Ինչպիսին է Հայաստանի «ներդրումային լանդշաֆտը»
Sat, 14 Mar 2026 11:30:23 +0400

Հայաստանը պահպանում է բալանսավորված դիրք թե՛ որպես ներդրող եւ թե՛ որպես ներդրումներ ստացող երկիր՝ կարծում է Եվրասիական զարգացման բանկը։ Բանկի ներկայացրած «Եվրասիական ռեգիոնի ներդրումային դինամիկան՝ արդյունքներ, թրենդներ» օնլայն զեկույցում ասվում է, որ Հայաստանի ելքային ուղղակի արտասահմանյան ներդրումները կազմել են 1,4 միլիարդ դոլար, որը 23 թվականի համեմատությամբ ավելացել է 15 տոկոսով։ Մուտքային ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմում է 4,9 միլիարդ դոլար, աճը՝ 25 տոկոս։ Ներդրումների մեջ գերակշռում են ռուսական ներդրումները՝ 86 տոկոս։ Սակայն վերջին 1,5 տարվա ներդրումային աճի 2/3-ն ապահովել են վրացական ներդրումները, որոնք կատարվել են ֆինանսական ոլորտում։
2016-25 թթ․ Հայաստանի ներդրումներն այլ երկրներում ավելացել են 10 անգամ՝ կազմելով 138,6 միլիոն դոլարից մինչեւ 1,38 միլիարդ դոլար։ Առանցքային նշանակություն են ունեցել 23 թվականին կնքված խոշոր գործարքները, որոնց շարքում են Balchug Capital-ի կողմից «Մետրոպոլիս» առեւտրի կենտրոնի եւ Pulkovo Sky մոսկովյան համալիրի ձեռքբերումը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 750 միլիոն դոլարը։ Անցյալ տարվա առաջին կեսից Հայաստանը 11 ներդրումային ծրագիր է իրականացնում եվրասիական ռեգիոնում, որոնց ավելի քան կեսը՝ 760 միլիոն դոլարը, առեւտրի ոլորտում։ Նոր ուղղություններից Revery Group ընկերության կողմից Ղազախստանում Burger King-ի ձեռքբերումն է, որի մոտավոր արժեքը 110 միլիոն դոլար է, ինչպես նաեւ՝ Վրաստանում «Գրանդ Հոլդինգի»՝ ծխախոտի արտադրությունում ունեցած մասնաբաժնի ավելացումը՝ 2016 -ին 6 միլիոն դոլարից մինչեւ 2025-ին՝ 147 միլիոն դոլար։ Հայաստանը նաեւ եվրասիական ռեգիոնում համարվում է կապիտալի ներգրավող երկիր։ Ռեգիոնի կապիտալ ներգրավումների 10,2 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին, որը կազմում է 4,9 միլիարդ դոլար։ 86 տոկոսը ռուսական կապիտալն է։ Վրաստանը դարձել է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկն այն բանից հետո, երբ 24 թվականին Bank of Georgia-ն ձեռք բերեց Ameriabank-ը։ Վրացական ներդրումները Հայաստանում կազմում են 674 միլիոն դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր