«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ տրված վկայականը Պապիկյանի համար առոչինչ է

«Հրապարակ»․ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ տրված վկայականը Պապիկյանի համար առոչինչ է

Sat, 14 Mar 2026 09:15:49 +0400


1992 թվականն էր։ Որպես լրագրող, աշխատում էի Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում։ Օրաթերթ էինք հրատարակում, նաեւ՝ գործընկերոջս հետ շրջանային ռադիոյով լուրերի թողարկումներ պատրաստում-վարում։ Սահմանագոտում լարված էր, կռիվներ էին։ Այդ ժամանակ սահմանագոտու բնակիչներին 3 ամսով զինվորագրում էին։ Երբ ես էլ զինվորագրվեցի, շրջանային թերթի գլխավոր խմբագիր, լուսահոգի Սամվել Բեգլարյանն ասաց, որ թերթի աշխատողները յուրատեսակ ճակատում են` նրանց զինկոմիսարիատից ազատում են զինծառայությունից։ Ասացի, որ հայրենի՝ Ոսկեվան գյուղի պաշտպանությանը մասնակցել ինքս եմ ցանկանում, եւ 3 ամիս մարտական հերթապահություն արեցի Ոսկեվանի մարտական դիրքերում՝ Գադուկում, Զնգնգանում։ Այդ ընթացքում թեժ մարտեր չեղան, սակայն ռմբակոծություններ լինում էին:

Հիշում եմ, որ ադրբեջանական զինուժը մեր դիրքը ռմբակոծեց, մեր հրանոթը կտոր-կտոր եղավ, բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց։ 3 ամսվա մարտական ծառայության վերջում բոլորին մարտական գործողությունների մասնակցի վկայական, կրծքանշան, փոքրիկ վարձատրություն տվեցին։ Անցած 33 տարում այդ վկայականը ոչ մի անգամ ցույց չեմ տվել, որեւէ արտոնությունից չեմ օգտվել։ 2025թ. դեկտեմբերին բժշկական հետազոտություն պետք է անցնեի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Այդ կենտրոնի առաջին հարկում, պետպատվերի բաժնում աշխատող աղջիկը հերթագրելով՝ ասաց, որ իմ անունն առկա է մարտական գործողությունների մասնակիցների ցանկում, բժշկական հետազոտության օրը ներկայանամ մարտական գործողությունների մասնակցի վկայականով։

Նշանակված օրը վկայականով ներկայացա, սակայն աշխատողը, նայելով վկայականին, հայտնեց, որ այն չի անցնում, պետք է ուրիշ նմուշի վկայական ներկայացնել, դրա համար կառավարության ինչ-որ որոշում կա։ Վճարեցի բժշկական հետազոտության գումարը` 25 հազար դրամը, հետազոտվեցի։ Դրանից հետո 2025թ․ դեկտեմբերի 24-ին տեղեկատվական հարցում ուղարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․ «Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանելու համար 1992 թվականին ստացել եմ «1992-1994թթ․ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան եւ վկայական։ Որոշ բուժծառայություններից անվճար օգտվելու համար դիմել եմ, սակայն բժշկական կենտրոնում հայտնել են, որ դրա համար գոյություն ունի կառավարության 2004 թվականի ինչ-որ որոշում, ես պետք է համապատասխան հաշվառում անցնեմ։ Որտե՞ղ, ի՞նչ կարգով պետք է հաշվառվեմ, որպեսզի կարողանամ օգտվել բուժծառայություններից օգտվելու արտոնությունից»:

2026թ․ հունվարի 14-ին ստացել եմ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ պատասխան, որտեղ նշված է․ «Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրամադրվել միայն ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1664-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 1989-1994 թվականների ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տեւողությամբ մասնակցած անձանց։ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանվել է Մարտական գործողությունների կարգավիճակ ստանալու կարգը, եւ ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ եզրակացություն կայացնող միջգերատեսչական հանձնաժողովը։ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու համար ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին (ի պաշտոնե՝ ՀՀ պաշտպանության նախարարն է) ուղղված դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը․
1) մարտական ուղին՝ հաս­տատված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից (անհրաժեշտության դեպքում՝ նաեւ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած այլ անձանց վկայագրեր)
2) 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող արխիվային հրամանների՝ սահմանված կարգով վավերացված քաղվածքները
3) վիրավորվելու, վնասվածք ստանալու վերաբերյալ արխիվային փաստաթղթերը (առկայության դեպքում)
4) տեղեկանք զինվորական կոմիսարիատից անձնագրի, սոցքարտի եւ զինգրքույկի լուսապատճենները
5) լուսանկարը (2 հատ 3×4 չափի, 1 հատ 9×16 չափի)
6) մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող այլ փաստաթղթեր (օրինակ՝ պար­գեւատրումների, մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորման, վնասվածք ստանալու հետեւանքով բուժման մեջ գտնվելու վերաբերյալ եւ այլն)»:

Ուրեմն՝ 1992-ի սեպ­տեմբերի 19-ին, Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ ինձ տրված մարտական գործողությունների մասնակցի վկայականն առոչի՞նչ է, պետք է 34 տարի առաջվա իմ հրամանատարին գտնեմ, նրանից տեղեկանք վերցնեմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, արխիվից ինչ-որ հրամանների քաղվածքներ հանեմ։ Ինձ դա պետք չէ, թող պարտադիր զինծառայություն չանցած, արցախյան ազատամարտին չմասնակցած Նիկոլ Փաշինյանը շարունակի համարվել գերագույն գլխավոր հրամանատար, մասնագիտությամբ պատմության դասատու Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար, զինվորական կրթություն չունեցող նրա 3 տեղակալներն էլ ղեկավարեն ռազմական գերատեսչությունը` մեծ պարգեւավճարներ ստանալով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը Mon, 16 Mar 2026 13:00:45 +0400 Սույն թվականի մարտի 15-ի…

9 րոպե ago

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով Mon, 16 Mar 2026 12:55:33 +0400 Երևանի ավագանու…

15 րոպե ago

Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը

Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը Mon, 16 Mar 2026 12:45:47 +0400…

24 րոպե ago

Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան…

31 րոպե ago

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում Mon, 16 Mar 2026 12:30:34 +0400 Իսրայելի պաշտպանության բանակի…

40 րոպե ago

Արարատում 1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ծնողը ձերբակալվել է

Արարատում 1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ծնողը ձերբակալվել է Mon, 16 Mar 2026 12:25:47 +0400…

44 րոպե ago