Ալեն Սիմոնյանն` ուր, ֆիզիկան ու գիտահետազոտությունն` ուր
Thu, 12 Mar 2026 17:17:57 +0400

Երևանի պետական համալսարանը վերածվել է ՔՊ կուսակցության գրասենյակի: Բացի այն, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլուհնազանդ ծառայում է իշխանություններին, մայր բուհում նաեւ անդադար թրքասիրական քարոզ է տարվում: Օրինակ` գրող Մարկ Արենին են հրավիրում, որ հայտնի «Անատոլիական պատմություններ» ստեղծագործության հեղինակն է, ինչ-որ անհայտ բանախոս են գտնում, ով քարոզում է, որ պարտությունը հաղթանակ է և այլն:
Այսօր էլ տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ԵՊՀ այցելել և շրջել գիտահետազոտական կենտրոններում: Ի՞նչ կապ ունի մասնագիտությամբ իրավաբան, ժամանակին պրոդյուսեր եւ խմբագիր աշխատած Սիմոնյանը գիտահետազոտության հետ, հասկանալի չդարձավ:
Սիմոնյանն այցը սկսել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտից, որտեղ Ազգային ժողովի նախագահն այցելել է Օպտիկայի և ֆոտոնիկայի, ինչպես նաև Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ ներկայացվել են իրականացվող գիտահետազոտական ծրագրերը, առկա տեխնիկական ռեսուրսները և դրանց կիրառման հնարավորությունները կրթական ու գիտական գործընթացներում։
Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝ ծանոթացել վերանորոգված ենթակառուցվածքներին, ժամանակակից սարքավորումներով համալրված լսարաններին և գիտակրթական միջավայրին, որոնք նպաստում են ուսանողների ուսումնառության և գիտահետազոտական գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը։
Նա այցելել է նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, որի առաջին հարկը «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել ու կահավորվել է։ Հիմնանորոգման շրջանակում, ըստ ԵՊՀ-ի, ամբողջությամբ բարելավվել են ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել լուսավորության համակարգը եւ այլն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր