունեն, որ խոշորներն իրենց համագործակցության առաջարկ կանեն, որ եթե հրաժարվեն պայքարից ու չխանգարեն իրենց` փող կաշխատեն։ ՔՊ-ից մեկուկես տարի առաջ հեռացած Հովիկ Աղազարյանի հիմնադրած ՄԱՍ կուսակցությունը նույնպես հայտարարել է ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, թեպետ ակնհայտ է, որ նրա եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը դժվար թե 40-50 հազար ձայն հավաքի եւ հաղթահարի անցողիկ 4 տոկոսի շեմը։ Զրուցել ենք Աղազարյանի հետ։

– Պարոն Աղազարյան, Դուք իսկապե՞ս հավատում եք հրաշքի, որ կհաղթահարեք 4 տոկոսի շեմը, թե՞ ուզում եք մասնակցել եւ անուղղակի աջակցել Նիկոլ Փաշինյանին։

– Ես պատիվ ունեմ տեղյակ պահել Ձեզ, որ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը կողքից չեն եկել եւ փորձել մտնել ինչ-որ տեղ, մենք պատգամավորներ ենք եւ քիչ թե շատ համեստ դիմագիծ ունեցող պատգամավորներ։ Մեզ թվում է, որ կարող ենք օգտակար լինել մեր պետությանը եւ պետականությանը, էլի կարող է սխալվենք, գուցե մեր մասին ուռճացված կարծիք ունենք, բայց մեզ թվում է․․․ Եթե չկարողանանք որեւէ ուժի հետ մտնել դաշինքային տրամաբանության մեջ, եթե չմասնակցենք ընտրություններին, կնշանակի՝ թողնում ու փախչում ենք մարտի դաշտից, հետեւաբար, ժողովուրդը պիտի ասի՝ ինքը գտնում է, որ մենք օգտակա՞ր ենք, թե՞ ոչ։

– Օգտակար լինելը մեկ բան է, բայց ռեսուրսները ճիշտ գնահատելը՝ այլ: Հիմա եթե պիտի մասնակցեք, մի քանի հազար ձայն տանեք, դրանով օգտակա՞ր եք լինելու, թե՞ ոչ։ Ի դեպ, Ձեր խոսքում դաշինքային տրամաբանությունից խոսեցիք, գուցե հայտարարել եք մասնակցելու մասին, որ ձեզ առաջարկե՞ն այդ ուժերը, կներեք, բայց շատերը քաղաքական առեւտրի են դուրս գալիս այս շրջանում։

– Ես չեմ բացառում, որ որոշ ուժեր Ձեր ասած տարբերակով կգնան, բայց վերադառնանք մեր կուսակցությանը։ Դիցուք՝ մենք տանելու ենք իքս ձայն, այդ ձայնը կարո՞ղ եք ասել՝ ո՞ւմ ընտրազանգվածն է․ դա այն ընտրազանգվածն է, որը ո՛չ Ռոբերտ Քոչարյանին է ձայն տալու, ո՛չ Գագիկ Ծառուկյանին, այդ ընտրազանգվածն իշխանության հատվածից է, հետեւաբար, եթե մենք չհաղթահարենք 4 տոկոսի շեմը, հակառակ տրամաբանությունն է գործելու՝ այնտեղից ձայները բերելու ենք, մի մասը տանք ընդդիմությանը։

– Միեւնույն է՝ ընտրական փոշու զգալի մասն առաջատար ուժին է բաժին հասնելու։

– Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ հաղթելու է։

– Դուք էլ եք գտնում, բայց իրատեսության կանխավարկածից դիտարկեք։

– Բան չեմ ասում, բայց կրկնում եմ՝ «Մեր ձեւով»-ը, Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հաստատ մեր առաջադրումից ավելի շատ են շահելու, քան իշխանությունները, որովհետեւ միասին ավելի շատ ձայն են հավաքելու` ես վստահ եմ դրանում։

– Բայց մանդատները ստանալուց հետո են կոալիցիաները ձեւավորվում, գուցե փոշին վճռորոշ դե՞ր խաղա։

– Փոշին դեր է կատարում, բայց դա բաշխվում է բոլոր ուժերի մեջ, չէ՞։ Ես ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ մենք այժմ բանակցությունների մեջ ենք եւ կիսում ենք Ձեր գնահատականը, որ դժվար է 4 տոկոսը հաղթահարել, դրա համար բանակցությունների մեջ ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ գնանք դաշինքային տրամաբանությամբ, բայց մեկ ուժի ցուցակով, որ կարողանանք հաղթահարել 4 տոկոսի շեմը, իսկ որ պատրաստակամություն ենք հայտնել մենակ գնալ, դա էլ մեր մարտավարությունն է։

– Մի կողմից խոստովանում եք՝ կասկածում եք, որ 4 տոկոսը կհաղթահարեք, մյուս կողմից՝ միայնակ մասնակցելու մասին եք հայտարարել։

– Ոչ թե կասկածում եմ, այլ չեմ կարող երաշխավորված ասել, որ կհաղթահարեմ։

– Ո՞ր ուժերի հետ եք բանակցում։

– Գագիկ Ծառուկյանը թողնենք մի կողմ, «Միասնության թեւերը»՝ մի կողմ, «Հայաստան» դաշինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս թողնենք մի կողմ, «Մեր ձեւով»-ը՝ նույնպես, մնացած բոլոր ուժերի հետ բանակցում ենք։

– Էլ ո՞վ մնաց տակը։

– Մնաց «Լուսավոր Հայաստան», Դոգ, «Արդար խոսք»… լիքը ուժեր կան։ Հիմա պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզենա մեզ վերցնել, նույնիսկ եթե սուրհանդակ ուղարկեմ Ծառուկյանի մոտ, ի՞նչ իմաստ ունի: Ասենք՝ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց իրենք հարմար չեն գտնի երեւի, հակառակ դեպքում՝ մի ձեւով հասկացնել կտային, մենք հո կամիկաձե չե՞նք։

– Ոչ մեկը հարմար չի գտնում, ժողովուրդը պիտի հարմար գտնի՞․․․

– Ընենց հաճույքով կսադրվեի ու մի երկու քաղցր բան կասեի, բայց, քանի որ վճռական փուլում ենք, չեմ սադրվում։

– Եթե ձեր բանակցություններն ապարդյուն անցնեն, այդուհանդերձ, միայնակ մասնակցելո՞ւ եք, եւ` գրողի՞ն, թե ձայն չեք փոշիացնի։

– Չէ, մենք միայնակ ենք գնալու եւ իշխանություն ենք վերցնելու, եթե քո հասարակությունն այն հասարակությունն է, որ մենակ վարչական ռեսուրսի վրա պիտի իշխանություն ձեւավորի, եթե այն հասարակությունն է, որ միայն փողի ուժով պետք է ձեւավորի, թքել եմ քո հասարակության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Այդ մարդը սպասարկում է թուրքական շահը

«Հրապարակ»․ Այդ մարդը սպասարկում է թուրքական շահը Thu, 12 Mar 2026 10:15:27 +0400 Մարտի 11-ին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով