«Հրապարակ»․ Նախարարի՝ 180 աստիճանով տարբերվող որոշումները եւ դպրոցների տնօրենների վերաբերմունքը
Thu, 12 Mar 2026 12:15:44 +0400

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2022 թվականին կայացրած որոշմամբ՝ 2-րդ եւ 8-րդ, 10-րդ, 11-րդ, ինչպես նաեւ 19 տարին չլրացած 9-րդ դասարաններում 120-200 ժամից ավելի բացակայած աշակերտները չեն փոխադրվելու հաջորդ դասարան եւ պետք է կրկնեն տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Սակայն առաջադիմության պատճառով ուսումնական դասընթացը կրկնելու, այսինքն՝ նույն դասարանում մնալու դրույթը հանվեց։ Մնաց միայն բացակայությունների պատճառով երկտարեցի մնալու դրույթը։ Մեր հարցին, թե 2023-24, 2024-25 ուստարիների ընթացքում քանի աշակերտ չի փոխադրվել հաջորդ դասարան, նախարարությունից պատասխանել են. «2023-2024 ուսումնական տարվա ընթացքում հաջորդ դասարան չի փոխադրվել 774 աշակերտ, իսկ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում՝ 530 աշակերտ: Տեղեկատվությունը վերաբերում է բոլոր երկտարեցիներին՝ անկախ հաջորդ դասարան չփոխադրվելու պատճառից»։
Սակայն այս տարի, նախարարի որոշմամբ, վերականգնվեց նաեւ ուսումնական առաջադիմության հետ կապված երկտարեցի մնալու դրույթը, այսինքն, եթե նախորդ տարիներին, անկախ գնահատականներից, բոլորը փոխադրվում էին հաջորդ դասարան, ապա այժմ նորից վերադարձել են հին կարգին՝ այժմ արդեն ուսումնական ցածր առաջադիմության հիմքով եւս աշակերտը կարող է նույն դասարանում մնալ։ Մենք նախարարությանը խնդրել էինք բացատրել, թե ինչու է վերանայվել այդ որոշումը, եւ երբվանից է գործելու նոր կարգը։
ԿԳՄՍՆ-ից մեզ պատասխանել են․ «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թ․ մայիսի 3-ի N 388-Ն հրամանի հավելվածի 8-րդ, 21-րդ, 43-44-րդ կետերով սահմանվում են տվյալ տարվա դասընթացը կրկնելու դեպքերը: Ըստ միջազգային փորձի՝ տարբեր երկրներում կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ սովորողների առաջադիմության գնահատման եւ դասընթացի կրկնության հարցում։ Մի շարք զարգացած երկրներում աստիճանաբար սահմանափակվել կամ վերացվել է նույն դասարանում ուսուցումը կրկնելու մեխանիզմը՝ այն փոխարինելով լրացուցիչ աջակցության ծրագրերով եւ անհատական ուսուցման ձեւերով։ Միեւնույն ժամանակ, կան երկրներ, որտեղ դասընթացի կրկնության գործիքը պահպանվել է՝ որպես կրթության նվազագույն արդյունքների ապահովման միջոց: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կիրառվում են տարբեր մեխանիզմներ՝ թույլ չտալու, որ սովորողը հաջորդ կրթական փուլ անցնի առանց անհրաժեշտ գիտելիքի եւ կարողությունների ձեւավորման։ Կրթական համակարգում կարեւոր է ապահովել հավասարակշռություն՝ սովորողի առաջադիմության խթանման եւ կրթական պահանջների պահպանման միջեւ։ Եթե սովորողը չի յուրացրել տվյալ դասարանի ուսումնական ծրագրի հիմնական բովանդակությունը, հաջորդ դասարան տեղափոխումը կարող է հանգեցնել ուսումնական էական դժվարությունների: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հրամանով ամրագրվում է, որ որեւէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու եւ առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը: Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից հետո առնվազն 2 առարկայից 1-7 միավոր (20 միավորային սանդղակով) ստացած լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը: Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային եւ տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային եւ տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20 միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը»:
Այս թեմայով նախօրեին մեզ հարցազրույց տված կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասել էր․ «Մինչեւ վերջերս մեզ համոզում էին, որ դպրոցներում պետք է անբավարար թվանշան չլինի, որ բոլոր թվանշանները, որոնք երեխաները ստանում են, լինեն 10, 8 թե 1, համարվում են դրական, եւ տեղափոխվում են հաջորդ դասարան: Իսկ ովքեր փորձում էին ընդդիմանալ այս որոշմանը, նրանց մեղադրում էին հետամնացության, սովետական մտածողության մեջ եւ այլն: Բայց ի՞նչ տեղի ունեցավ. այս որոշումն ընդունելուց կարճ ժամանակ անց նախարարությունը` հենց իրենք, ետ բերեցին բացասական թվանշան նշանակելու իրավունքը»:
Մանկավարժական հանրույթում երկտարեցիության հետ կապված կարծիքները տրամագծորեն տարբերվում են՝ ոմանք ասում են, որ դա անիմաստ է, ցանկացած պարագայում երեխան պետք է փոխադրվի հաջորդ դասարան, իսկ որոշ մանկավարժներ կարծում են, որ չառաջադիմող աշակերտին պետք է հնարավորություն տալ՝ բաց թողնված գիտելիքները լրացնելու եւ հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու համար։
Զրուցել ենք դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչպես են վերաբերվում ԿԳՄՍ նախարարի հետողորմյային: Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Ֆլորա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ էր նախարարի նախորդ որոշումը. «Մենք գերադասում ենք երեխայի շահը։ Եթե երեխան մնա նույն դասարանում, այդ երեխան ավելի ճնշված չի՞ լինի: Բայց որ իրավունք ունենք քննություն կազմակերպել եւ երեխային տեղափոխել, դա լավ է: Երեխան ինչ կարողանում է, դա էլ յուրացնում է, դրանից ավելի ոչինչ չի կարող։ Որ մնա նույն դասարանում, իմաստը ո՞րն է»:
Վեդի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը չի կողմնորոշվում, թե որ որոշումն է ճիշտ․ «Այս տարի փոփոխություն եղավ, որ 5-9-րդ դասարանների սովորողները, առնվազն 1 ուսումնական առարկային տարեկան 1-3 գնահատական՝ 10 միավորային սանդղակից, գնահատված լինելու դեպքում վերաքննություն են հանձնում՝ հուլիսի 2-8-ը, իսկ եթե չեն կարող կամ չեն ցանկանում եւ ուզում են ծրագիրը կրկնել, ապա կարող են վերաքննություն հանձնել՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Ձեզ հետաքրքրում է՝ նույն դասարանում մնո՞ւմ են, թե՞ ոչ, իհարկե՝ մնում են: Առնվազն 2 առարկային 1-3 գնահատման պարագայում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան, կրկնում է տվյալ տարվա դասընթացը: Իմ կարծիքով, դրական է նախարարի վերջին որոշումը: Կարելի է երկու պատասխան տալ․ անկեղծ ասած, նախորդ որոշումն էլ եմ ես ողջունում: Մենք չենք կարող ասել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, բոլոր դեպքերում, ինչպես կարգն է, այնպես էլ պետք է վարվենք»:
Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը համաձայն է «երկտարեցի» հասկացությունը վերականգնելու հետ. «Մի ընթացք նաեւ անբավարար գնահատականը չեղարկվեց, ասում էինք՝ ինչ էլ ստանա, երեխայի գիտելիքն այդ առարկայի շրջանակներում այդքանն է, եւ անբավարար գնահատական նշանակելով՝ մենք աշակերտին չենք օգնում: Հիմա նորից վերականգնվեց դա, հատկապես՝ փոխադրումների հետ կապված, նույն հրամանի շրջանակներում է նաեւ 200-ից ավելի ժամ բացակայելու որոշումը։ Ասեմ ինչու․ երբ որ աշակերտը գիտի, թե, միեւնույն է՝ փոխադրվելու է, ինքը չի աշխատելու: Աշակերտը եթե միտում ունի չսովորելու, եւ այդ չսովորող աշակերտին մի հատ էլ ասում ենք՝ անգամ եթե դու բացակայում ես, միեւնույն է՝ փոխադրվում ես, այս պարագայում ստացվում է, որ աշակերտը կարող է դասի չգա, բայց փոխադրվի, բայց եթե պիտի դասի չգա ու փոխադրվի, հետո մենք հանրակրթություն ո՞նց իրականացնենք այդ աշակերտի հետ, չափորոշիչային պահանջի նվազագույնը ո՞նց իրականացնենք: Այս պարագայում կա լծակ, աշակերտը գիտի, որ 200 ժամը լրանա, ինքը պետք է վերաքննություն հանձնի ուսումնասիրվող բոլոր առարկաներից: Սա նաեւ զգաստացնող է թե՛ ծնողին, թե՛ աշակերտին: Մինչեւ վերաքննություն հանձնելը աշակերտի հետ լրացուցիչ աշխատանք է տարվում: Նախարարի երկրորդ որոշումն ավելի ճիշտ է եւ նպատակային»:
Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն էլ ասաց. «Հատկապես ավագ դպրոցում հաճախելիությունների հետ կապված խնդիրներ գոյություն ունեն, հունվարին շրջանավարտը միասնական քննություններ հանձնելու հնարավորություն ունի։ Պատկերացնո՞ւմ եք՝ հաջողությամբ ավարտում է քննությունները, եւ եթե մենք լրացուցիչ վերահսկողական կամ շահագրգռող մեխանիզմներ չունենանք, առաջին հայացքից ինքը դպրոցում էլ անելիք չունի: Եթե մենք չունենանք սահմանված որեւէ շեմ, վատագույն տարբերակը փորձենք դիտարկել, աշակերտն իր նպատակները համարի ավարտած, այլեւս չհաճախի դպրոց, ի՞նչ սահմանափակումներով կարող ենք նրա ներկայությունը դպրոցում ապահովել: Ի վերջո, հանրակրթությունը մի ամբողջական ծրագիր է, որի բովանդակությունը հնարավոր է յուրացնել ինչ-որ իքս ժամանակահատվածում: Բովանդակային մասն ապահովելու համար հաճախումը կարեւոր նախապայման է: Այս առումով ես կարծում եմ, որ բացակայությունների թվով վերահսկողություն իրականացնելն օգտակար գործիք է դպրոցի համար: Բերեք ես գնահատական չտամ՝ ինչով են պայմանավորված նախարարի այդ որոշումները, բայց, ընդհանրապես, հանրակրթության մեջ, աշխարհում ուսումնասիրությունների արդյունքում այսպիսի նորմեր են ի հայտ եկել՝ ոչ մի երկտարեցի երեխա, կամ գոնե մեծ մասի մոտ, ուսումնառության առաջադիմությունը չի աճել: Սովետական ժամանակաշրջանը հիշենք, այդ ժամանակ կրթական համակարգում ավելի շատ էր «դասարանում մնալ» կոչված երեւույթը: Ես չեմ հիշում որեւէ դեպք, աշխատանքային պրակտիկայից, որ երկտարեցի լինելն արդյունավետ լիներ, որ որեւէ մեկն ասեր՝ գիտե՞ք ինչ կա, այս աշակերտը մնաց եւ մեր դասարանում սկսեց լավ սովորել: Բացառություններ կարող են լինել, բայց, ի վերջո, այդ հրամաններն ուսումնական կրթական խնդիրներ են լուծելու: Ուսումնասիրություններն ինչ են տվել՝ չեմ կարող ասել, բայց իրականում սրանք գործիքներ են, որ կրթական որոշակի խնդիրներ են լուծում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր