Մոլդովական փորձը գործողության մեջ
Thu, 12 Mar 2026 20:45:00 +0400
Խորհրդարանական ընտրության առումով մոլդովական փորձը տեղայնացնելու նպատակով Եվրամիությունը 15 նիլիոն եվրո էր նվիրել Փաշինյանի իշխանությանը: Մոլդովական փորձը, հիշեցնեմ, ընտրակեղծարարության «ժողովրդավարական» եղանակի գործադրման պրակտիկա էր: ՀՀ գործող իշխանությունը, բնականաբար, երկար սպասեցնել չէր տա այն կյանքի կոչելու առումով: Եվ մենք այս օրերին ականատես եղանք դրա գործադրմանը: Արևմտյան մոդելով ձևավորված և վարժեցված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել հունիսի 7-ի ԱԺ ընտրությանն ինչ-որ վիրտուալ երկրում (անվանումը նշված չէր) ընթացող գործունեության մասին: Ըստ որի, այնտեղ գումարներ են ծախսվում ՀՀ քաղաքացիներին ընտրության նախօրեին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Որպեսզի վերջիններս, ընկնելով նյութական կամ այլ կախվածության մեջ, հարկադրված մասնակցեն քվեարկությանը: Հենվելով դրա վրա՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրվարույթ։ Համենայն դեպս, դա այն է, ինչ կարելի էր հասկանալ կոմիտեի հաղորդագրությունից:
Պետական այդ երկու կառույցներում էլ, բնականաբար, կարող են ասել, թե մեր երկրի որոշ քաղաքական գործիչների կողմից «նյութապես շահագրգռելու եղանակով, խոչընդոտվում է անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը, այն է…»: Այստեղ կանգ առնենք: Շարունակության մեջ պետք է նշվեր, թե ինչպես է դա իրականացվում: Սակայն բացատրության մեջ խոսվում է ոչ թե մեր քաղաքական գործիչների, այլ արդեն հիշատակված վիրտուալ երկրի այլ դերակատարների ինչ-որ գործունեության մասին: Այնինչ, հայերենի լեզվամտածողության ու դրան համապատասխան լեզվական կանոնների համաձայն, այլ դերակատարները չպետք է հանդես գային: Բայց քանի որ հանդես են գալիս ադ դերակատարները, ապա հարցական է մնում այն հարցը, թե կոնկրետ ինչպես է խոչընդոտվում անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը հենց մեր քաղաքական գործիչների կողմից: Դրա մասին ոչինչ չի ասվում ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Ի դեպ, ասեմ, որ քվեարկությանը մասնակցելու պարտադիր օրենսդրական դրույթը գործում է մի շարք երկրներում, որտեղ տույժեր (տուգանքներ և սահմանափակումներ) են կիրառվում առանց հարգելի պատճառի չներկայանալու համար: Եվրոպայում պարտադիր քվեարկությունն ամրագրված է Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Հունաստանում և Շվեյցարիայի Շաֆհաուզենի կանտոնում: Ինչպես նաև Թուրքիյում և Եգիպտոսում: Այդ նորմը գործում է նաև Ավստրալիայում, Սինգապուրում և որոշ լատինամերիկյան երկրներում (Արգենտինա, Բրազիլիա, Բոլիվիա): Անկեղծ ասած, վստահ չեմ ԱՀԾ-ում կամ քննչական կոմիտեում ծանոթ են, արդյոք, նման պրակտիկային, թե ոչ: Չնայած թե՛ առաջինում՝ նման հայտարարություն նախապատրաստելիս, և թե՛ քննչականում՝ քրվարույթ նախաձեռնելիս, պետք է որ համացանցում որոնում տային և գտնեին այն, ինչ տեղադրված է այս պարբերության սկզբում:
Իհարկե, կարող են ասել, թե մի բան է երկրի ներքին օրնսդրությամբ պահանջվողը, և մեկ այլ բան՝ այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից նախաձեռնվածը: Բայց, նախ, ԱՀԾ-ի հայտարարությունում չի անվանվում որևէ կոնկրետ երկիր, ինչը նշանակում է, որ ընթերցողը կարող է որպես այդպիսին ընկալել, օրինակ, Մեծ Բրիտանիան: Որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, վերապատրաստվել է ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ մինչ այդ նշանակվելով ԱՀԾ-ի ղեկավար: Կամ, ասենք, Փաշինյանի Նիկոլի բարեկամ Էմանուել Մակրոնը ղեկավարած Ֆրանսիան: Իսկ այդ դեպքում ոչ թե պետք է քրվարույթ նախաձեռնվեր, այլ մի բան էլ պետք է շնորհակալություն հայտնվեր այդ երկրի ինչ-ինչ դերակատարներին: Եվ երկրորդ, եթե ընտրություններին ձևականորեն արգելված են, սակայն իրականում թույլատրված են (համենայն դեպս, քրվարույթներ չեն հարուցվում) ներքին ուղղորդումները, ապա ինչ տրամաբանությամբ է վիրտուալ երկրի մեր հայրենակիցների ուղղորդումների առումով քրվարույթ նախաձեռնվում:
Ինչ մնում է «Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած՝ կուսակցությունների ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն» արտահայտությանը, ապա այդ առումով մեղադրանք պետք է հասցեագրվի Եվրամիությանը: Այն վերպետական կառույցին, որ ԱԺ ընտրության նախաշեմին անընդհատ ներկայացուցիչներ է ուղարկում Հայաստան՝ չբավարարվելով 15 միլիոն եվրոյի հատկացմամբ: Ով ավելի ուշ ուղարկելու է նաև ինչ-որ մասնագետների խումբ, ովքեր կիբերանվտանգության անվան ներքո Հայաստանում սահմանափակելու են ազատ խոսքի իրավունքը համացանցում: Ու դա, բնականաբար, կատարվելու է հօգուտ իշխող կուսակցության: Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ կոնկրետ մեկ կուսակցությանն աջակցելու գործողությունների շարք:
Իսկ ասվածի համտեքստում հայաստանյան ընդդիմությանը մնում է համախմբված ուժերի գերլարումով հաջողության հասնել ընտրություններում: Եվ այնուհետև քաղաքացիական դատավարությունների շարք նախաձեռնել թե՛ Եվրամիության կառույցների և թե՛ իշխանության մեջ գտնվող հայաստանյան կոնկրետ դերակատարների գործունեության առումով: Այդպիսով վերացնելով ոչ թե վիրտուալ երկրի հատուկ ծառայությունների, այլ իրական վերպետական կառույցի դերակատարությունը ներպետական կյանքում օգտագործելու հանգամանքը:
ՀԳ. 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները կեղծվեցին՝ ռուսական հատուկ ծառայությունների՝ գոյություն չունեցած դերակատարությունը շահարկելով: Բայց այսօր կեղծիքի հեղինակներն ու մասնակիցները կա՛մ կորցրել են աշխատանքը պետական համակարգում և կա՛մ փորձում են դուրս գալ կեղծիքի տակից: