Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Մի նիստ է եղել, մարզպետն ասում է` «մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը հաղթահարված է»

«Հրապարակ»․ Մի նիստ է եղել, մարզպետն ասում է` «մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը հաղթահարված է»

Thu, 12 Mar 2026 10:45:56 +0400


Մարտի 9-ին կայացավ Վանաձոր համայնքի ավագանու նիստը՝ 17 անդամի մասնակցությամբ։ Փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ վերջին անգամ նիստ կայացել էր մոտ մեկ տարի առաջ։ Քաղաքի համար, որն ունի Հայաստանի երրորդ քաղաքը լինելու կարգավիճակ, ավագանու նիստերը պետք է սովորական աշխատանքային գործընթաց լինեին, սակայն իշխանությունը շուրջ 4 տարի կաթվածահար է արել այս քաղաքի կառավարումը։ Նիստին ելույթ ունենալով՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշեց. «5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տեւած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով՝ հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է», եւ արձանագրեց․ «Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը հաղթահարված է»։

Արդյո՞ք իսկապես կառավարման ճգնաժամի լուծում է այն, որ ավագանու 1 նիստ է կայացել, արդյո՞ք սա նշանակում է, որ խնդիրները հաղթահարված են, եւ այսուհետ ավագանու նիստերը կայանալու են կանոնավոր: Վերջին չորս տարիների ընթացքում ավագանու նիստերը հիմնականում չեն կայացել ավագանու անդամների իրականացրած բոյկոտի` քվորում չապահովելու պատճառով, որովհետեւ իշխանությունը 2021-ի ընտրությունների արդյունքները ոտնահարեց եւ թույլ չտվեց, որ վանաձորցու քվեն աշխատի, եւ նրա կամքով իշխանություն ձեւավորվի։ Ընտրություններից անմիջապես հետո ամենամեծ խմբակցության ղեկավարը` նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, եւ փոքր խմբակցության ղեկավարին` օրենքի փոփոխությամբ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին:

Ավագանու նիստերը, ըստ էության, կայացել են միայն այն ժամանակ, երբ քննարկվող հարցերը վերաբերել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին։ Այս անգամ էլ ավագանին պետք է հաստատեր մոտ 32 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որը գնահատվեց որպես աննախադեպ ծավալի ծրագիր, որը կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքի զարգացման վրա։

Այս պատմությունը հասկանալու համար պետք է հիշել այն քաղաքական ու վարչական միջավայրը, որում հայտնվել է Վանաձորը վերջին տարիներին։ Լոռիում տարածված մի ձեւակերպում կա․ «Վանաձորը՝ Հայաստանի երրորդ քաղաքը, վերածվել է քաղաքական հակամարտության դաշտի»։ Արդյունքում քաղաքի կառավարման գործընթացը կիսակաթվածահար վիճակում էր, եւ դա միայն քաղաքական խնդիր չէր։ Երբ կառավարման համակարգը երկար ժամանակ չի գործում իր բնական ռիթմով, դա անդրադառնում է նաեւ քաղաքային կյանքի վրա։ Ճանապարհների, ենթակառուցվածքների, ներդրումային ծրագրերի եւ համայնքային այլ խնդիրների լուծումը բարդանում է, դանդաղում։ Այս համատեքստում վերջերս կայացած ավագանու նիստը, անշուշտ, կարեւոր իրադարձություն է։ Սակայն վանաձորցիները հարցեր ունեն ինչպես ավագանուն, այնպես էլ՝ վարչական ղեկավարներին։ Առաջին հերթին՝ ինչի՞ համար է նախատեսված 32 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթը, որը ներկայացվեց որպես աննախադեպ ներդրում։ Քաղաքի բնակիչների ցանկությունն է՝ հասկանալ, թե ինչ ծրագրերի իրականացմանն է ուղղվելու այդ գումարը, ինչ ժամկետներով եւ ինչ ակնկալվող արդյունքներով։

Երկրորդ կարեւոր հարցը վերաբերում է մանկապարտեզներին։ Լուրեր էին շրջանառվում, որ Վանաձորի համայնքային մանկապարտեզները նախատեսվում է դարձնել անվճար։ Նիստի ընթացքում ավագանին իսկապես կողմ քվեարկեց այդ նախագծին։ Սակայն այստեղ եւս առաջանում է պարզ, բայց կարեւոր հարց՝ ինչպե՞ս է դա հնարավոր ֆինանսական տեսանկյունից։ Ո՞ր աղբյուրների հաշվին է համայնքը պատրաստվում իրականացնել սոցիալական նշանակություն ունեցող նման որոշում։

Այս հարցերին պատասխան ստանալու մեր փորձերը, ցավոք, արդյունք չտվեցին։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի եւ աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանի հեռախոսները չպատասխանեցին։ Համայնքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը նշեց, որ նման տեղեկություն չունի, համայնքի բյուջեում նման գումար չկա, եւ առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր։ Մենք, իհարկե, կարող ենք գրավոր հարցում անել, որի պատասխանը կստանանք (կամ չենք ստանա) օրեր անց, երբ այդ հարցն արդեն կորցրած կլինի հրատապությունը։ Երբ խոսքը վերաբերում է ավագանու երկար սպասված նիստին, միլիոնավոր դոլարների ծրագրին եւ սոցիալական նշանակություն ունեցող որոշումներին, բնական է, որ քաղաքացիները ցանկանում են արագ ու հստակ տեղեկություն ստանալ։ Եթե ավագանու վերջին նիստն իսկապես նոր փուլ է բացում քաղաքի կառավարման մեջ, ինչպես մարզպետն է փորձում ներկայացնել, ապա դրա լավագույն ապացույցը կլինի ոչ միայն հերթական նիստի կայացումը, այլեւ՝ այն, որ քաղաքային կարեւոր որոշումների մասին տեղեկությունը հասանելի լինի յուրաքանչյուր վանաձորցու, եւ լրագրողների հարցերին պատասխանելիս էլ խուսափեն բյուրոկրատական քաշքշուկներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք

«Հրապարակ»․ Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք Wed, 04 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով