Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ

Երևանի քաղաքապետարան. 2025 թ.` թերակատարված ծախսեր, 2.8 մլրդ դրամ պարգևավճարներ

Thu, 12 Mar 2026 16:20:20 +0400


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեի կատարողական հաշվետվությունը։
Այսպես.

• Բյուջեի ընդհանուր եկամուտների փաստացի մեծությունը՝ 148.5 մլրդ դրամ, 27.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն 6.8%-ով պակաս է հաստատված բյուջեով պլանավորված ցուցանիշից։ Աճն ապահովվել է «հարկերի և տուրքերի» և «այլ եկամուտների» հաշվին:

Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրմանը զգալիորեն նպաստել են մի քանի օրենսդրական` հանրությանը ոչ հաճո փոփոխություններ։ Մասնավորապես, հարկերի և տուրքերի աճը հիմնականում պայմանավորված է գույքահարկի բազայի նախորդ տարվա համեմատ 50%-ով բարձրացմամբ, 2025 թվականի ընթացքում ավարտական ակտ չունեցող բազմաբնակարան և այլ շենքերը որպես մեկ միավոր ավարտված շինություն դիտարկելու հետևանքով հաշվարկված անշարժ գույքի հարկի վճարումներով, տարվա ընթացքում առաջացած նոր գույքային միավորների համար անշարժ գույքի հարկի վճարումներով, ինչպես նաև շինարարության տուրքերի ավելացմամբ՝ պայմանավորված շինարարական աշխատանքների ծավալի ավելացմամբ: Այլ գույքային հարկերի ավելացումը պայմանավորված է փոխադրամիջոցների քանակի ավելացմամբ։ Իսկ այլ եկամուտներում վարչական գանձումների հիմնական մասը կազմող տեղական վճարների գծով փաստացի եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ի հաշիվ բնակելի նշանակության շինությունների համար աղբահանության վճարների հաշվարկման մեթոդաբանության փոփոխման:

Ավտոկայանատեղիում կայանման համար գանձված վճարները, ընդհակառակը, 2024-ի համեմատ նվազել են 8.4%-ով։ Չնայած 2024-ի հունվարի 1-ից ավտոկայանման վճարները 2-ից 13.3 անգամ աճել են, դրանց դիմաց 2025-ի փաստացի հավաքագրումները 2023-ի ցուցանիշից ընդամենը 62.7%-ով են ավելի։ Նկատի ունենալով, որ հիշյալ ժամանակահատվածում փողոցային ավտոկայանատեղերի շոշափելի բեռնաթափում չի արձանագրվել, դժվար է հավատալ, որ ավտոկայանման վճարների հավաքագրման այդպիսի համեմատաբար «համեստ» աճի հիմնական պատճառը կայանվող ավտոմեքենաների թվի կրճատումն է։

• Երևան քաղաքի 2025թ. բյուջեի ծախսերը՝ 140.8 մլրդ դրամ, թերակատարվել են ինչպես հաստատված, այնպես էլ ճշտված պլանի նկատմամբ։ Թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերին: Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի գծով թերակատարումն ավելի քան 4.5 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարմանը։

Ծախսերի կազմում առանձնակի ուշադրություն է գրավում պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերը, որոնք վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան տասնապատկվել են և 2025-ին կազմել 2.8 մլրդ դրամ։ Ընդ որում, դրանց փաստացի մեծությունը հաշվետու տարում 3.4 անգամ գերազանցել է հաստատված բյուջեով պլանավորված ցուցանիշին։

Գործառնական դասակարգմամբ բոլոր ծախսային ուղղությունների գծով առկա է ճշտված պլանի նկատմամբ թերակատարում։ Արձանագրված զգալի թերակատարումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բյուջետային պլանավորումը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների ամենաթույլ կողմերից մեկը։

• Կենսական կարևորություն ունեցող ծրագրերից շատերի գծով հաստատված՝ բյուջեով նախատեսված ծախսերի նույնիսկ կեսը չի կատարվել։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանումը», «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգումը», «Տրանսպորտային համակարգի արդիականացումը», «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը», Երևանի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված երեք ծրագրերը և այլն։ Խիստ մտահոգիչ է պատկերը հանրային մեծ հնչեղություն ունեցող որոշ ծրագրերի գծով։ Հատկանշական է, որ.

«Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի շրջանակներում «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2025-ի բյուջեով հատկացված 9.6 մլրդ դրամը ճշտված պլանով ավելի քան 7 անգամ նվազեցվել է, սակայն, նույնիսկ այդ պարագայում, կատարողականը կազմել է ընդամենը 56.2%: Ընդ որում, փաստացի կատարված 0.8 մլրդ դրամի ծախսերն ամբողջությամբ վերաբերում են միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի դիմաց վճարմանը, որը դեռևս 2024-ի բյուջեով էր նախատեսված:

Չնայած «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման ծախսերի համար հաստատված պլանով նախատեսված 3.0 մլրդ դրամը ճշտված պլանով քառակի նվազեցվել է, այնուամենայնիվ, նույնիսկ այդ նվազեցված պլանը թերակատարվել է՝ այն պարագայում, երբ գործող կառավարության գործունեության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցումն ու հիմնանորոգումն է։

• 2025-ին Երևան քաղաքի բյուջեն փաստացի հավելուրդ է ունեցել՝ 7.7 մլրդ դրամ՝ ճշտված պլանով նախատեսված 8.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Ընդ որում, բյուջեի պակասուրդը հաստատված պլանով ծրագրված մեծության համեմատ ճշտված պլանով 100-պատիկ ավելացվել է, սակայն պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է դրան մոտավորապես համադրելի հավելուրդ։
Թեև հաշվետվության սկզբնամասում փորձ է արված բյուջեի ցածր կատարողականին տալ հնարավորինս նպաստավոր բացատրություն՝ «նախատեսված և փաստացի ծախսված գումարների շեղումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով և պայմանագրային պարտավորությունների անցումներով», սակայն նույն հաշվետվության տեքստում, հաջորդիվ նշված է, որ «ծրագրված և փաստացի ցուցանիշների շեղումները հիմնականում պայմանավորված են Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացվող ծրագրերի ամբողջական կամ մասամբ չկատարմամբ»: Վերջինս խոսում է քաղաքային իշխանության կառավարման ոչ բավարար մակարդակի մասին։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

2 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago