Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Կյանքում ոչ մի բանի չեն հասել, բայց որոշել են թուրքի հետ ախպերություն անել

«Հրապարակ»․ Կյանքում ոչ մի բանի չեն հասել, բայց որոշել են թուրքի հետ ախպերություն անել

Thu, 12 Mar 2026 09:45:57 +0400


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել էր, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Իհարկե, Խուդաթյանն այդ մտքից շատ երջանիկ էր, ինչպես երջանիկ կլիներ ցանկացած ՔՊ-ական, որին բախտ է վիճակվում արժանանալ որեւէ թուրքի կամ ադրբեջանցու ուշադրությանը եւ ձեռքսեղմումին: Սակայն ազգային ինքնագիտակցություն ունեցող յուրաքանչյուր հայ հիշում է, որ Ալփարսլան Բայրաքթարի ստեղծած բայրաքթարների միջոցով 2020 թվականին 5 հազար հայ երիտասարդ զոհվեց Արցախում։ Անգամ նախընտրական այս փուլում իշխանությունները չեն կարողանում թաքցնել իրենց ադրբեջանամետությունն ու թրքասիրությունը։ Մի օր Ադրբեջանին անհատույց հումանիտար ճանապարհ են առաջարկում՝ Նախիջեւան հասնելու համար, մի օր Ալիեւին են շնորհակալություն հայտնում, մի օր էլ Բայրաքթարի հետ են հանդիպում` ժպտադեմ լուսանկարվում։ Զրուցել ենք ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանի հետ։

– Օրվա իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնք Արցախում ցեղասպանություն եւ էթնիկ զտում արեցին, հիմա էլ դատում են արցախյան առաջնորդներին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ջերմ հանդիպում է ունեցել բայրաքթարներ ստեղծողի` Էրդողանի փեսա Բայրաքթարի հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման շփումներին։

– Յուրաքանչյուր թշնամական պետության հետ բարեկամություն անելուն ես դեմ եմ եւ կարծում եմ, որ դա սխալ է, համենայնդեպս՝ մեր ժամանակների ազատամարտիկների համար: Մենք այլ ոգով ենք դաստիարակվել, մերժելի փաստ է դա։ Հիմա եկել են՝ թազա հավեր եւ երկաթե ձվեր են ածում․․․․ կյանքում ոչ մի բանի չեն հասել, անգամ սեփական ուժերով մի հավաբուն սարքած չկան, բայց որոշել են թուրքի հետ ախպերություն անել։ Ի՞նչ ասես նման մարդկանց։ Մենք գոնե պետք է վերադառնանք 90-ականների մեր տարածքներին, չեմ խոսում Արցախի հարցի մասին, ցեղասպանության մասին եւ այլն։ Կոնկրետ Հայաստանի հետ կապված լիքը տարածքներ ունենք, որոնք Ադրբեջանի ձեռքին են, էդ բոլոր տարածքները պետք է մեզ վերադարձվեն, չի կարելի մոռանալ էդ ամենը։ Այո, ես համաձայն եմ, որ դիվանագիտորեն ինչ-որ հարաբերություններ հաստատվեն, դա այլ հարց է, բայց ինչ մնաց ախպերություն անելուն` չէ, ես դրա կողմնակիցը չեմ։ Ես ո՛չ Բայրաքթարի հետ ընկերություն կանեմ, ո՛չ էլ անգամ Բայրաքթարի հետ ընկերություն անող այլ պետության հետ։ Իզուր չեն ասել՝ ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու։

– Իսկ ՀՀ տարածքով Ադրբեջանին հումանիտար ճանապարհ տալուն ինչպե՞ս եք վերաբերվում։

– Իսկ Ադրբեջանը մեզ համար ի՞նչ լավ բան է արել, որ մենք մեզ պատեպատ տալով ուզում ենք օգնել նրան։ Շատ փիս ձեւով մտածում են Ադրբեջանի մասին, բայց Ադրբեջանը մեր գերիներին սպանում ա բանտերում։ Էդպես ո՞նց կլինի։ Էլ չենք խոսում Գեղարքունիքի սահմանների, Ջերմուկի ու այլ դիրքերի մասին, որտեղ թուրքը նստած է։ Ամբողջ օրը խոսում են ադրբեջանական հողերի մասին, իսկ Արծվաշենը, Շահումյանն ու Գետաշենը գիտե՞ն, թե ում է պատկանում։ Գանձակը, Նախիջեւանը նույնպես մեր պատմական հողերն են։ Բայց մենք, ամեն ինչ մոռացած, խոսում ենք միայն առեւտուր անելու մասին, մեկ էլ՝ Ադրբեջանին ինչ-որ բաներ տալուց։

– Արման Թաթոյանը բացահայտեց, որ Ջերմուկի եւ Գեղարքունիքի սահմաններին 2025-ի ամռանը Ադրբեջանը տարածքային առաջխաղացում է ունեցել։ Տեղյա՞կ եք այդ մասին։

– Այո, տեղյակ եմ եւ հավատում եմ, պաշտպանության նախարարն ասաց, որ նման բան չկա, բայց հո դատարկ խոսքերով չի՞։ Չկա նման բան` ապացուցեք, որ չկա։ Ամեն ինչ պետք է փաստերով լինի, Թաթոյանը փաստեր է ներկայացնում, իսկ իշխանությունը՝ ոչ։ Եթե նման բան չկա, ինչո՞ւ նույն Թաթոյանին դատի չեն տալիս, իրենց մոտ դա լավ է ստացվում։ Մենք՝ բոլորս, թուլացել ենք, ժամանակին մեզ գելուգազան էինք զգում, հիմա ընկել ենք մի կողմ ու չգիտես թե ինչի ենք սպասում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կտրում են, որովհետեւ ինչ-որ շենքից դիմել են իրենց` ասել, որ ծառի վրա մլակներ կան

«Հրապարակ»․ Կտրում են, որովհետեւ ինչ-որ շենքից դիմել են իրենց` ասել, որ ծառի վրա մլակներ կան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով