«Հրապարակ»․ Իրանական պատերազմն ի չիք դարձրեց Փաշինյանի բոլոր հույսերը
Sat, 14 Mar 2026 11:45:21 +0400

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հերթական անգամ թիրախավորեց հայ եկեղեցին։ Հայ հոգեւորականներին նա պիտակավորեց որպես ԽՍՀՄ գործակալներ, որոնք, այսպես կոչված, պատերազմի կուսակցության մասն են կազմում: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է. «Սա ուղղակի խեղդվողի ելույթ էր, որը խեղդվելուց առաջ ձեռքերը փորձում է հնարավոր ամեն տեղ գցել: Մարդ, որը խեղդվում է, սկսում է ձեռքերով անկանոն շարժումներ անել, փորձում է մի բան գտնել, որից կբռնվի: Սա էր ամբողջ իմաստը, ինքն արդեն հասկացել է, որ արդար ընտրությունների միջոցով վերընտրվելու հնարավորություն չունի, եւ փորձում է Արեւմուտքից՝ Եվրոպայից, օգնություն ստանալ: Թե Եվրոպան ինչպես կարող է իրեն օգնել, ես չեմ հասկանում, Եվրոպան Հայաստանում այդքան լծակներ չունի, որ իրեն օգնի: Իմաստը հետեւյալն էր․ ասում էր՝ Արցախից ես հրաժարվել եմ: Արցախից հրաժարվելը նշանակում է Ռուսաստանը դուրս մղել տարածաշրջանից եւ Հայաստանից, գլխավոր միտքը տարածաշրջանից դուրս մղելն է, որ ԹՐԻՓՓ-ը, այնուամենայնիվ, չի մեռել, պետք է, կարելի է փորձել օգտագործել, ես էլ՝ ձեզ օգնական այդ գործում: Իսկ Իրանի պատերազմով, եթե Իրանը չպարտվի, ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր նշանակությունը: Եթե Իրանը պարտվի, նույնպես կորցնում է իր նշանակությունը․ երկու դեպքում էլ կորցնում է: Պարտվելու դեպքում արդեն Իրանը կինտեգրվի Արեւմուտքին, եւ Իրանի չպարտվելու դեպքում արդեն Իրանը թույլ չի տա, որ ԹՐԻՓՓ գոյություն ունենա»:
Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա Փաշինյանն ամբողջ աշխարհում շատ է վարկաբեկվել Եկեղեցու հարցում, ինքը դա փորձում է արդարացնել՝ ասելով, թե Եկեղեցի՝ նշանակում է լրտեսներ, Ռուսաստանի ենթակա կառույցներ, ինքն ի՞նչ վատ բան է արել՝ Եկեղեցու դեմ է պայքարել, Արեւմուտքի ուզածն է արել: «Արցախից հրաժարվում է, ԹՐԻՓՓ-ը փորձենք վերակենդանացնել, եկեղեցում ռուսական գործակալներ են, խնդրում եմ` եկեք, ինձ օգնեք, որ ես վերարտադրվեմ։ Սա էր Փաշինյանի ամբողջ ելույթի իմաստը»,- ասաց քաղաքագետը: Եվրոպացիները կկարողանա՞ն օգնել Փաշինյանին: Դանիելյանը հիշեց Քիսինջերի հայտնի խոսքը․ ««Եվրոպայի հեռախոսի համարն ո՞վ կարող է տալ, որ զանգենք՝ իրենց կարծիքն իմանանք»: Եվրամիությունը բազմաթիվ երկրներից բաղկացած կառույց է, որոնց մեջ հակասությունները խորացել են: Նույնիսկ Ուկրաինային օգնություն չեն կարողանում տրամադրել՝ Հունգարիայի, Սլովակիայի դիրքորոշման պատճառով: Տարբեր երկրներում ընտրություններ են լինելու` տեղական եւ այլն, եվրոպական կառույցի ապագան հարցականի տակ է: Ինչպես Մակրոնն էր ասում, եթե այսպես շարունակվի, հինգ տարի հետո կարող է Եվրոպա չլինել, դա Մակրոնն է ասում՝ ես չեմ ասում: Հիմա այդ Եվրոպան, որ տնտեսական ճգնաժամի մեջ է, էներգակիրների խնդիր ունի, իրար մեջ բազմաթիվ հակասություններ ունեն, Հայաստանն արդեն տասներորդ պլան է անցել, Եվրոպան ինչպե՞ս պետք է օգնի Նիկոլ Փաշինյանին՝ վերարտադրվելու առումով։ Ոչ մի բանով»:
Հարցին, թե արդյոք Փաշինյանը՝ ինքն էլ, գիտակցելով այդ բոլոր հնարավոր զարգացումները, կանցնի՞ նույն հոգեւորականների դեմ չափազանց կոշտ, բռնի միջոցների, Դանիելյանը կարծիք է հայտնում, որ հոգեւորականության դեմ Փաշինյանն այլեւս ոչ մի քայլ չի կարող անել․ «Ինքն այդ դաշտում արդեն պարտվել է։ Նա ընդամենը փորձում է արդարանալ, իսկ այն տեսակետը, որ ինքը կարող է ընտրությունները կեղծել, մարդիկ չեն հասկանում, որ ընտրությունները կեղծելը չափազանց դժվար գործ է: Պետք է ունենալ թիմ, ինչ-որ գաղափարների հավատացող մարդիկ, թե հանուն ինչի են կեղծվում ընտրությունները, ընտրությունների կեղծման մենեջերներ են պետք, տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունն է պետք, ինքն այդ ամեն ինչը շուտով փուլ առ փուլ կորցնելու է, որովհետեւ քաղաքական ապագա չունի: Իր սարքած միակ գաղափարախոսությունը, որ Հայաստանը տանում է խաղաղության, խաղաղության խաչմերուկ է լինելու, Արեւմուտքը գալու է` մեզ փրկելու է, այդ ամեն ինչը փլուզվում է իրանական պատերազմով»։
Հարցին, թե, ի վերջո, Փաշինյանը Եկեղեցուն դիտարկում էր որպես նախընտրական վտա՞նգ, Դանիելյանն արձագանքեց, որ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Եկեղեցու դեմ սկսած պայքարի հետեւանքով Եկեղեցու դիրքերը միայն ուժեղացել են, հանրային վստահությունը մեծացել է, իսկ գործող վարչապետի մոտ հակառակ արդյունքներն են գրանցվել: Եվրախորհրդարանում Փաշինյանը մեկ այլ, շատերի բնորոշմամբ՝ անընդունելի ու հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել՝ նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագիր չի լինելու: «Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ որոշի՝ Սահմանադրությունն ինչպիսին է լինելու, ինքը ոչ մի բան է, Սահմանադրության հարցը դրվում է հանրաքվեի, քաղաքացիներն են որոշելու: Ո՞վ է Փաշինյանը, որ ասի, թե Սահմանադրության մեջ ինչ է լինելու, ինչ չի լինելու: Նա, որպես վարչապետ, կարող է առաջարկել սահմանադրության որեւէ տարբերակ եւ երբ ասում է, որ նոր Սահմանադրության մեջ այս հոդվածը չի լինելու, իր հերթական քրեական գործի հոդվածն է, որ ինքն իր վրա նման պատասխանատվություն է վերցրել, թե այս սահմանադրության մեջ ինչ է գրվելու»,- նկատում է քաղաքագետը:
Իսկ հայտարարության պատճառն այն է, որ ընտրություններից առաջ Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանի աջակցությունը ստանալ եւ միայն դրա համար է հայտարարություն արել: Արցախցիներին փախստական հայտարարելն էլ է նույն նպատակը հետապնդում՝ վստահ է քաղաքագետը․ «Ուզում է նույն Ադրբեջանի դուրը գալ, որպեսզի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի աջակցությունը ստանա․ ընդամենը դա է նշանակում»: Արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն ընտրություններից առաջ մնացել է առանց երաշխավորների եւ հերթական առուծախի առարկան է առաջարկում ադրբեջանցիներին ու եվրոպացիներին։ Դանիելյանը նկատեց, որ Փաշինյանն ադրբեջանցիներին պետք է, իսկ եվրոպացիներին` այլեւս ոչ. «Հարց է, թե եվրոպացիներն ինչ խնդիր ունեն այստեղ, աշխարհի այս իրավիճակում: Իսկ Ադրբեջանին ինքը պետք է եւ փորձում է ինչ-որ օգնություն ստանալ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր