«Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը
Fri, 13 Mar 2026 09:15:09 +0400
«Հրապարակի» զրուցակիցը հասարակական, քաղաքական գործիչ, «Բոլորին դեմ եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն է:
– Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ արցախցիներն ընդմիշտ պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Խոսեց այն մասին, որ իր դեմ պայքարող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տալ, նորից շնորհակալություններ հայտնեց Բաքվի բռնապետ Ալիեւին: Ըստ Ձեզ` ի՞նչ հայտարարություններ էին դրանք, եւ ո՞րն էր դրանց նպատակը:
– Նիկոլ Փաշինյանը մեծ նախընտրական հյուրախաղը սկսել է, նրա բոլոր այցերը, հայտարարությունները, նրան ուղղված ծափահարություններն ու սրտիկները նվիրված են նախընտրական հյուրախաղերին, ով ինչով կարողանա, օգնելու է, որպեսզի նա վերընտրվի: Փաշինյանն իր ելույթներով հասկացնում է, թե ինչպես է ընտրություններում հաղթանակ տանելու, իսկ հետընտրական զարգացումները լինելու են բավականին կոշտ՝ իբրեւ կանխարգելելու նպատակով: Նրա հայտարարությունների տողատակերում ես դա եմ տեսնում:
– Իսկ ադրբեջանասիրական հայտարարությունները, արցախցիներին թեւաթափ անող կոչերն արդյո՞ք նպաստում են նախընտրական շրջանում նրա վարկանիշի բարձրացմանը: Հայ ժողովուրդը շոյվո՞ւմ է, երբ Փաշինյանն Ալիեւին շնորհակալություն է հայտնում:
– Չի շոյվում ժողովուրդը, բայց նա ֆոն է ստեղծում, թե իբրեւ խաղաղություն է հաստատվել, իբրեւ տարածաշրջանում վիճակը կայուն է եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլորին ցույց տալ, թե իբրեւ ինքն ինչին պատրաստ է, Հայաստանում բացառապես միայն ինքն է դրան պատրաստ, եւ, հետեւաբար, եթե այս պրոցեսները պետք են արտաքին խաղացողներին, ապա ինքը պետք է մնա իշխանության: Ակեղծ ասած, նա կարողանում է այդ խաղը լավ խաղալ եւ իր հայտարարություններով ցույց է տալիս, որ մի կողմում ինքն է, որն իր պատկերացումներով ադեկվատ է, եւ մյուս կողմում կան ուժեր, ովքեր խաղաղության պրոցեսից սկանդալ են սարքում ու չեն կարող լավ գործընկեր հանդիսանալ արտաքին խաղացողների համար:
– Ադրբեջանին անհատույց նախընտրական միջանցք տալը ե՞ւս այդ տրամաբանության մեջ է:
– Ինձ համար այս ամենի տրամաբանությունն իրոք հասկանալի չէ, այն նման է փիառ արշավի, քանի որ Ադրբեջանն այս պահին իսկապես չունի այդ միջանցքի կարիքը:
– Կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարեց, թե պատարագներից մեկի ժամանակ լսել է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչը նշանակում է պատերազմի կոչ: Եվ ասաց, որ ինքն է ազատել Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ «պետությունում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել»:
– Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը: Այդ մարդը պետք է որոշի՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ի՞նքն է վարում, թե՞ ոչ: Եթե ինքն է վարում, ապա մնացած ոչ մեկի կարծիքը չի կարող բանակցային պրոցեսների մաս կազմել, իսկ եթե ինքը չի վարում, եթե դա իր բացառիկ իրավունքը չէ, ապա թող մարդկանցից վազն անցնի եւ քիչ սրան-նրան ստիպի՝ ազատման դիմումներ գրել: Այս մարդը պետք է ընտրի` իր պաշտոնական կարծիքն իրե՞նն է, թե՞ ՀՀ-ում ինչ կարծիք հնչեց, դա պաշտոնական է: Նա պետք է այս երկուսի միջեւ ընտրություն կատարի:
– Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ արտերկրից ստիպողաբար 80 հազար քաղաքացի են բերելու` ընտրություններին մասնակցելու համար, եւ դա քրեորեն պատժելի արարք է: Եթե այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են, ի՞նչն է խնդիրն այստեղ:
– Խնդիրը դիտարկվում է մարդկանց կազմակերպված Հայաստան բերելը, բայց ես չեմ պատկերացնում նման բան, տեխնիկապես անհնար է 80 հազար մարդու Հայաստան բերել: Եթե ՌԴ-ն լիներ այն պետությունը, որը կարողանար 80 հազար մարդու շարքով ինչ-որ կողմ տանել, ապա, հաստատապես, այդ ուղղությունը չէր լինի Հայաստանը, Ռուսաստանի համար կան շատ ավելի կարեւոր ուղղություններ….
– Ի՞նչ փուլում է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը: Ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:
– «Բոլորին դեմ եմ»-ը այս պահին երկու ուղղությամբ է աշխատում` քաղաքացիների հետ կոմունիկացիա` ոչ օնլայն եղանակով, մարդկանց նամակներ ենք ուղարկում, գնում ենք նրանց հետ հանդիպումների, բակեր ենք գնում, մարդկանց հետ զրույցներ ենք ունենում եւ այլն: Մյուս ուղղությունն էլ այն է, որ նախընտրական ցուցակը լինի բաց հրապարակային ձեւավորված: Շարժման բոլոր անդամներն ունեն առաջադրման հնարավորություն, ինչպես նաեւ՝ քվեարկելու, որպեսզի կազմը ձեւավորվի: «Հիմնադիր» քաղաքական շարժման անդամների հետ արդեն լիարժեք համաձայնություն ենք ձեռք բերել, որ միասին ենք մասնակցելու ընտրություններին, իսկ հետո արդեն կքննարկենք հարցերը` երկարաժամկետ գործողությունների համար, ինչպես նաեւ՝ այլ փոքր քաղաքական ուժերի հետ ենք համագործակցում: Կա լավ երկխոսություն, տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք: