Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Լեզվակռիվ ավագանու նիստին`ՔՊ-ականների և քաղաքապետի թիմակիցների միջև

Լեզվակռիվ ավագանու նիստին`ՔՊ-ականների և քաղաքապետի թիմակիցների միջև

Thu, 12 Mar 2026 14:27:21 +0400


Գյումրիի ավագանու հերթական նիստը մեկնարկեց բավականին լարված, կարելի է ասել՝ թեժ վիճաբանության մթնոլորտում, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների, կոմունիստական կուսակցության անդամների միջև։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը, մինչ օրակարգի հաստատումը, փորձեց պահել տոնական տրամադրություն՝ ողջունելով դահլիճի կանանց և ավագանու կին անդամներին, մաղթելով սեր, ժպիտներ և առողջություն։«Ուզում եմ ծափերով շնորհավորենք»,֊ասաց Ղուկասյանի փեսան` Ավետիս Առաքելյնը ։Սակայն տոնական տրամադրությունը արագ փոխարինվեց սուր հարցադրումներով։Մարտուն Գրիգորյանի որդին` «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը բարձրացրեց քաղաքի փողոցների անբարեկարգ վիճակի և փոսալցման աշխատանքների ուշացման հարցը։

Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, թե այս տարի արդեն հաստատել են 25 թվականի փողոցաշինական աշխատանքները, և մրցույթ է դրվելու 21 փողոցի համար։

Փոսալցումների ուշացման պատճառները նա բացատրեց նորմատիվային պահանջներով և եղանակային պայմաններով։
«Պարզ ասած, +5, +8 աստիճան պետք է լինի, որ կարողանանք նորոգումները կատարել։ Երբ եղանակային պայմանները թույլ տան, կկատարենք»,֊ասաց նա։Նշենք, որ այս տարի Գյումրիում փողոցաշինական աշխատանքների համար հատկացվել է մոտ 4 մլրդ դրամ։ Այնուհետև ներկայացվեց 2025 թվականի բյուջեի կատարողականը։

Ըստ այդմ` 2025 թվականին սեփական եկամուտները կատարվել են 95,2%-ով, որտեղ պլանավորված է եղել 2024-ի նկատմամբ մոտ 450 մլն դրամ ավել։Քաղաքապետին փոխարինողը շտապեց հիշեցնել. «Ավելացնեմ, որ մեր կառավարման ժամանակահատվածն ընդամենը 6–7 ամիսն է, և կալանավորված քաղաքապետի բացակայությամբ մենք 95,2% կատարողական ենք ապահովել»։

Չնայած բարձր ցուցանիշին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մեղադրեցին քաղաքապետարանին 2 մլրդ դրամ ազատ միջոցները չծախսելու համար։ՔՊ֊ական Քնարիկ Հարությունյանը նկատեց. «Հաշվի առնելով փոսային նորոգումների, կտուրների վերանորոգման հրատապությունը և շների ապաստարանների հարցը՝ ինչո՞ւ չեք կարողացել ծախսել այդ գումարները»։
«Ժամանակի առումով հնարավոր ամեն ինչ արել ենք։ Կտուրների, բալկոնների աշխատանքները, շների ապաստարանի համար 5 անգամ մրցույթ հայտարարեցինք, ոչ մի շինարար չդիմեց, երևի վստահությունից, որ գումարի մեծ մասը կառավարությունն էր տալու»,-ասաց քաղաքապետի տեղակալը։

Նիստի ընթացքում նկատելի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամեն գնով փորձում էր նեղը գցել քաղաքային իշխանության ներկայացուցիչներին՝ փաստեր բերում, ակնարկելով, որ գրեթե քաղաքում ոչ մի գործ չի իրականացվում։ Օրինակ բերում թափառող շների հարցը, փոսալցումները և փողոցների անբարեկարգ վիճակը։Բանը հասավ լեզվակռվի։

«Մի ոգևորվի, վիզդ էլ մի ծամածռի, և չփորձեք այստեղ դարձնել Ազգային ժողովը»,-տեղից արձագանքեց և նկատողություն արեց կոմունիստական խմբակցության ավագանու քարտուղար Լուսինե Անանյանը` սաստելով ՔՊ֊ական ավագանու անդամին։
Նկատենք, որ լարված փոխհրաձգությունը ցույց տվեց, թե որքան խորն էր կոնֆլիկտը և ինչպես էին մյուս խմբակցությունները փորձում վերահսկել նիստի ընթացքը։

Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր»֊ը 2021-ին խոստացել էր Գյումրիում շների մի քանի ապաստարան կառուցել, բայց 2 տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ «Քաղաքապետարանը պատրաստվում է տեղական բյուջեից կառուցել ապաստարան՝ նախագիծը ներկայացվելու է սվագանու հաջորդ նիստին»,- ասաց Առաքելյանը։

Նիստի ընթացքում ավագանին որոշեց 8,5 մլն դրամ հատկացնել համայնքային ՀՈԱԿ-ներին՝ գույք և երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար։

Որոշ հարցեր հանվեցին օրակարգից։ Իմ հզոր համայնքը խմբակցության ավագնու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը դեմ արտահայտվեց` ասելով. «Ուզում եմ հասկանալ, մենք ինչի համար ենք տարբեր տեսակի կազմակերպություններին գումար հատկացնում ու վերջնաարդյունքը չենք տեսնում»։

«Մի սար» ՀԿ-ի համար նախատեսված 350 հազար դրամը մերժվեց, Գրողների միության միջոցառումների համար նախատեսված 400 հազար դրամը հանվեց, տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի զիջման հարցը որոշվեց հետաձգել՝ մինչև հստակ չափորոշիչներ մշակվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ

«Հրապարակ». Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ Wed, 11 Mar 2026 13:15:36 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով