«Ավելի շուտ հեռացրեք տանտիրոջը»․ Իրանի հավաքականի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին
Fri, 13 Mar 2026 23:15:00 +0400

Իրանի տղամարդկանց ֆուտբոլի ազգային հավաքականը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Վերջինս նշել էր, որ իր կարծիքով նպատակահարմար չի լինի, եթե Իրանի հավաքականը մասնակցի առաջիկա աշխարհի առաջնությանը, որը պետք է անցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Իրանի հավաքականը իր հայտարարությունում ընդգծել է, որ աշխարհի առաջնությունը համաշխարհային նշանակության մարզական միջոցառում է, որի կազմակերպմամբ զբաղվում է FIFA-ն, և ոչ թե որևէ առանձին երկիր։ Նշվում է նաև, որ Իրանի թիմը մրցաշարի մասնակցության իրավունք է ստացել սեփական արդյունքների շնորհիվ՝ ընտրական փուլում գրանցած հաղթանակներով, և առաջիններից մեկն է ապահովել ուղեգիրը մրցաշարին։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ որևէ մեկը չի կարող հեռացնել Իրանի հավաքականին աշխարհի առաջնությունից։ Ըստ հայտարարության՝ ավելի տրամաբանական կլիներ հարց բարձրացնել այն երկրի մասնակցության մասին, որը միայն մրցաշարի ընդունող կողմն է, բայց չի կարող ապահովել բոլոր մասնակից թիմերի անվտանգությունը։
Ավելի վաղ Իրանի սպորտի նախարարը նույնպես անդրադարձել էր այս թեմային։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումներից և երկրի ղեկավարների սպանություններից հետո հնարավոր է, որ Իրանի ազգային հավաքականը չմասնակցի անցկացվելիք մրցաշարին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր